ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ (ԿԱՆԱՉ ԺԱՄ) ԵԿԵՂԵՑԻՆ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Շուշիի պատմական Վերին կամ Նոր թաղում՝ քաղաքի հյուսիսային հատվածում, կառուցվել է Արցախի գյուղերից Շուշի տեղափոխված հայ համայնականների կողմից։ Այդ պատճառով էլ այն հայտնի է նաև որպես Ղարաբաղցոց, ԿԱՆԱՉ ԺԱՄ եկեղեցի։

Ըստ վկայությունների, այդ բնակչությունը Վերին թաղ է տեղափոխվել 1830-ականներին՝ առաջին հայ-թուրքական ընդհարումների հետևանքով՝ թողնելով մոտ 500 մետր ներքև գտնվող իրենց նախնական թաղամասը և այնտեղ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հետագայում այդ եկեղեցին բռնազավթվել է թուրքերի կողմից և վերածվել մեդրեսեի, որի փաստական գոյությանը ականատես են եղել Շուշիի դպրոցի սաները խորհրդային տարիներին։

Ի տարբերություն տարածված վարկածի, ըստ որի Սուրբ Հովհաննես Մկրտչի նախնական տարբերակը եղել է փայտաշեն (հմմտ. Թաղիադեան, 1847, էջ 286), իրականում եկեղեցին կառուցվել է որպես քարաշեն կառույց՝ առանց նախորդ փայտաշեն փուլի։

Ներկայիս եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թվականին՝ որպես մի ամբողջական համալիր։ Զանգակատան մուտքի վերնամասում՝ աջ և ձախ կողմերում, պահպանվել են շինարարական երկու արձանագրությամբ սրբատաշ սալեր (համարակալված 1 և 2), որոնց վրա գրված է.

«Կառուցին սուրբ Յովհաննէս Մկրտչի եկեղեցին Շուշա քաղաքացի պարոն Յովհաննէսն և Բաբայն Ստեփանեան Յովնանենց ի յիշատակ հանգուցեալ եղբօր իւրեանց Մկրտչին, 1847 թվին»։

Ըստ Մակար Բարխուդարյանի «Արցախ» գրքի, եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։ Կառույցի ընդհանուր երկարությունը կազմում է 27 մետր 70 սանտիմետր, իսկ լայնությունը՝ 10 մետր 90 սանտիմետր։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցված է խաչաձև հատակագծով՝ արևելյան կողմում արտաքուստ շեշտված շրջանաձև խորանով։ Եկեղեցին ունի ձգված համաչափություններ. հյուսիսային և հարավային խաչաթևերը անմիջապես կցված են խորանին, ինչը հանգեցրել է աղոթասրահի երկմաս կառուցվածքին։ Աղոթասրահի առաջին՝ արևմտյան հատվածը ունի ուղղանկյուն հատակագիծ, իսկ երկրորդ՝ կենտրոնական մասը, որը միանում է զանգակատանը, մոտենում է քառակուսու ձևին։

Ճարտարապետական հիմնական առանձնահատկությունն այն է, որ զանգակատունը եկեղեցու հետ կազմում է կոնստրուկտիվ ամբողջականություն։ Շքամուտքը բացվում է արևմտյան կողմից՝ հենց զանգակատան միջով, որտեղից էլ կարելի է մուտք գործել ընդարձակ աղոթասրահ։ Եկեղեցու և զանգակատան հատակը մոտ երկու մետր բարձր է բակի մակարդակից, ինչի պատճառով մուտքի երկու կողմերում կառուցվել են տասը աստիճան ունեցող քարաշեն աստիճաններ՝ լայն հենապատերով եզերված, որոնք ընդգծում են դեպի սրահ տանող մուտքի հանդիսավորությունը։

Աղոթասրահը բաժանված է որմնամույթերով՝ կազմելով երկու անջատ հատված։ Առաջին սրահը մոտավորապես քառակուսի է՝ ծածկված գոցվող թաղով՝ նմանակելով երդիկավոր գլխատների տիպիկ լուծումները։ Երկրորդ՝ արևելյան ուղղանկյուն սրահը գմբեթածածկ է։ Գմբեթի թմբուկը՝ շրջանաձև հիմքով, հենվում է սրբատաշ որմնամույթերի վրա կանգնեցված կամարների համակարգի վրա։ Գմբեթի անցումը քառակուսի հիմքից վեր կատարվել է յուրօրինակ՝ առագաստային ճարտարապետական լուծումով, ինչը հազվադեպ հանդիպող ոճական մոտեցում է հայկական եկեղեցաշինության մեջ։

Հատկանշական է, որ ավանդատները չեն կառուցվել խորանի երկու կողմերում, ինչպես սովորաբար ընդունված է, այլ՝ գտնվում են խորանի տակ, ընդ որում՝ մուտք ունեն աղոթասրահից։ Նմանատիպ լուծում է նկատվում նաև Գտչավանքի թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցում, որտեղ ավանդատները նույնպես տեղակայված են բեմի տակ։

Եկեղեցին պատմականորեն հայտնի է նաև «Կանաչ ժամ» անունով։ Այս անվան առաջացման հիմքում այն հանգամանքն է, որ եկեղեցու գմբեթը ծածկված էր պղնձե թիթեղներով, որոնք արևի, անձրևի և քամու ազդեցությամբ ժամանակի ընթացքում ստացել էին կանաչ փառավորում (պատինա)։ Այս տեղեկությունը հաստատում է Շահեն Մկրտչյանը իր «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում (1985, էջ 226)։

Խորհրդային տարիներին ադրբեջանական ռասիստական իշխանությունները բռնազավթել էին եկեղեցին՝ այն վերածելով հանքային ջրերի սրահի։ 1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո, եկեղեցին վերակերտվեց և վերականգնվեց, իսկ հետագա տարիներին երկու անգամ վերանորոգվեց, վերադարձնելով նրան իր նախնական սրբազան տեսքը։

Սակայն 2020 թվականի Շուշիի օկուպացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը չխորշեցին մշակութային վանդալիզմից և եկեղեցին պայթեցվեց, որպես հայոց հոգևոր և ճարտարապետական ժառանգության հերթական զոհ։

Ըստ Մակար Բարխուդարյանի «Արցախ» գրքի՝ եկեղեցում պահվում էին արժեքավոր սրբագրքեր․

  • 1684 թ․ ձեռագիր Ավետարան,

  • 1796 թ․ այլազգիների գերությունից ետբերած Ավետարան,

  • և 1883 թ․ մարտի 10-ին շուշեցի Ավագ Դանիելի Ղազարյանից նվիրաբերված Ավետարանը։

Այս եզակի գրչագործությունները վկայում են ոչ միայն շենքի ճարտարապետական արժեքի, այլև նրա հոգևոր և մշակութային նշանակության մասին՝ որպես Շուշիի հայ համայնքի հիշողության պահապան սրբավայր։





Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»