ԱՐՁԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՏ ԿԵՏ
Ներածություն
Արձախի շուրջ ձևավորված շուրջ հարյուրամյա հակամարտությունը, որ սկիզբ է առել դեռևս 20-րդ դարասկզբից, ներկայում մնում է ոչ միայն Հարավային Կովկասի (Այսրկովկասի), այլև ողջ եվրասիական անվտանգության համակարգի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը։ Սակայն այս հակամարտությունը միայն տարածքային վեճ չէ։ Այն ունի քաղաքակրթական, իրավաքաղաքական և բարոյահոգեբանական հենք՝ բնիկ հայ ժողովրդի ինքնության և անվտանգության հարցը ներհյուսված է գլոբալ և տարածաշրջանային ռազմաքաղաքական շահերի բախմանը։
1. Պատմական և իրավական հիմքեր
1813 թ․ Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արձախը, ինչպես և Երևանի և Արձախի խանությունները, միացվեցին Ռուսական կայսրությանը։ 1923 թ. Ստալինյան իշխանությունը, Հայկական ԽՍՀ-ի կազմից հանելով Արձախը, ստեղծեց Լեռնային Արձախի (Հայկականը չի ընդգծվել թերուս հայ դիվանագետների մեղքով-Ա.Հ.) Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ)՝ ներառելով այն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ՝ ի հակադրություն ազգերի ինքնորոշման սկզբունքի։ Այս քայլը ի սկզբանե հակասում էր ոչ միայն Վ. Ի. Լենինի հռչակած դաշնային ինքնորոշման սկզբունքներին, այլև ԽՍՀՄ սահմանադրությանը։
1988 թ. Արձախի հայ բնակչությունը դիմեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին՝ ի հռչակումն Ադրբեջանի կազմից դուրս գալու և միանալու Հայաստանի ԽՍՀ-ին։ Այս պահանջին Բաքուն պատասխանեց ցեղասպան գործողություններով Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, ինչն արժանացավ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտմանը։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արձախում անցկացվեց հանրաքվե, և 99.89% կողմ քվեարկեց անկախության օգտին՝ միջազգային իրավունքի ինքնորոշման սկզբունքի հիման վրա (ՄԱԿ Կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ)։
2. Զինված հակամարտությունների փուլերը
Արձախի առաջին պատերազմը (1991–1994 թթ․) ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և անվտանգության գոտու ստեղծմամբ։ 1994 թ․ Բիշքեկյան զինադադարի արձանագրությունը, ստորագրված Հայաստանի, Արձախի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից՝ միջնորդությամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, իրավական ուժով հավասարեցվում է խաղաղության ժամանակավոր համաձայնագրի։
2016 թ․ ապրիլյան պատերազմը, որը հայտնի է «չորսօրյա պատերազմ» անունով, կրկին ապացուցեց, որ Բաքուն մնում է ագրեսիվ դիրքերում և ուժի կիրառման կողմնակից։ Ադրբեջանը, չնայած տեղային հաջողություններին, չկարողացավ ռազմավարական առաջխաղացում գրանցել։ Միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
2020 թ․ սեպտեմբերին սկսվեց Թուրքիայի և Պակիստանի ակտիվ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակումն ընդդեմ Արձախի Հանրապետության, որի ընթացքում կիրառվեցին վարձկաններ (այդ թվում՝ սիրիացի ջիհադիստներ), իսրայելական անօդաչուներ և խոշոր հրետանի։ Արդյունքում զոհվեցին ավելի քան 5000 հայ զինծառայողներ և քաղաքացիականներ, զավթվեցին Շուշին, Հադրութը և այլ բնակավայրեր։
3. Իրավաքաղաքական փաստարկներ ինքնորոշման իրավունքի օգտին
Արձախի ինքնորոշման իրավունքը հիմնված է հետևյալ միջազգային իրավական ակտերի վրա.
ՄԱԿ Կանոնադրության 1-ին հոդված, 2-րդ պարբերություն.
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1960 թ․ 1514 (XV) բանաձև («Ապագաղութացման հռչակագիր»)
Հելսինկիի եզրափակիչ ակտ (1975), որը վավերացնում է, որ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց քաղաքական կարգավիճակի որոշման:
Հարկ է ընդգծել, որ Արձախի հայ բնակչությունը բնիկ է՝ ըստ պատմական, մշակութային և դեմոգրաֆիական չափորոշիչների, և ինքնորոշումը չի ուղղվում որևէ պետության ամբողջականության դեմ, այլ՝ բխում է ցեղասպանությունից խուսափելու կենսական անհրաժեշտությունից (տես՝ Կոսովոյի նախադեպ, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2010 թ․ խորհրդատվական կարծիք)։
4. Միջազգային արձագանքն ու մեծ տերությունների դիրքորոշումները
Ռուսաստան. Նպատակ ունի պահպանել իր ազդեցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Իրավաբանական առումով՝ Բիշքեկյան զինադադարի երաշխավորն է։
Թուրքիա. Սատարում է Ադրբեջանին, սակայն, ըստ թերուս քաղաքագետների, չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, որը կարող է տևական պառակտում առաջացնել Մերձավոր Արևելքում։
ԱՄՆ. Անգամ նվազ հետաքրքրություն ունենալով Այսրկովկասի նկատմամբ՝ շարունակաբար նշում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
ԵՄ. Շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ՝ հատկապես էներգակիրների մատակարարման տեսանկյունից։
Իրան. Կողմ է տարածաշրջանային հավասարակշռությանը, սակայն զգուշանում է թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդումից։
5. Գլխավոր խոչընդոտը՝ շահերի անհամատեղելիություն
Ադրբեջանը որդեգրել է տարածքային ամբողջականության բացարձակ դոկ
տրին, որը հակասում է Արձախի հայ բնակչության կենսական իրավունքին՝ անվտանգ ապրելու իրենց պատմական հողերում։ Հայաստանը, ընդհակառակը, միջազգային իրավունքին համահունչ, պնդում է, որ միայն ժողովրդի կամքն է, որ կարող է որոշել տարածքի պատկանելությունը։ Կողմերի դիրքորոշումների այդ հակադրությունը փակուղի է ստեղծել բանակցային գործընթացում, որը սկսել է 1992-ից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
6. Իրավական եզրահանգում և քաղաքական ուղերձ
Արձախի հայությունը ունի միջազգային իրավունքի ամբողջական աջակցություն՝ իր պետականության հռչակման գործում։ Վերջին պատերազմների ընթացքում Ադրբեջանի կողմից գործադրվել են պատերազմի օրենքների խախտումներ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք պետք է հետաքննվեն միջազգային դատարանների կողմից։ Հայկական կողմը պարտավոր է վերաակտիվացնել իր արտաքին դիվանագիտական ռեսուրսները՝ ներառյալ՝ սփյուռքի ներուժը և միջազգային իրավապաշտպան մեխանիզմները։
Եզրափակիչ միտք
Արձախը Հայկական լեռնաշխարհի սիրտն է։ Նրա կորուստը կնշանակի ոչ միայն պատմական արդարության ոտնահարում, այլև Հայկական պետության կենսունակության խաթարում։ Քաղաքական վերլուծաբան Սամուել Հանթինգթոնի խոսքերով՝ «քաղաքակրթությունների սահմանները միշտ էլ արյունոտ են»։ Սակայն այդ սահմանները նաև որոշվում են դիմադրության ուժով։ Արձախը այսօր դարձյալ դիմադրում է՝ ի պաշտպանություն հայության ողջ էթնոմշակութային գոյության։
Комментарии
Отправить комментарий