ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

                                        


                                               ԲԱՑ ՆԱՄԱԿ

                 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ԹԵՄԱ՝ Ազգային հեթանոսական հավատքի, Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ հոգևոր անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ առաջարկություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ հարգելի՛ պատգամավորներ,

Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքը, հոգևոր մշակույթը և պետականության կայացման ճանապարհը միահյուսված են այն խորագույն արժեհամակարգերի հետ, որոնք ձևավորվել են նախ՝ հեթանոսական ավանդույթների, ապա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով։ Այսօր, Հայաստանի Հանրապետության համար նորագույն մարտահրավերների առջև կանգնած ժամանակաշրջանում, մի շարք աղանդավորական, օտարազգի և ֆինանսավորվող կրոնական շարժումներ խաթարում են Հայ ազգային ինքնության, բանակի ու ընտանիքի բարոյական հիմքերը։

Արձանագրված են բազմաթիվ դեպքեր, երբ մի շարք աղանդավորական, օտարազգի և ֆինանսավորվող կրոնական կառույցները՝

  • Ուղղակի կամ անուղղակի կերպով 2016,2020 և 2023թթ. ռազմական գործողությունների ժամանակ վտանգել են Հայրենիքի պաշտպանության պարտավորությունը՝ մոլորեցնելով ՀՀ քաղաքացիներին,

  • Խաչքարերի և այլ սրբությունների նկատմամբ իրականացրել են վանդալիզմի ակտեր,

  • Անտեսել կամ ծաղրել են հայ ժողովրդի հազարամյակներով ձեւավորված հոգևոր ժառանգությունը,

  • Հայ ազգի ազգագրական կերպարին  որևէ դրական ներգործություն չեն ունեցել։

Այս իրողության պայմաններում խիստ հրատապ է ընդունել պետական քաղաքականություն՝ ուղղված հոգևոր անվտանգության ապահովմանը և ազգային արժեքային վերաիմաստավորմանը։ Առաջարկում ենք հետեւյալ քայլերը․

1. Հայ Առաքելական Եկեղեցու լիազորությունների ընդլայնում

Սահմանադրության 7.1 հոդվածում ամրագրված է, որ ՀԱԵ-ն ՀՀ-ում իրականացնում է իր պատմական առաքելությունը։ Առաջարկում ենք՝ այդ պատմական առաքելությունը հստակեցնել՝ ՀԱԵ-ին վերապահելով բարոյական վերահսկողության գործառույթներ՝ հետևյալ ոլորտներում՝

  • Հանրային բարոյականության պահպանման փորձագիտական եզրակացություններ,

  • Ազգային խորհրդանիշների և հոգևոր արժեքների նկատմամբ ոտնահարման գործերի մասնագիտական գնահատում,

  • Հանրային ղեկավար պաշտոնների՝ բարոյական չափանիշներին համապատասխանության խորհրդատվական կարծիքներ։

Այս լիազորությունների համակարգը կարող է հիմնվել պատմական նախադեպի վրա, երբ Մեծ Դատավարության գործընթացն իրականացվում էր Կաթողիկոսի և հոգևոր դատարանների միջոցով։ Սա նաև հնարավորություն կտա, որ վարչապետի իշխանությունն ունենա բարոյական վերահսկողության հավելյալ ինստիտուտ։

2. Աղանդավորական շարժումների նկատմամբ վերահսկողություն

   Առաջարկում ենք մշակել մեխանիզմներ, ըստ որոնց՝ ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպությունները պետք է՝

  • Ամրապնդեն իրենց գործելակերպը ազգային արժեքների շրջանակում,

  • Չհակասեն ՀՀ պետականության և բանակի պաշտպանության պահանջներին,

  • Մերժեն ցանկացած անբարյացկամ դիրքորոշում հայկական հոգևոր մշակույթի և պատմության նկատմամբ։

Միաժամանակ՝ առաջարկում ենք, որ օրենքով պարտադրվի՝ ՀՀ-ում կրոնական քարոզչական նպատակներով ժամանակավորապես թույլատրվի միայն Հայ Առաքելական Եկեղեցու կողմից վավերացված հոգևոր գրականություն։ Այս թվում՝ առաջարկում ենք «Նարեկ» գիրքը ճանաչել որպես պետականորեն արտոնված հոգևոր արժեք՝ մինչդատական փուլում քարոզչական հավաստման համար։

3. Ազգային հեթանոսական հավատքի ճանաչում որպես մշակութային ժառանգություն

Առաջարկում ենք՝ հստակ ճանաչել ազգային հեթանոսական հավատքը որպես ազգագրական և մշակութային ժառանգություն՝ առանց այն աղանդավորացման։ Սա թույլ կտա վերականգնել Արամազդի,  Անահիտի, Միհրի Վահագնի և մյուս Դիցերի առասպելաբանությունը դպրոցական, թանգարանային և մշակութային քաղաքականության մեջ՝ առանց կրոնական պարտադրանքի։

4. Սահմանադրական և միջազգային համադրություն

  Մի շարք պետություններ՝ Ռուսաստան, Լեհաստան, Հունգարիա և Իսլանդիա, իրենց սահմանադրությամբ ամրագրում են ավանդական կրոնների առանձնահատուկ դերակատարությունը պետականության մեջ։ Հայաստանի Հանրապետության պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին միակ կառույցն է, որն ունի և՛ պատմական հեղինակություն, և՛ համահայկական ներուժ՝ հոգևոր ինքնիշխանություն ապահովելու համար։

Հարգանքով խնդրում ենք՝ ձևավորել խորհրդարանական հանձնաժողով՝ այս առաջարկները քննարկելու, իրավական գնահատման ենթարկելու և օրենսդրական գործընթաց սկսելու նպատակով։

5. Նախագծվող քաղաքականությունը միտված չէ հավատքի ազատության սահմանափակմանը, այլ ուղղված է պետական արժեհամակարգի, մշակութային ինքնության և անվտանգային գերակայության ամրապնդմանը։

Պետականությունը չի կարող գոյություն ունենալ առանց հոգևոր արժեքային վեկտորի։ Այդ վեկտորի կրողը պատմականորեն ՀԱԵ-ն է՝ իր կողքին կանգնած հեթանոսական հիշողությամբ ազգագրական մշակույթը։

Հանուն ազգային ինքնության, պետական անվտանգության և հոգևոր վերածննդի,


Աշոտ Ալեքսանդրի Հարությունյան ,պատմաբան,
 ««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն»  ՀԿ-ի նախագահ
       ashot.harutiunyan@yahoo.com, հեռ. +37441261998,
   13.06.2025թ. 




Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»