Փաստեր և դիտարկումներ Արձախի տնտեսական իրականության մասին․
Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ հնչում են ուռճեցված գնահատականներ, թե Արձախը գոյատևել է բացառապես Հայաստանի Հանրապետության աջակցության հաշվին։ Այս մոտեցումը, սակայն, չի արտացոլում իրական պատկերը իր ամբողջության մեջ և պահանջում է փաստերի վրա հիմնված վերանայում։
Սույն համառոտ ակնարկը կազմվել է Ս․ Ա․ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրություն» (Երևան, 1994թ․) դասագրքի և վիճակագրական տվյալների հիման վրա՝ նպատակ ունենալով ներկայացնել Արձախի ժողովրդագրական և տնտեսական իրականությունը գիտահանրամատչելի ձևով։
Ժողովրդագրական պատկերը
1921 թվականի տվյալներով Արձախում բնակվել է շուրջ 131 500 մարդ, որոնց մոտ 94%-ը եղել են հայեր։ Հետագա տասնամյակներում այս հարաբերակցությունը էական փոփոխության չի ենթարկվել։
Բնակչության թվաքանակի դինամիկան եղել է հետևյալը․
- 1939 թ․՝ 150 800
- 1959 թ․՝ 130 400 (նվազումը պայմանավորված էր այն ժամանակվա քաղաքական միջավայրով)
- 1975 թ․՝ 155 000
- 1989 թ․՝ 189 000
- 1992 թ․՝ շուրջ 220 000 որոնցից մոտ 98%-ը հայեր էին
Այս տվյալները վկայում են ոչ միայն բնակչության աճի, այլև Արձախի սոցիալ-տնտեսական կենսունակության մասին։
Արդյունաբերական ներուժ
Արձախը դեռևս խորհրդային տարիներին ունեցել է ձևավորված և բազմաճյուղ արդյունաբերություն։
1920-ականներից գործել են շուրջ 40 մետաքսագործական ֆաբրիկաներ, որոնց հիման վրա ստեղծվել է «Ղարմետաքսկոմբինատը»․ միայն 1987 թվականին այն արտադրել է մոտ 15 միլիոն գծամետր մետաքսյա գործվածք։
Թեթև արդյունաբերության ոլորտում տարեկան արտադրվել է նաև՝
- շուրջ 700 հազար քմ բամբակյա գործվածք
- մոտ 300 հազար զույգ գուլպա
- կարի արտադրանք՝ միջինը 10 մլն ռուբլու
Կոշիկի արտադրության աճը հատկապես ուշագրավ է․ 1971 թ․՝ 72 հազար զույգ, 1987 թ․՝ արդեն 4,5 միլիոն զույգ։
Զուգահեռաբար զարգացել են էլեկտրատեխնիկական արտադրությունը, ինչպես նաև ավանդական արհեստները՝ գորգագործություն, դարբնություն և այլ ճյուղեր։
Էներգետիկա և ռեսուրսներ
Արձախում գործել են մի քանի հիդրոէլեկտրակայաններ, որոնցից առավել նշանակալիցը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն էր, ապահովելով տարածաշրջանի էներգետիկ կայունության կարևոր մասը հատկապես 1988-1994թթ ադրբեջանական զավթիչների դեմ մղված ազգային ազատագրական պատերազմի ժամանակ։
Մեհմանան հայտնի է եղել նաև բազմամետաղային հանքավայրով, ինչը լրացուցիչ տնտեսական պոտենցիալ էր ստեղծում։
Սննդարդյունաբերություն և վերամշակում
1980-ականներին Արձախում ձևավորված էր նաև զարգացած սննդարդյունաբերություն․
- գինի՝ 118 հազար դեկալիտր
- կոնյակ՝ 57,5 հազար դեկալիտր
- գարեջուր՝ 170 հազար դեկալիտր
Տարեկան արտադրվել է՝
- 6500 տոննա կաթնամթերք
- 900 տոննա կենդանական յուղ
- 900 տոննա պանիր
Ստեփանակերտի մսի կոմբինատը միայն 1988 թվականին տվել է մոտ 4000 տոննա արտադրանք։
Շինարարություն և արտադրական ենթակառուցվածքներ
Արձախում զարգացած է եղել նաև շինանյութերի արտադրությունը․
- մարմար՝ 8 հազար քմ
- երեսապատման սալեր՝ 120 հազար քմ
- աղյուս՝ 1,3 մլն հատ տարեկան
- երկաթբետոնե կոնստրուկցիաներ՝ մինչև 15 հազար խմ
Արտադրանքի զգալի մասը արտահանվել է Հայաստանի Հանրապետություն, ինչը խոսում է տնտեսական փոխկապակցվածության մասին, այլ ոչ միակողմանի կախվածության։
Գյուղատնտեսություն
Հողային ֆոնդը կազմել է շուրջ 500 հազար հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը՝ մոտ 239,9 հազար հա։
Ցանքատարածությունների 36–38%-ը զբաղեցրել են հացահատիկային մշակաբույսերը, որոնցից 60%-ը՝ աշնանացան ցորեն։ Բերքատվությունը հասել է 25–30 ցենտների մեկ հեկտարից, իսկ տարեկան համախառն բերքը՝ մոտ 100 հազար տոննա։
