Նեոստրկատիրությունը Հայաստանու՞մ

 

Հայ ժողովուրդը, ցավոք, այդպես էլ չհասկացավ, որ ազատությունը կաղնուց պատրաստված լուծը լորենուց պատրաստվածով փոխարինելը չէ։ Ազատությունը լուծի փոխարինում չէ․ այն լուծի ջարդումն է։ Եվ ինչո՞ւ են որոշ մարդիկ միշտ ուզում տերեր ունենալ։ Անգամ «Հայր մեր» ասողը հետո Աստծուն դիմում է որպես «Տեր», մոռանալով, որ ինքը Աստծու զավակն է, ոչ թե ստրուկը։

Հոգեբանորեն ստրուկը միշտ սպասում է մեկին, ով կգա ու կազատի իրեն։ Նրա հոգեբանությունը կառուցված է սպասման վրա, ոչ թե ազատության։ Մեր անկախության առաջին օրերին տարբերությունը դեռ պարզ էր․ մի կողմում՝ հյուրանոցներ ու թանկարժեք մեքենաներ ունեցողները, մյուսում՝ տան վարձը տալու համար փող չունեցողները։ Իսկ ամենամեծ հարցադրումը սա է․ ինչո՞ւ է աննախադեպ բնակարաշինությամբ հանրահայտ Երևանում հենց երևանցին տուն չունի, այլ մնում է վարձով։ Ժամանակի ընթացքում ոմանք ուզեցին անցնել «նրանց կողմը»՝ դառնալ հարուստ ու «լուծող», իսկ մյուսները՝ երազեցին նրանց գործերն «լուծել»։ Բայց վերջում բոլորը պարտվեցին՝ թե՛ ունեցողը, թե՛ չունեցողը։ Այսօր մենք խճճված ենք իրար կողքի ու իրար վրա՝ մի կողմում հացի փող չունեցողը, մյուս կողմում՝ երկիրը գրպանածը։

Եթե փորձենք անուն դնել այս ամենին՝ գիտնականը կասի՝ վայրի կապիտալիզմ, քաղաքականը՝ անարխիա-օլիգարխիա, սթափը՝ գենոցիդ, հուսալքվածը՝ արտագաղթ, իսկ մնացորդները՝ պարզապես ամենօրյա տաժանակիր գոյություն։ Բայց իրականում անուններն արդեն ոչինչ չեն նշանակում․ խնդիրն է, որ երկրում կանգնեցված է կյանքը։

Ստրուկը Հռոմում պարտվածն էր․ պատերազմն ավարտվում էր, և նա այլ ելք չուներ՝ կամ սպանվել, կամ ստրուկ դառնալ։ Դա քաղաքակրթական պայման էր։ Իսկ մենք պարտվեցինք ոչ թե մի ճակատամարտում, այլ տարիների քարոզչության, կենցաղային կռիվների ու ներքին քայքայման մեջ։ Մենք պարտվեցինք միլիմետր առ միլիմետր, կոպեկ առ կոպեկ, մինչև որ կորցրինք ոչ միայն ունեցվածքը, այլև արժանապատվության զգացումը։

Ստրուկի և ստրկատիրոջ համատեղ կյանքը՝ սա մեր ամենամեծ առեղծվածն է։ Ինչպե՞ս կարող է ստրուկը համակերպվել և ապրել նույն տարածքում, նույն օդը շնչել իր տիրոջ հետ։ Բայց իրականությունը հենց դա է։ Մեր կողքին բարձրանում են դղյակներ ու ամրոցներ, որոնց հիմքում մեր քրտինքն ու մեր արյունն է։ Իսկ մենք՝ սովորական մարդիկ, սովորել ենք կողք-կողքի գոյատևել, կարծես թե սա բնական է։

Եվ ահա այսպես ձևավորվում է մեր նոր ստրկատիրությունը՝ ոչ թե օրենքով ամրագրված, այլ հոգեբանորեն ընդունված։ Մենք հարմարվեցինք նրան, որ ոստիկանն ու քննիչը ոչ թե մեզ ծառայող պաշտոնյաներ են, այլ՝ տերեր։ Մենք սովորեցինք համակերպվել, որ գեներալը անտառ չճանաչող գող է, պատգամավորը՝ մարդակեր, իսկ գիտնականը՝ կերակրասեղանի պնակալեզ։

Մեր ողբերգությունն այն է, որ մենք համակերպվեցինք։ Իսկ հենց համակերպվելը ստրկության ամենախոր դրսևորումն է։

