ՓԻՐՈՒՄԱՇԵՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

 


ՓԻՐՈՒՄԱՇԵՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
  Արձախի Հանրապետության Ասկերանի շրջանի հյուսիսարևմտյան լեռնալանջերից մեկի վրա, Սարուշեն գյուղից շուրջ երկու կիլոմետր հեռավորությամբ, պահպանվել է մի ուշագրավ հնավայր՝  Փիրումաշեն անունով։ Թեպետ այս անվանումը չունի դարերից եկող հստակ փաստագրական շարունակություն՝ ադրբեջանական գաղութարարների ռասիստական հետևողական ջանքերի պատճառով, այնուամենայնիվ, ժողովրդական հիշողությունը պահպանել է և փոխանցել տեղանվան ու նրա սրբավայրի՝ եկեղեցու, ժառանգությունը։
  Ավանդազրույցների համաձայն հին Փիրումաշենը եղել է ծաղկուն բնակավայր, որն ավերակների է վերածվել մահմեդականներին յուրահատուկ  վայրենի վարքի արդյունքում։ Ավանդազրույցները,  հեքիաթաբանության  արտահայտություն չեն, այլ՝ լույս սփռող ու հետազոտող պատմաբանի համար արժեքավոր աղբյուր՝ սրբավայրի իրական ու ազգապահպան կաղապարների ու իրողությունների բացահայտման գործում։
 Ըստ հիշյալ ավանդության՝ Սարուշեն, Սարգսաշեն և Փիրումաշեն գյուղերը վերաշինվել են 13-րդ դարի վերջերին՝ Ղարադաղի  գաղթից հետ վերադարձած երեք հայ եղբայրների կողմից։ Նրանցից մեկը՝ Սարուն (ըստ ամենայնի՝ պարսկերեն «սարի»՝ «դեղին» բառարմատով), անունն է թողել Սարուշեն բնակավայրին, մինչդեռ մյուս երկուսը՝ Սարգիսն ու Փերին՝ համապատասխանաբար Սարգսաշեն և Փիրումաշեն բնակավայրերին։ Այս անձնանունային տեղանվանումների կառուցվածքը բնորոշ է ուշ միջնադարյան հայ ժողովրդագրական պատկերին։
 Եկեղեցին վերակառուցվել է 1554 թ․։ 
  Խորհրդային Ադրբեջանի ռասիստական վարչակարգի ընթացքում Փիրումաշենի պատմական հողը, ինչպես և Արձախի բազում այլ սրբավայրեր, դարձան աշխարհիկ և արտադրական նպատակների ծառայող տարածք։ Գյուղատեղին վերածվեց կաթի ֆերմայի, իսկ եկեղեցին՝ պահեստի։ Վերջին հանգամանքը հայի քրիստոնեական արժանապատվությունը ոտնահարող հետևողական քաղաքականության ակնհայտ փաստ է: Արևմտյան ճակատին կից ավելացվել է արտադրամասային կիսածածկ մի շինություն, որի գերանները ուղղակիորեն խարսխվել են եկեղեցու որմերում արհեստականորեն բացված անցքերի մեջ։ Վերանորոգման գործերը կատարվել են գռեհիկ ու վայրենաբարո ռասիստներին յուրահատուկ եղանակով՝ եկեղեցու պատերը հաստացվել են մոտ 50 սմ շերտով, իսկ տանիքը ծածկվել է ագբոշիֆերով՝ աղճատելով նրա ճարտարապետական դիմագիծը։
  Արձախ-ադրբեջանական պատերազմի տարիներին ֆերմայի համալիրը՝ բացառությամբ եկեղեցու, ծառայում էր որպես անասնագոմ։ Միայն 1990-ականներին ձեռնարկվեցին մաքրման աշխատանքներ՝ եկեղեցու ներքին տարածքից և շրջակայքից հեռացնելով կուտակված աղբն ու հողը։ Բայց մինչ վերականգնողական որևէ ծրագիր կյանքի կկոչվեր, եկեղեցին գտնվում էր փլուզման եզրին։
Հնագիտական դիտարկումները, որոնք իրականացվել են տեղում, եկեղեցու պատերին զետեղված խաչքարերի միջոցով որոշ պատկերացում են տալիս շինության դարաշրջանի և վերակառուցման շերտերի մասին։  Թվով ինը Խաչքարեր, տեղադրված են պատերի մեջ  որպես շինանյութ։ Դրանցից միայն մեկը կրում է թվագրություն՝ Թվին ՌԿԴ (1615 թ․)։ Այս փաստը թույլ է տալիս եզրակացնել, որ եկեղեցու վերնամասը վերաբերում է 17-րդ դարին։

