Խեթական թագավորական կնիք է հայտնաբերվել
Վերջերս Քըրշեհիրի (հին հայկական Գնթունիք) նահանգի Բյուքլյուքալե բնակավայրում պեղումների ընթացքում հայտնաբերվել է Խեթական կայսերական կնիք։ Ահմեդ Էվրանի համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ և պեղումների ղեկավար Կիմիյոշի Մացումուրան ընդգծել է քաղաքի կարևոր դերը Խեթական կայսրության շրջանում։ Նրա խոսքով՝ կնիքը գործածվում էր կայսրի և կայսրուհու կողմից պայմանագրեր հավաստելու նպատակով, և այն կրում էր սեպագիր գրություն հետևյալ նախազգուշացմամբ․ «Ով սա կոտրի, կմահանա»։ Նման կնիքները վկայում էին պայմանագրերի խստագույն պահպանության մասին, որոնց խախտումը պատժվում էր մահվան դատավճռով։
Նույն վայրում հայտնաբերված հուրրիերեն տախտակները վկայում են, որ այստեղ տեղի են ունեցել խեթական կայսերական ընտանիքի կրոնական ծեսեր, ինչն էլ ենթադրում է, որ խեթ արքաից արքան հաճախ է այցելել կամ նույնիսկ բնակվել այս քաղաքում։ Բյուքլյուքալեի և մայրաքաղաք Հատտուսայի (ներկայիս Չորումի մոտ, հին հայկական Հատտուա) միջև սերտ կապերը ցույց են տալիս տարածաշրջանի նշանակալի տեղը հին աշխարհի քաղաքական ու մշակութային համակարգում։
Հայկական բնաշխարհի ժառանգության յուրացման փորձերը
Թուրքական գիտական ու պետական շրջանակներում հաճախ փորձ է արվում խեթերին ներկայացնել որպես Թուրքիայի պատմական ժառանգության բաղկացուցիչ մաս։ Մինչդեռ միջազգային գիտությունը վաղուց հաստատել է, որ խեթերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ էին, որոնց լեզուն առնչվում է հայերենի նախալեզվին։ Այս առումով նույնիսկ թուրքական կողմի ակնարկները՝ խեթերի «հայկական ծագման» մասին, անուղղակիորեն վկայում են Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդների անքակտելի ներկայության մասին։
Խեթական մշակույթը ծագումով կապված է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևմտյան շրջաններին, ինչի մասին վկայում են ինչպես լեզվաբանական, այնպես էլ հնագիտական աղբյուրները։ Այս տարածքների՝ Գնթունիքի, Հատտուայի և հարակից քաղաքների հիշատակումը հայկական հնագույն պատմագրության մեջ ևս մեկ անգամ ընդգծում է, որ դրանք մեր պատմա-մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։
Ուստի, եթե թուրքական կողմը իսկապես ընդուներ խեթերի հայկական ծագումը, ապա դա կդառնար ոչ թե առասպել, այլ համատեղ պատմական ճշմարտության ճանաչում։ Սակայն ներկայումս այդ մոտեցումը հիմնականում օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ տարածաշրջանի հին մշակույթները յուրացնելու և դրանք ներկայացնելու որպես սեփական ժառանգություն։
Այդուհանդերձ, ցավով պետք է արձանագրել, որ հայ գիտական շրջանակներում հաճախ բացակայում է անհրաժեշտ ուշադրությունը մեր պատմական հայրենիքում կատարվող նման հայտնագործությունների հանդեպ։ Եթե մենք ինքներս չարտահայտենք մեր ձայնը, ապա այլոց մեկնաբանություններն ավելի հեշտությամբ կլցնեն այդ դաշտը։ Հետևաբար նման պեղումները մեզ համար պետք է դառնան ոչ թե անտարբերության առարկա, այլ մշակութային ինքնաճանաչման և պատմական հիշողության ամրապնդման առիթ։
Комментарии
Отправить комментарий