Եթե 20-րդ դարում Աֆրիկայի ժողովուրդները կարողացան բարձրացնել իրենց ձայնը և հասնել ռասայական հավասարության, ապա մենք, շատ ավելի նպաստավոր պայմաններում, իջանք դեպի նոր ստրկություն և սկսեցինք համակերպվել թուրք ռասայի գերազանցության գաղափարի հետ։ Եվ իջանք ոչ թե օտար նվաճողի ձեռքով, այլ մեր իսկ սեփական «տականքի»։

Հետևանքը տեսնում ենք ամեն օր․ մի կողմում՝ բանտեր լցված քաղբանտարկյալներ, ցրտից ու սովից մահացող ծերեր ու երեխաներ։ Մյուս կողմում՝ զրահապատ մեքենաներ, սև ապակիներ ու դուբայական խնջույքներ։ Սա ստրկատիրոջ հոգեբանությամբ հայ իշխանավորների ապարտեիդն է։

Սա մեր երազած պետություն չէ։ Սա ստրկատիրություն է՝ անմեղսունակների դիմակով։

Եվ եթե ելք փնտրում ենք, ապա առաջին քայլը պիտի լինի ինքներս մեզ հաշիվ տալը։ Ոչ թե սպասել Փրկչի, այլ դառնալ ինքներս մեզ ազատագրողը։

Որովհետև ստրուկի վիճակի հասցվածը, որ սովորում է նայել իր վիճակին ու գիտակցել այն, արդեն կես քայլով դուրս է եկել ստրկությունից։ Թռչելու համար ծնվածները չեն կարող սողալ։

  Հ.Գ․- համաշխարհային փորձը

Պատմության ամեն մի մեծ ժողովուրդ անցել է ստրկության և ազատագրման փորձառության միջով։ Լեհաստանը 19-րդ դարում քարտեզից ջնջված էր, նրա ժողովուրդը բաժանված էր երեք կայսրությունների միջև։ Բայց լեհ մտավորականը չհամակերպվեց։ Նա դպրոցում լեհերեն դասագրքեր էր գրում, բանտերում գրականություն էր ստեղծում, արտասահմանում դաշնակիցներ էր փնտրում։ Եվ ի վերջո, 1918-ին, երբ պատմական պահը հասավ, լեհ ժողովուրդը վերադարձրեց իր պետությունը։

Հունաստանը չորս դար Օսմանյան լուծի տակ մնաց, սակայն ոչ մի սերունդ չհամակերպվեց ստրկությանը։ Նրանք լեռներում պահպանում էին ազատության հիշողությունը, եկեղեցիներում՝ ինքնության հուշը, բանաստեղծություններում՝ ապագայի երազանքը։ Երբ Եվրոպայում ազատության քամին փչեց, հունացիները բռնկվեցին ապստամբությամբ և ազատագրեցին իրենց երկիրը։

Հարավաֆրիկյան ժողովուրդները 20-րդ դարում պայքարեցին ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական ստրկության դեմ։ Ապարտեիդը կոտրում էր մարդու արժանապատվությունը, սակայն Նելսոն Մանդելան հայտարարում էր․ «Նրանք կարող են բանտարկել իմ մարմինը, բայց չեն կարող ստրկացնել իմ հոգին»։ Եվ տարիների պայքարից հետո՝ հաղթեցին։

Սակայն մենք՝ հայերս, ունեինք այն, ինչի մասին այդ բոլոր ժողովուրդները միայն երազում էին․ Արցախը՝ երեսուն տարի ապրած իր անկախությամբ։ Բայց մենք այդ նվերը չգնահատեցինք։ Մենք կորցրինք այն ոչ թե թշնամու ուժով միայն, այլ նաև մեր ներսում տիրող անպատրաստությամբ․ ընկնելով շքեղության, խնջույքների ու թմրանյութերի հաճույքների հետևից։ Ազատությունը վերածվեց ոչ թե պատասխանատվության, այլ բեռից փախուստի, իսկ պետությունը՝ սեփական գրպանների սպասարկման միջոցի։

Այս բոլոր օրինակները վկայում են մեկ ճշմարտություն․ ստրկության մեջ ապրող ժողովուրդը չի փրկվում դրսից եկած «տերերի» կամ «փրկիչների» շնորհիվ։ Ազատությունը գալիս է ներսից՝ այն պահից, երբ ժողովուրդը որոշում է այլևս չսողալ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»