Շուշին ըստ Ա-Դօի

  


    Ընթերցողին ներկայացնում եմ Շուշիի մասին տեղեկություն, հիմք ընդունելով Ա-Դօի,« Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում, (1905-1906թթ.)» (Փաստական, վիճակագրական,տեղագրական լուսաբանություններով),Եր., 1907թ, աշխատության   147-149 էջերը: Որպես բնիկ շուշեցի, որոշ տեղերում կատարել եմ  մեկնաբանություններ՝ այսօրվա ընթերցողի համար թեման ավելի ըմբռնելի դարձնելու համար:

«Սյունիքը շատ է հարուստ լեռներով և կատարներով, բայց նրա ամենամեծ զարդը կազմում է Արձախի լեռնաշղթան, որը երկար ու բարակ ձգվելով ընդարձակ տարածությունների վրա, կազմում է Զանգեզուր, Շուշի և  Չորաբեր (Ջաբրայիլ) գավառների միացման սահմանագիծը:
 Այդ շղթայի հարավային միզույգ գագաթներ-մեկը՝ 7000, իսկ մյուսը 8000 ոտնաչափից էլ ավելի բարձրություն ունեցող-կոչվում են Քիրս: Քիրսի հյուսիսային հեռավոր փեշերի վրա, երեք կողմերից անդնդախոր ձորերով պատած ՝ ամուր, շերտավոր, կռած ու կոփած կուրծքերով, որպես ձուլվածք բարձրանում է մի հսկա սարավանդ (Ա-Դոն սխալմամբ գրել է սարահարթ-Ա. Հ. ):
 Ահա այդ աննման ձուլվածքին ամբողջ Արձախը Ղալա է (արաբերենում قَلْعَة (qalʿa) նշանակում է բերդ, ամրոց, բարձրադիր պաշտպանական կառույց: Տրամաբանորեն, պետք է ենթադրել, որ արաբական արշավանքների ժամանակ բնակավայրը եղել է և հենց նվաճողներին ցույց տված դիմադրության պատճառով  է պահպանվել այդ անունով:Հետագայում դարձավ տեղանուն (տոպոնիմ) ՝ անցնելով բնակավայրի անվանումի մեջ-Ա.Հ.) կոչում: Իսկապես ղալա, ամրոց, բերդ, ուր բազմած Շուշին , որպես սրաթև արծիվը, մի առանձին հպարտությամբ իշխում է իր առաջ ձգված տարածությունների վրա:
  Եվ իսկապես Շուշին-կարծր քարերից կերտված չոր ու ցամաք այդ բարձրությունը-այնքան գեղեցիկ տեսք ունի, այնպիսի գեղեցիկ տեսարաններ կան նրա առաջ ձգված, որ մարդ հիանում է նրանով:

  Շուշին առաջին անգամ տեսնողը բացականչում է «պատերազմների և սխրահործությունների մեջ փառք որոնող որպիսի՞ մի մարդ դրել է այդ քաղաքի հիմքը»:
  Եվ այդպես էլ է. Ծագումով անհայտ , բայց մի հաջող դիպվածով իշխանություն ձեռք բերած և աշխարհակալական ձգտումներով տոչորված Փանահ-խանը 1752թվին Վարանդայի Մելիք Շահնազարից այդ սարավանդը վերցնելով և նրա աջակցությամբ այդ բնական ամրությունների վրա նոր արհեստական պարիսպներ կանգնեցնելով՝ նպատակ դրեց  կռվի միջոցով ձեռք ձգել Արձախի հայ իշխանների կալվածները, որպիսի կռիվներով նա զբաղվեց մինչև իր կյանքի վերջը:
    Երկու գետակներ- մեկը Ղայբալի, իսկ մյուսը Քարին տակ (հայտնի է նաև Շուշինկա անունով-Ա.Հ.) անունովհոսում են Շուշիի երկու կողմերից, համանուն ձորակների միջով: Դրանք Կառկառ գետի սկզբնական երկու ճյուղերն են, որոնք  Խանշեն (Օտարները «շեն» բառը թարգմանել են «քենդ» տարբերակով ՝ ձևավորելով Խանքենդ անունը- Ա.Հ.) ավանից մի փոքր հեռու խառնվում են միմյանց:
   Շուշիի մակարդակը ( մակերեսը- Ա.Հ.) արևելյան կողմից թեքված է դեպի ցած, իսկ արևմտյան և հարավային կողմերից, ընդհակառակը, բարձրանա- լով՝ ներկայացնում է կոփածո ժայռերի մի փոքրիկ շղթա՝ Գյավուր ղայա (Անհավատի լեռ-Ա.Հ.) անունով:
    Ահա այդ շղթայից սկսած դեպի ցած տարածվում է քաղաքը, որի վերին մասում ապրում են հայերը, իսկ ներքին մասում թուրքերը, թեև մի քանի տեղերում նրանք ապրում են անև խառը:
  Շուշին, թեև գավառական քաղաք է համարվում, բայց իր արտաքինով ավելի գեղեցիկ է, քան Գանձակը և Երևանը,  և ազգաբնակչության թվով էլ ոչ այնքան պակաս նրանցից:
   Շուշին արդյունաբերության և արտահանությա տեսակետից աղքատ վայր է: Արգավանդ դաշտավայրերն ընկած են հեռու, իսկ լեռնային մասերը ճանապարհների բացակայության շնորհիվ անմշակ են: Առևտրի միակ շրջանառության նյութ կազմում է շերամը:

