ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն

  

      Արցախի անկախության հռչակումը՝ հաղթանակ թե ռազմավարական նահանջ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակումը, որը շատերի կողմից ընկալվեց որպես ազգային հաղթանակ, ըստ քաղաքագետ Արմեն Այվազյանի, իրականում հանդիսացավ ռազմավարական նահանջ։ Նրա վերլուծության հիմքում այն փաստն է, որ դեռևս 1989 թվականին Հայաստանի և Արցախի վերամիավորման իրավական ակտը արդեն իսկ ձևավորել էր միասնական պետություն։ Սակայն այդ միավորումը երբեք չիրագործվեց գործնական հարթության վրա, ինչը հանգեցրեց քաղաքական երկակիության, անջատողական տրամադրությունների և արտաքին ուժերի՝ մասնավորապես Կրեմլի և Բաքվի՝ ազդեցության խորացման։

           Քաղաքական երկակիություն և իրավական հակասություններ

Քաղաքագետ Արմեն Այվազյանը նշում է, որ Արցախի անկախության հռչակումը բաժանեց արդեն վերամիավորված Հայաստանը երկու մասի՝

1989 թ․ վերամիավորման ակտը հստակ ձևակերպում էր, որ ԼՂԻՄ-ը միավորվում է Հայկական ԽՍՀ-ի հետ, և նրա բնակչությունը ստանում է ՀՀ քաղաքացիություն։

1991 թ․ անկախության հռչակումը, ըստ Այվազյանի, պարտադրված էր արտաքին ուժերի կողմից՝ նպատակ ունենալով բաժանել Հայաստանը և թուլացնել նրա դիրքերը տարածաշրջանում։

Հավելենք, որ այս քայլը Արևմտյան Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից գնահատվում է որպես անջատողականություն։ Արցախի քաղաքական ղեկավարությունը, փաստորեն, դեմ գնաց Սևրի պայմանագրով ճանաչված Միասնական Հայաստանին, որի մի մասն է կազմում Երևանի Հանրապետությունը։

    Անկախության ռեսուրսային և ինստիտուցիոնալ սահմանափակումները

Այվազյանը ընդգծում է, որ Արցախը չուներ բավարար ռեսուրսներ՝ որպես անկախ պետություն գործելու, և այդ քայլը խրախուսեց առանձին ազգային ինքնության ձևավորման վտանգավոր գործընթացը։ ՀՀ պաշտոնյաների կողմից Արցախը «երկրորդ պետություն» կամ «երկրորդ ժողովուրդ» կոչելը, ըստ նրա, ոչ թե լեզվական սայթաքում էր, այլ հստակ մշակված պառակտման ծրագիր։

        Բաց թողնված հնարավորություններ

Չնայած վերամիավորման իրավական հիմքին, Հայաստանը չձեռնարկեց կոնկրետ քայլեր՝ միավորումը գործնականացնելու համար։

Չկատարվեց վարչական ինտեգրում։

Արցախը շարունակեց գործել որպես առանձին կառույց՝ իր նախագահով, օրենսդիրով և գործադիրով, որոնք հաճախ ղեկավարվում էին քաղաքական իմաստություն չունեցող անձանց կողմից։

Հեռահաղորդակցության ոլորտում պահպանվեց տարանջատվածություն՝ ռոումինգի և կապի խնդիրներով։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները չունեին կամ չցուցաբերեցին բավարար կամք՝ միավորումը դարձնելու գործնական իրականություն։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՀՀ հասարակության ռազմավարական պատկերացումները ձևավորված չէին, և քաղաքական իշխանությունները չկարողացան դրանք ուղղորդել հստակ նպատակներով։

              Անջատողական տրամադրությունների խորացումը

Արցախի անկախության հռչակումը ոչ միայն արտաքին, այլև ներքին որոշ տարրերի տրամադրությունների արդյունք էր։ Արցախում ձևավորվեց ընկալում, թե անկախությունը կարող է միջազգային ճանաչման ավելի հեշտ ճանապարհ լինել, քան միացումը Հայաստանին։ Սա, ըստ վերլուծության, սխալ ռազմավարություն էր, որը՝

խթանեց արցախցու առանձին ինքնության ձևավորումը,

սերմանեց գաղափար, թե Արցախը կարող է լինել «երկրորդ հայկական պետություն»,

ստեղծեց ինստիտուցիոնալ պատնեշներ՝ ՀՀ-ից անկախ գործելու համար։

Այս տրամադրությունները տարիների ընթացքում խորացան, հատկապես երբ ՀՀ պաշտոնյաները սկսեցին Արցախը անվանել «երկրորդ պետություն» և նույնիսկ «երկրորդ ժողովուրդ»։ Այս պարագայում ուսանելի է Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած մոդելը՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ»։

        Կրեմլի և Բաքվի ազդեցությունը

ԽՍՀՄ փլուզման շրջանում Կրեմլը փորձում էր պահպանել ազդեցությունը՝ խրախուսելով հակասություններ նախկին հանրապետությունների միջև։ Արցախի անկախության հռչակումը, ըստ որոշ վերլուծությունների, եղել է նաև Մոսկվայի կողմից ուղղորդված՝ խոչընդոտելու Հայաստանի և Արցախի միավորումը։

Կրեմլը շահագրգռված էր տարածաշրջանային անկայունությամբ՝ պահպանելու միջնորդի դերը։

Բաքուն ակտիվորեն աշխատում էր միջազգային հարթակներում՝ ներկայացնելով Արցախը որպես անջատված տարածք՝ առանց իրավական հիմքի։

Այս երկու կենտրոնների ազդեցությունը նպաստեց նրան, որ Հայաստանը չկարողացավ իրագործել միավորումը՝ նույնիսկ այն դեպքում, երբ դրա իրավական հիմքը արդեն գոյություն ուներ։ Միաժամանակ, ոչ Երևանը, և ոչ էլ Ստեփանակերտը չկարողացան ոչ Կրեմլին, ոչ էլ Վաշինգտոնին ներկայացնել շահավետ և հայանպաստ նախագծեր։

               Եզրակացություն

  Հայաստանի կողմից կոնկրետ քայլերի բացակայությունը՝ Արցախի միավորումը գործնական հարթության վրա դնելու ուղղությամբ, ստեղծեց իրավական և քաղաքական երկակիություն, որը տարիների ընթացքում վերածվեց անջատողական տրամադրությունների։ Կրեմլի և Բաքվի ազդեցությունը խորացրեց այդ գործընթացը՝ խոչընդոտելով համահայկական միասնականության ձևավորումը։ Այսօր, երբ քննարկվում է Արցախի ապագան, անհրաժեշտ է վերագնահատել անցյալի սխալները և հստակեցնել, որ Արցախը Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի նահանգն է։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»