Արցախ. քաղաքական սթափ գնահատական

       

   Այս օրերին շրջանառվում են ական-ջահաճո հայտարարություններ, թե  Արցախի ժողովուրդը կարող է վերականգնել իր անկախությունը։  Նման պնդումները, որքան էլ հուզական և ցանկալի թվան, որևէ քաղաքական-իրավական հիմք չունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժխտողական քաղաքականության պատճառով։

Արցախի անկախությունը երբեք չի ճանաչվել որևէ պետության, անգամ Հայաստանի հանրապետության կողմից։ Այն 1991-2023թթ. մնում էր չճանաչված կառույց՝ առանց միջազգային սուբյեկտայնության։ Դեռ ավելին, 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի իշխանական համակարգի վերջին ներկայացուցիչը՝ նախագահի պաշտոնակատար Սամվել Շահրամանյանը, ստորագրեց ինքնալուծարման փաստաթուղթ։ Այսինքն՝  ինքնահռչակ անկախության ներսում պաշտոնական մարմինը հայտարարեց   Արցախի անկախության թաղելու մասին։

Այս ցավալի իրողությունը նշանակում է, որ այն հարթակը, որի վրա կառուցվում էր Արցախի  պետականության գաղափարն, ինքնին փլուզվել է։ Հետևաբար, «անկախություն ձեռք բերելու» մասին խոսակցություններն ոչ միայն անիրատեսական են, այլև վտանգավոր մոլորեցում են, որոնք նորից ծառայելու են արտաքին հայակործան ուժերի շահերին։

Այստեղ է անհրաժեշտ միջազգային փորձի սթափ գնահատական։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ եթե որևէ կառույց չունի միջազգային ճանաչում և իրավական ամուր հիմք, ապա նրա գոյությունը ժամանակավոր է․

Հյուսիսային Կիպրոսի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ հզոր ռազմական հովանավորի (Թուրքիայի) աջակցությունը բավարար չէ միջազգային ճանաչման համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ 1983-ին իր 541 բանաձևով արձանագրեց, որ Կիպրոսում «Թուրքական Հանրապետության» հռչակումը իրավական ուժ չունի։

Աբխազիան և Հարավային Օսիան, չնայած Ռուսաստանի «ճանաչմանը», շարունակում են դիտարկվել Վրաստանի անբաժան մասեր։ Նույն դիրքորոշումն է արտահայտել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 62/249 բանաձևով (2008 թ.)։

Թայվանը, ունենալով տնտեսապես զարգացած համակարգ և միջազգային համագործակցություն, ՄԱԿ-ում տեղ չունի, քանի որ միջազգային իրավունքը նրան դիտարկում է որպես Չինաստանի մաս։

Կոսովոյի դեպքը միջազգային առումով ամենահաջողված «անջատողական» փորձն է, սակայն այն նույնպես չի ստացել համընդհանուր ճանաչում։ Ավելին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2010-ին արձանագրելով, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը,  չպարտադրեց նրա ճանաչումը։ Այսինքն՝ իրավական ճանաչման խնդիրը մնում է քաղաքական որոշումների տիրույթում։

Այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ անկախության հռչակումը ինքնին բավարար չէ․ առանց միջազգային իրավունքի ամուր հիմքի և լայն ճանաչման, այդպիսի միավորները մնում են ժամանակավոր և խոցելի։

Արցախի պարագայում ևս խնդիրը երբեք «անկախության» մասին չի եղել։ Խորհրդային Միության տարիներին Արցախը վարչականորեն բռնակցված էր Ադրբեջանին՝ իբրև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ առանց շեշտելու նրա հայկականությունը։ Սա,  հայ ժողովրդի տարածքի բռնազավթում էր, և այդ բռնազավթումը երբեք չի ստացել միջազգային օրինականություն։ Հետևաբար, այստեղ չի կարող խոսք լինել «անկախանալու» մասին, քանի որ անկախանալ կարելի է միայն օրինականորեն գոյություն ունեցող պետությունից։ Որ մուսավաթական և ոչ էլ ԱդրԽՍՀ-ն միջազգային ճանաչում չեն ունեցել: Արցախի խնդիրը սկզբից ևեթ եղել է ադրբեջանական բռնազավթումից ազատագրումն ու վերամիավորումը։

Այդ ուղղությամբ վճռական իրավական քայլ արվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ազգային խորհուրդը ընդունեցին համատեղ որոշում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Սա ոչ միայն քաղաքական հռչակում էր, այլև իրավական փաստ, որը հստակ ցույց էր տալիս, որ1989թ. դեկտեմբերի 1-ից սկսած, Արցախի  չի կարող դիտարկվել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածք։

Այսօր, երբ նույնիսկ Ռուսաստանը պաշտոնապես  հղում չի կատարում 1921 թ․ Կովբյուրոյի հակաիրավական որոշմանը, արցախահայու-թյանը մնում է հիմնվել միջազգային իրավունքի՝ Սևրի պայմանագրի  փաստաթղթերի վրա, որոնք մինչ օրս ուժի մեջ են։ Սևրի պայմանագիրը  հստակ ամրագրում է հայ ժողովրդի իրավունքներն իր Հայրենիքի նկատմամբ։ Սևրի պայմանագիրը երբեք չի չեղարկվել միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթղթով և շարունակում է մնալ իրավական հենք հայության ազգային-պետական պահանջների համար։

Այս համատեքստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որն Արցախը համարում է իր անբաժան նահանգ, իրավամբ մերժում է ցանկացած «անկախության»՝ իրականում արդեն անջատողականու-թյան որևէ գաղափար։ Արցախի հետագա ուղին  միջազգային իրա-վունքի հիմքով ամրագրված՝ ազատագրումն է ադրբեջանական զավթիչներից և վերամիավորումը  հայ ժողովրդի միասնական  Հայրենիքի հետ։

Հետևաբար, Արցախի ապագան կախված է ոչ թե ցանկալի հռետորաբանությունից, այլ պատմական փաստերի և միջազգային իրավունքի հզորության արդյունավետ կիրառումից։







Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»