    Այս հանգամանքը ստիպել է տեղական թարմ ուժերին ասպարեզ փնտրել իր միջավայրից դուրս:
   Շուշի քաղաքի ազգաբնակչության ընդհանուր թիվն է 33 հազար, որից հայերը՝ 18 հազար, թուրքերը՝ 14 հազար և զանազան ազգեր՝ 1 հազար, այնպես որ այստեղ հայերը կազմում են մեծամասնություն:
    Հայերի քաղաքամասը բաղկացած է մի քանի թաղամասերից: Վերին մասը, դեպի հարավ, կոչվում է Գյավուր ղայայի թաղ, նրանից փոքր ինչ ցած՝ Կազարմայի թաղ, որտեղ գտնվում են Վերին կամ Երևանի դռները և որտեղից անցնում է Գորիսի խճուղին: Հյուսիսային մասը, ցցված Ղայբալի ձորի վրա՝ կոչվում է Քամու Ջրաղացի (հեղինակն ըստ երևույթին չի խորացել անվանումի մեջ, որովհետև Քամու աղաց եղել է, բայց Քամու ջրաղա՞ց-Ա.Հ.) թաղ. Նրանից ցած, դեպի ներքին գերեզմանատունը՝ Մաքսատան ( «Ղումլուղ»-թուրքերենում  Gümrük բառն է հայերեն թարգմանվելիս ձևափոխվել է և նշանակում է  մաքսատուն, մաքսային ծառայություն ) թաղ, իսկ հարավ-արևելյան մասը՝ Հին Հանգստարանի թաղ և Բաղոնց ձորեր (քանի որ այդ տարածքը եղել է մեր՝ Բագունց գերդաստանի սեփա- կանությունը, ապա Բաղոնց ձևը պետք է համարել աղավաղում-Ա.Հ.):
    Այս թաղերի և թուրքական մասի (Շուշին իբրև քաղաք ձևավորվել է հայկական թաղամասերով, իսկ մահմեդական բնակչությունը տեղափոխվել է հետագայում: Որպես վիճակագիր՝ Ա-Դօ-ն շատ ճշգրիտ էր տերմինների ընտրության հարցում։ Նրա համար «թաղամաս» բառը հայկական քաղաքային կազմակերպության դասական ձև էր՝ եկեղեցիով, դպրոցով, սեփական համայնքային կառավարմամբ։

«Թուրքական մաս» ասելով՝ նա փաստացի արձանագրում էր, որ Շուշիի մահմեդական բնակչությունը չուներ այդպիսի համայնքային կառուցված- քային տարանջատում, այլ համախմբված էր ավելի շատ որպես ընդհանուր Շուշի բնակավայրի «մաս» , ոչ լիարժեք թաղամաս-Ա.Հ. ) մեջտեղում ընկած էր Հայերի շուկան-Մեծ Հրապարակը (Մեյդանը) , որը կոչվում է նաև «Թնդանոթատուն» (Թոփխանա-ըստ ավանդության Ավան Իսախանյանի 18 հրանոթները և թնդանոթաձիգները տեղադրված են եղել հենց այստեղ և ժողովուրդի հիշողության մեջ մեծ հետք է թողել-Ա.Հ.):

Թնդանոթատնից սկսած մինչև Հին Հանգստարանի թաղը՝ Աղաբեկանց ձորը, և Ցածի Հրապարակը , որտեղից արդեն սկսվում է Թուրքաց մասը, շառավիղաձև ձգվում են երեք մեծ՝ այն է Թատրոնի, Ագուլեաց եկեղեցու փողոցներև և Փոստի փողոցի շարունակությունը, մեջտեղ կազմելով երկու մեծ թաղամասեր: Թատրոնի փողոցի վրա գտնվում էր Թամիրեանի թատրոնը, Ագուլեաց եկեղեցու փողոցի վերին շարքում՝ Ագուլեաց եկեղեցին՝ իր գեղեցիկ խանութներով:
   Ահա այն երեք փողոցները, որ կազմում էին քաղաքի զարդը և որոնք իրենց մեջ ամփոփում էին ավելի քան 400 տներ և լեցուն խանութներ,այժմ ներկայացնում էին ավերակների մի կույտ. Կանգուն մնացել են միայն երլու եկեղեցիները:
    Թուրքերն էլ ունեն ավերակներ, բայց անհամեմատ քիչ: Թուրքերից ավեր- ված ու հրդեհված են Երևանի դռների մոտ 20 տուն, Հին Հանգստարանի շրջանում՝ 15, Թատրոնի փողոցում՝ 7, Աղաբեկանց Ձորում՝ 17 և Դիքտան- Ղուռուի շրջանից սկսած մինչև Մաքսատան և Քոչարլյու թաղերը՝ ավելի քան 100 տուն»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»