ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 1813-1917ԹԹ.

 

 




19-
րդ դարի սկզբին այսրկովկասյան և, մասնավորապես, հայ ժողովրդի կյանքում տեղ գտած իրադարձությունները իրենց հերթին զգալի փոփոխություններ գրանցեցին նաև ժողովրդագրական գործընթացներում: Այս ամենից անմասն չմնաց նաև բնիկ հայերի օրրան Արձախը, որը
1813թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով անջատվեց Պարսկական պետությունից և բռնակցվեց Ռուսական կայսրությանը: Պարսկաստանից զավթած հայկական տարածքներում ցարիզմը սկսեց իր վարչաքաղաքական ու տնտեսական կյանքին ռուս գաղութարարների շահերից բխող  փոփոխություններ իրականացնել: Այդ նպատակով նա սկսեց տեղեկություններ հավաքագրել իրեն ենթակա տարածքների վերաբերյալ՝ համապատասխան կամերալ ցուցակագրում­ներ, հաշվառումներ կատարելու միջոցով:
1822թ. Արձախ (Ղարաբաղի-օտար թարգմանություններում-Ա.Հ.) խանությունը վերակազմավորվեց Արձախի նահանգի: 1823թ. ցարական կառավարությունը Մոգիլևսկու և Երմոլովի ղեկավարությամբ Արձախում բնակչության հաշվառում անցկացրեց, որի արդյունքներն ամփոփվեցին «Արձախի պրովինցիայի նկարագրության» մեջ: Այն ներկայացնում էր վիճակագրական տվյալներ բնակչության էթնիկկրոնական կազմի մասին, համաձայն որոնց Շուշի քաղաքում ապրում էր 8290 մարդ, ընդ որում հայերը կազմում էին 41% (3350 մարդ), թաթարները՝ 56% (4670), քրդերը՝ 3% (270)[1]: Թաթարների մեծ թվական տվյալներն առիթ են հանդիսացել ադրբեջանական գաղութարարների քարոզիչների համար հերթական անգամ կասկածի տակ դնելու անցյալ ժամանակներում և հետագայում, մասնավորապես, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշի քաղաքի հայկական քաղաք լինելու հանգամանքը: Հարկ է նշել, որ 19-րդ դարի սկզբի պատկերը հետևանք էր դեռևս նախորդ դարի իրադարձությունների: Փանահի ժամանակներից սկսվել էր այլացեղ և այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն Արձախ, մասնավորապես Շուշի: Այդ կերպ պարսիկ խաներն իրենց համար հենարան էին ստեղծում: Մահմեդական ազգաբնակչության ներգաղթեցումը Շուշի շարունակվեց նաև Իբրահիմ խանի օրոք: Միաժամանակ սկիզբ էր առել հայության մեծ արտագաղթ Արձախից, որը մեծ չափերի էր հասել, հատկապես Խամսայի իշխանությունների կործանումից հետո: Ինչպես Լեոն է նշում. Իշխանների «անհաջողություններն ու պարտությունները, միացած սովի և ժանտախտի հետ, քանդել և ավերել էին Արձախի մեծագույն մասը, փախցնելով հայ ժողովրդի խոշոր հատվածները զանազան ուղղություններով»[2]Հօգուտ մահմեդակաների 1820-ական թթ. Շուշի քաղաքի էթնիկ պատկերն փոխվեց 1823թ. Մեհտի Ղուլի խանի քաղաքում հաստատվելով: Վերջինս իր հետ տեղափոխեց նաև 3000 մահմեդական ընտանիքներ, որոք գլխավորապես հաստատվեցին Շուշի քաղաքում: Ըստ 1832-1833թթ. իրականացված բնակչության հաշվառման, որը փաստորեն, դարձավ Արձախում անցկացված բնակչության առաջին մարդահամարը, Շուշի քաղաքում ավելացել էր հայերի տեսակարար կշիռը, կազմելով 52,8%, մահմեդականերինը նվազել՝ հասնելով 47,1%-ի: Ընդհանուր հաշվով քաղաքում ապրում էր 7304 մարդ[3]: Այն համարվում էր Այսրկովկասի խոշորագույն քաղաքներից մեկը, իսկ բնակչության թվով 5-րդը՝ Թիֆլիսից, Նուխիից, Երևանից ու     Շամախուց հետո[4]: Շուշի քաղաքի հայ բնակչության աճը պայմանավորված էր համեմատաբար խաղաղ զարգացման պայմանների ստեղծմամբ, որի հետևանքով էլ այն վերածվեց առաջավոր տնտեսական, մշակութային կենտրոնի: Արհեստների ու առևտրի զարգացումը մեծ թափ ստացավ, Շուշին դարձավ ապրանքաշրջանառության տարանցիկ կենտրոն: Պատահական չէ ժամանակաշրջանի գերմանական թերթը այն բնութագրել որպես «Կովկասյան Ջիբրալթար»: Աստիճանաբար ձևավորվեց առևտրական կապիտալը: Այս զարգացումների կրողը հայությունն էր:


