ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ

   

1898-ի Օգոստոս 14-ի առավւօտուն Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Գորիսից շուշեցիների ուղարկած կառքով, 200 կտրիչ ձիավորների ուղեկցությամբ, ճամբա ելավ դէպի Շուշի, ուր հասավ հաջորդ առավօտ: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրապարակում շքեղ կամար էր կապված : Տասնյակ հազարավոր հայեր ծափերով ու կեցցէներով ողջունեցին Հայրիկի մուտքը Շուշի:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կանոնական աղոթքից հետո Խրիմյան Հայրիկը իջևանեց բարերարներ Ղուկասյանների տանը։
Այնուհետև, նա այցելեց նաև ռուսական Սուրբ Գևորգ եկեղեցին (որը քանդվել է խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հրամանով 1960-ականներին և տեղում կառուցվել է Մշակույթի տուն) ու պարսիկների Վերին մզկիթը։
Մահմեդականներին ուղղված իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն ասել էր․
– Արարչի առաջ բոլոր կրոնները ծաղկեփնջի նման են։ Երբեմն մի ծաղկից բույր առեք, երբեմն՝ մյուսից։ Դուք, լինելով տարբեր հավատքի եղբայրներ, ապրում եք կողք կողքի, ու հենց դրա համար էլ պիտի ապրեք խաղաղ ու համերաշխ՝ որպես նույն երկրի զավակներ։
Շուշին տոնական տեսք էր ստացել։ Ամենուր մարդիկ ուրախանում էին՝ կազմակերպելով հրավառություններ, ձիարշավներ ու նվագախմբային ելույթներ։
Շուշիում երկու օր հանգստանալուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն, իր ուղեկիցների հետ, մեկնեց շրջագայության՝ նախ Ամարասի վանք, ապա՝ Ճարտար, Գիշի, Նորշեն ու Խրամորթ գյուղեր։ Խաչենի գավառով անցնելով, հասավ Գանձասարի վանք։ Վերադարձի ճանապարհին նա այցելեց Առաջաձոր, Սեյդիշեն, Քարաղբյուր , Խնածախ և Վարարակն (այժմ՝ Ստեփանակերտ) գյուղերը՝ ամենուր արժանանալով ջերմ ու սիրալիր ընդունելության։
Շուշի վերադառնալուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի պատվին կազմակերպվեցին հանդիսավոր ընդունելություններ։ Նա այցելեց Շուշի քաղաքի բոլոր 15 եկեղեցիները, քարոզեց ու հարաբերություն հաստատեց բնիկ հայերի հետ։
Հերհեր գյուղի քահանա Տեր Եղիշե Տեր-Մանուելյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին նվիրեց արաբական ծագման մի գեղեցիկ նժույգ։
Շուշիից հրաժեշտ տալով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն ուղևորվեց դեպի Բերդաձոր։ Գյուղացիները նրան դիմավորեցին եկեղեցական թափորով և ավանդական աղ ու հացով։ Թափորի առջևից քայլում էին երկու եզ՝ որոնց եղջյուրներին վառվող մոմեր էին ամրացված, իսկ երկու գյուղացիներ՝ գլխներին ցորեն լցրած, մոտեցան Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին։
Մազերն ալեհեր մի ծերունի՝ արտասվախառն աչքերով, մոտեցավ ու ասաց․
– Սիրելի Հայրիկ, ոտքդ դրիր մեր հողի վրա, թող Աստծո սիրտը մեղմանա մեզ վրա։ Օրհնիր այս ցորենը, օրհնիր այս մատաղացուն, որոնք բերել ենք ի նշան այս օրվա:
Հայրիկն էլ հուզվեց, օրհնեց և շարունակեց իր ճանապարհը։
Անցնելով Զաբուղը և Տեղը՝ Հայրիկը հասավ Գորիս։ Սեպտեմբերի 3-ին նա մեկնեց Տաթև, այնուհետև՝ Լոր, Գետաթաղ, Դարբաս, Ուզ (Վոյց), Բռնակոթ, Մազրա (Մուցք), Սիսիանի լեռնանցքով անցնելով մտավ Բիչանակ (Բջնակ) և հասավ մինչև Նախիջևան քաղաք։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»