
Վերջին օրերին Իրանի բարձրագույն պաշտոնյաների կոշտ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, բազմաթիվ վերլուծական հարթակներում մեծ աղմուկի առիթ են դարձել։ Իրանը փաստում է, որ հակառակ է Իլհամ Ալիևի կողմից շեփորահարվող «Զանգեզուրի միջանցք» նախագծին՝ տեսնելով դրանում սպառնալիք իր և Հայաստանի ազգային անվտանգությանը։ Միթե՞ Հայաստանը պետք է վ փակվի իր սահմաններում և հրաժարվի իր սուբյեկտային հնարավորություններից։
Օրվա Հայաստանը, ճիշտ հաշվարկի և դիվանագիտության միջոցով, կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգային համակարգի կայուն օղակ, այլ ոչ թե ալիևյան կլանի խաղաթուղթ։
Հայաստանի ռազմավարական նշանակությունը՝ փաստարկված միջազգային վերլուծաբանների կողմից
1. Ամերիկացի ռազմավարագետ և պետական անվտանգության խորհրդատու Էդվարդ Լյութվակը գրում է՝
«Հայաստանը միակ քրիստոնեական պետությունն է Իրանի հյուսիսում, որը կարող է հավասարակշռող դեր խաղալ թուրքական աշխարհաքաղաքական ակտիվության դեմ։ Նրան անհրաժեշտ է դիտարկել որպես կենսական կարևոր գործընկեր»
(— Foreign Policy, 2022)
2. Տարածաշրջանի հեղինակավոր վերլուծաբան Թոմաս դը Վաալը նշել է՝
«Հայաստանը՝ լինելով Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև կարևոր օղակ, կարող է դառնալ բազմակողմ տնտեսական համագործակցության հարթակ, եթե կարողանա ձևակերպել սեփական շահերի վրա հիմնված օրակարգ»
(— Carnegie Europe, 2023)
3. ամերիկացի ռազմական փորձագետ (AEI) Մայքլ Ռուբին գրում է՝
«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ձգտում են Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման։ Սակայն հենց Հայաստանն է այն միակ պետությունը, որի կորուստը՝ նշանակում է կորցնել Կովկասի նկատմամբ վերահսկողությունը»
(— National Interest, 2021)
«Միջանցք» եզրույթը որպես քարոզչական թակարդ է և Հայաստանը պետք է գործարկի տարածաշրջանային հանգույց եզրույթը
Իրանը դեմ լինելով ալիևյան կլանի «Զանգեզուրի միջանցքին», իրականում բազմիցս նշել է, որ աջակցում են տարածաշրջանային խաղաղ, փոխշահավետ կոմունիկացիաների բացմանը, եթե չխախտվի երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Հայաստանը պետք է ամրագրի հենց այս սկզբունքային դիրքորոշումը։
Եթե ճանապարհային հանգուցային հաղորդակցությունը բացվում է՝
Հայաստանի սուվերեն հսկողության ներքո,
մաքսային, սահմանի և իրավական վերահսկողության ապահովմամբ,
միջազգային իրավունքի նորմերին համահունչ,
ապա դա դառնում է տարանցիկ, հանգուցային ենթակառուցվածք, որտեղ Հայաստանը կառավարվում է նախ և առաջ իր պետական և ազգային շահերից ելնելով։
Տնտեսական ազդեցության ամրապնդմամբ Հայաստանը կարող է վերածվել նոր տարանցիկ կենտրոնի, միանալ միջազգային ծրագրերին՝ Հյուսիս-Հարավ և Չինաստան-ԵՄ առանցքների միջև։
Գնահատելիություն միջազգային գործընկերների մոտ – Հայաստանը ներկայանում է որպես չեզոք և վստահելի դերակատար, ոչ թե կոշտ բևեռացվածության կողմ։
Իրանի հետ փոխշահավետ համագործակցություն – Հայաստանը կարող է Իրանի համար լինել միակ անվտանգ ելքը դեպի Սև ծով, իսկ Իրանը՝ Հայաստանին նավթի, գազի, տարանցիկ էներգետիկ թիկունք։
Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության հավասարակշռում – Հայաստանը կարող է աշխատել՝ չհակադրվելով ՌԴ-ին, բայց միաժամանակ չդառնալով կախյալ «գործակալ», այլ ներկայացնելով սեփական շահերը։
Ազգային ինքնության պահպանում՝ առանց ինքնամեկուսացման
Որպես ժողովրդավար պետություն, Հայաստանն ունի հնարավորություններ ձևավորելու ներքաղաքական հզոր հենք, որից բխում են արտաքին քաղաքականության հավասարակշռվածություն ու ճկունություն։ Հայ առաքելական եկեղեցին և հեթանոսական համայնքը, փորձագիտական կառույցները, կարող են ձևակերպել ազգային շահերի հիման վրա մշակված ենթակառուցվածքային և ռազմավարական մոդել, որը դուրս է անձնակենտրոն որոշումներից։
Հայաստանը պարտավոր է չհրաժարվել ապագայից հանուն վախի կամ հին տաբուների։ Տարանցիկ «հանգույցը» չի կարող վերացնել հայկական ինքնությունը, եթե այն պաշտպանված է պետական ինստիտուտներով, բանակով, կրթությամբ և դիվանագիտությամբ։
Հայաստանը չի կարող միայնակ կանգնեցնել Մեծ Թուրանը կամ գլոբալ բևեռացումը։ Բայց Հայաստանը կարող է, իր խելամիտ հաշվարկներով, դառնալ այն միակ հանգույցը, որը կապում է արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։ Դա է նվազագույն նպատակը ՝ պայծառ ապագայի կերտման ճանապարհին։
Հայաստանը չի ընտրել մեր աշխարհագրությունը։ Բայց Հայաստանն է կարող ընտրել, թե ինչպես արձագանքել դրան։
Комментарии
Отправить комментарий