Հաջորդ տասնամյակի թվական տեղեկությունները Շուշի քաղաքի բնակչության վերաբերյալ հայտնի են դառնում եկեղեցական ծխական մատյաններից:
1841թ. Շուշի քաղաքում ապրում էր 5453 հայ: 1854թ. դրությամբ քաղաքն ուներ 15194 բնակիչ, որի 51,1%-ը հայեր էին, 48,6%՝ մահմեդականեր, 0,3%՝ ռուսներ[5]: Գերազանցելով Երևանին՝ բնակչության թվով տարածաշրջանում այն 4-րդն էր: 1860թ. Շուշի քաղաքի բնակչությունը հասավ 17484 մարդու, որի 54,53%-ը հայեր էին, 45,47%-ը՝ մահմեդականեր, որոնք բնակվում էին համապատասխանաբար հայկական և մահմեդականական թաղամասերում: Անհավանական է այլ ազգությունների բացակայությունը, որը պայմանավորված է նրանց վերաբերյալ տվյալները մահմեդական  ընտանիքների կազմում ընդգրկելու հնարավոր հանգամանքով[6]: 1873թ. Շուշի քաղաքում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը հասնում էր 24552 մարդու, որից 13504 հայ (55%), 10804 մահմեդական (44%), 244՝ ռուս (1%): Ընդհանուր Շուշի քաղաքի գավառում բնակչությունը հասել էր 80913-ի, որից 43502-ը հայեր էին, 37351-ը՝ թաթարներ[7]:
1886թ. քաղաքի ընտանեկան ցուցակների տվյալների հաշվառման արդյունքներով՝ այստեղ ապրում էր 26806 մարդ, որի 56,7%-ը՝ հայեր էին, 43,2%-ը՝ մահմեդական-թաթարներ, 0,07%-ը՝ ռուս, 2 հրեա: Բնակչության թվաքանակով Շուշին արդեն երրորդն էր՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո[8]: Ընդհանուր Արձախի բնակչության 84,8%-ը հայեր էին[9]: 1891թ. ժամանակի մամուլի տեղեկություններով Շուշի քաղաքում հայերի տեսակարար կշիռը կազմում էր 60%[10]:
1897թ. Համառուսական առաջին մարդահամարի արդյունքներով, Շուշի քաղաքում և գավառում, հայերը մեծամասնություն էին կազմում: Այսպես, Շուշի քաղաքի 25881 բնակչից հայ ազգաբնակչությունը կազմում էր 55,7%-ը, մահմեդակաները՝ 41,6%, 1,5%-ը ռուսներ էին[11]: Ապրում էին նաև լեհեր, մոլդովացիներ, վրացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք փոքր տոկոս էին կազմում ընդհանուր բնակչության մեջ: Գրեթե նույն տեսակարար կշիռն ունեին հայերը նաև Շուշի քաղաքի գավառում՝ 53,2%[12]: Բնակչության նվազումը պայմանավորված էր որոշակի գործոններով. 19-րդ դարի վերջին Շուշին աստիճանաբար կորցնում էր զարգացած տնտեսական և առևտրական կենտրոնի դերը, նավթարդյունաբերության զարգացման շնորհիվ Բաքուն դառնում է զարգացող արդյունաբերական կենտրոն,
դեպի իրեն ձգելով բնակչության հոծ զանգվածների: Շուշի քաղաքից տեղի էր ունենում ոչ միայն բնակչության, այլ նաև կապիտալի մեծ արտահոսք:
1904թ. դրությամբ էթնիկ պատկերը հետևյալն էր՝ 54,2% հայեր, 43,8% մահմեդականեր, 1,8% ռուսներ, 0,2% այլազգիներ հարաբերակցությամբ: 1906թ. հայերի թիվը պակասեց 5184-ով հասնելով 12798-ի[13]: Այս հանգամանքը գլխավորապես հետևանք էր հայ-թաթարական ընդհարումների, որի զոհ դարձան հարյուրավոր հայեր:
1914թ. տվյալներով Շուշին ունեցել է ընդամենը 42568 շունչ, որից հայեր՝ 22416 (52,3%), մահմեդականեր՝ 18865, ռուսներ՝ 1188, այլազգիներ՝ 99[14]: 1916թ. դրությամբ Շուշի քաղաքի բնակչության 53,33%-ը կազմում էին հայերը[15]: Հետագա տարիներին հայ բնակչությունը մեծ կորուստներ ունեցավ՝ մահմեդական զավթիչների  բռնությունների հետևանքով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նշված ժամանակաշրջանում տեղի ունեցող բնակչության տեղաշարժերը, մասնավորապես էթնիկ բնույթի, պայմանավորված էին ժամանակաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով և զարգացումներով: Քննարկվող ժամանակաշրջանում Արձախի բնիկ հայությունը ուժերի գերլարումով պահպանում էր Շուշի քաղաքի հայկական դիմագիծը:

Աշոտ Հարությունյան, « «Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն»  Հ/Կ-ի նախագահ, պատմաբան



[1] Описание Карабахской провинции, составленное в 1823г. Действительном статским советником Могилевским и полковником Ермоловым II, Тифлис, 1866.

[2] Լեո, Երկերի ժողովածու, 10հատորով, հ. 4, Ժամանակակից պատմություն (XIXդ. առաջին կես), Երևան 1984, էջ 28:

[3] ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 51-52:

[4] Саркисян Г., Население Нагорного Карабаха за 100 лет (этнодемографическое исследование), стр. 65, http://www.armeniaculture.am/images/menus/1324/Hamlet_Sargsyan.pdf.

[5] Բալայան Վ., Շուշի. Տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, Երևան 2017, էջ 340:

[6] Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 341:

[7] Статистические таблицы о народонаселении Кавказского края, сборник сведений о Кавказе, Т. VII, Тифлис, 1880, стр. XIII-XXV.

[8] Ժողովուրդների տերիտորիական բաժանումները Անդրկովկասում,      «Գործ», հմ.    11-12, նոյեմբեր-

դեկտեմբեր, Բաքու, 1917, էջ 244:

[9] Саркисян Г., նշվ. աշխ., էջ 69:

[10] Անդրկովկասի քաղաքների հայ ազգաբնակչությունը, «Արձագանք», N2, մարտ, Թիֆլիս, 1891, էջ 18:

[11] Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 342:

[12] Ասոյան Լ., Հայերի տեղաբաշխումը և աճը Անդրկովկասում ըստ 1897թ. մարդահամարի տվյալների, էջ 101, http://lraber.asj-oa.am/37/1/10__Asojan_L._A._.pdf.

[13] Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 345:

[14] Կիսիբեկյան Ա., Հուշեր, Հ.1, Երևան 2011, էջ 291:

[15]

Ալեքսանյան Հ., Շուշիի և Արձախի հայ ազգաբնակչությունը 1916- 1926թթ., Երևան 2007, էջ 116:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»