Խաչքարերի արձանագրություններից մի քանիսը (օրինակ՝ «Խաչս սրբաբէզ Խաչիկին», «Խաչս Հումին», «Խաչս էըային») պարզում են ոչ միայն անհատական նվիրատուների կամ հանգուցյալների անունները, այլև ցույց են տալիս արվեստագետի՝ քանդակագործ վարպետի ձեռագրի  նույնացված ոճաբանությունը։ Դրանք աչքի են ընկնում մանրազարդ գծային փորագրման բնորոշ տեխնիկայով։
  Խորանի հյուսիսային խորշում տեղադրված խաչքարերը ենթադրում են   եկեղեցու անմիջական շրջակայքում հնադարյան հանգստարանի գոյություն մասին ՝։ Այս հանգամանքը լրացուցիչ է վկայում, որ Փիրումաշենը ոչ միայն բնակավայր է եղել, այլ նաև հոգևոր և ծիսական կենտրոն։

  Ճարտարապետության տեսանկյունից Փիրումաշենի եկեղեցին պատկանում է միանավ բազիլիկ տիպին։ Ունի երկթեք ծածկ, մեկ զույգ հզոր որմնամույթ՝ 120-130 սմ խորությամբ, ինչպես նաև ավանդատուներ՝ կից խորանին։ Աղոթասրահի թաղածածկ կառուցվածքը հենվում է այս որմնամույթերի վրա, որոնք ներքին հատվածում առաջացնում են խոր որմնակամարներ։ Այս հորինվածքը բնորոշ է Արձախի տարածքի մի շարք այլ հուշարձանների, այդ թվում՝ Մեծ Թաղերի Մար-Խաթունին (1603), Տողի Անապատին, Բաղիրխանի վանքին (Հարավ), Բերքնիի եկեղեցուն, Միրզիկի Քարհանին և Միջիվանքին։
Նմանատիպ դասակարգման դեպքում՝ Փիրումաշենը կարելի է ընդգրկել միանավ բազիլիկների այն ենթատիպում, որն ունի մեկ զույգ որմնամույթ և երկու ավանդատուն։ Այս ենթատիպին պատկանող կառույցները թույլ են տալիս ուսումնասիրել ոչ միայն ծավալատարածական հորինվածքները, այլև՝ մույթերի տեղաբաշխման տարբերակներն ու կամարների կառուցման մեխանիկան։ Փիրումաշենի որմնամույթերի խորությունը և դրանց վրա հենված կամարաշարքը նշանավորում են ճարտարապետական մի փուլ, որի արմատները հասնում են միջնադարյան հայկական կառույցների ստեղծագործական վերելքին։
   Հարկ է ընդգծել, որ մինչ օրս Փիրումաշենի եկեղեցին, լինելով պատմաճարտարապե-տական նշանակալի հուշարձան, շարունակում է մնալ քիչ ուսումնասիրված։ Ադրբեջանական զավթիչներից Արձախը ազատագրելուց հետո , հարկավոր է ձեռնարկել գիտական հիմքով վերլուծություններ՝ համադրելով այն Արձախի 16-17-րդ դարերի մյուս սրբավայրերի հետ՝ զուգահեռներ և տիպաբանական տարբերություններ բացահայտելու նպատակով։ Այդպիսով հնարավոր կլինի լրացնել ուշ միջնադարյան հայ ճարտարապետության ուսումնասիրման բացթողումները և վերաիմաստավորել Արձախի հոգևոր-մշակութային ժառանգությունը:









Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»