Զարգացած են եղել նաև խաղողագործությունը, ծխախոտագործությունը և թթենու այգիները։
Տնտեսագիտական դիտարկում
Վերոնշյալ տվյալների համադրությունը թույլ է տալիս ձևակերպել մի քանի կարևոր եզրակացություններ։
Առաջին՝ Արձախը եղել է արտադրող տնտեսություն ունեցող տարածաշրջան՝ ձևավորված արդյունաբերական և գյուղատնտեսական հիմքով։ Այսինքն՝ այն ունեցել է ներքին տնտեսական կյանք և ստեղծել է նյութական արժեքներ։
Երկրորդ՝ ինչպես ցանկացած փոքր տարածք, Արձախըն գործել է ավելի լայն տնտեսական համակարգի շրջանակում և օգտվել է արտաքին ֆինանսական հոսքերից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային աջակցությունից։ Սա բնական և տարածված պրակտիկա է։
Երրորդ՝ ֆինանսական հոսքերի արդյունավետության և կառա-վարման հարցերը միշտ պահանջում են առանձին, մասնագիտական գնահատում։ Տարբեր ժամանակահատված-ներում բարձրացված հարցերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հատկացումների ծավալը, այլև դրանց օգտագործման որակը, թափանցիկությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։
Եզրահանգում
Արձախի տնտեսական պատկերը չի կարող սահմանափակվել «միակողմանի օգնություն ստացող տարածաշրջանի» պարզեցված ձևակերպմամբ։ Այն եղել է ձևավորված տնտեսություն ունեցող միավոր, որը միաժամանակ ներգրավված է եղել ավելի լայն ֆինանսատնտեսական համակարգում։
Հետևաբար, խնդրի խորքային ընկալումը պահանջում է ոչ թե հուզական կամ կտրուկ գնահատականներ, այլ՝ փաստերի համադրություն և հավասարակշռված վերլուծություն, որտեղ տեսանելի են թե՛ ստեղծված արժեքները, թե՛ կառավարման մարտահրավերները։
Վերոնշյալ փաստերի համադրությունը թույլ է տալիս բարձրացնել նաև ավելի խորքային հարց․ արդյո՞ք Արձախը կարող էր ձևավորվել որպես լիարժեք ինքնաբավ տնտեսություն։
Տվյալները ցույց են տալիս, որ Արձախը ունեցել է ինքնաբավության կարևոր նախադրյալներ՝ զարգացած գյուղատնտեսություն, բազմաճյուղ արդյունաբերություն, էներգետիկ ռեսուրսներ և աշխատուժի կայուն ներուժ։ Այսինքն՝ տեսականորեն առկա էին այն հիմքերը, որոնք կարող էին ապահովել հարաբերական տնտեսական ինքնուրույնություն։
Սակայն տնտեսագիտության տեսանկյունից անհրաժեշտ է տարբերակել «ինքնաբավության ներուժը» և «իրականացված ինքնաբավությունը»։ Փոքր տարածքների և սահմանափակ շուկաների պարագայում նույնիսկ զարգացած արտադրական բազան հաճախ չի բավարարում լիարժեք ինքնաբավության համար՝ առանց արտաքին կապերի և ֆինանսական հոսքերի։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետության բյուջետային աջակցությունը կարող է դիտարկվել ոչ միայն որպես օգնություն, այլ նաև որպես միասնական տնտեսական համակարգի ներսում իրականացվող վերաբաշխում։
Միևնույն ժամանակ, վերլուծական տեսանկյունից ուշադրության արժանի է մեկ այլ հանգամանք ևս։ Տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ապահովման համար տնտեսական գործոնը միշտ կարևոր դեր է խաղում։ Մասնավորապես, սահմանամերձ և ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում խոշոր ներդրումային ծրագրերը, ենթակառուցվածքների զարգացումը և տնտեսական ակտիվության բարձրացումը կարող են հանդես գալ նաև որպես անվտանգության լրացուցիչ գործոն։
Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ առկա ներուժի ամբողջական իրացման տեսանկյունից չօգտագործված հնարավորություններ են մնացել։ Հատկապես այն տարածքներում, որոնք գտնվում էին անվտանգության տեսանկյունից կարևոր գոտիներում, լայնածավալ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող էր ոչ միայն խթանել զարգացման տեմպերը, այլև նպաստել տարածաշրջանի կայունության ամրապնդմանը։

Комментарии
Отправить комментарий