ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՐՄԱՏՅՈՒԿԻ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վլադիմիր Գարմատյուկի հոդվածը (Как установить мир в Нагорном Карабахе.), որի տակ ակնհայտորեն ընկած է խաղաղասիրական և ժողովրդավարական գաղափարախոսության արտաքին ձևաչափը, իրականում մի շարք էական կեղծարարություններ և միամիտ ձևավոր թեզեր է պարունակում՝ կապված Արձախ-ադրբեջանական (Վ. Գարմատյուկի  նման ուսումնասիրողների համար այն ընդամնեը Լեռնային Ղարաբաղի հակամարտություն է) հարյուր տարուց ավելի շարունակվող պատերազմի բուն բնույթի և իրավաքաղաքական հիմքերի հետ։  Խիստ մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ հեղինակը հղում է կատարում ՄԱԿ-ի «ժողովուրդների հավասարության և ինքնորոշման սկզբունքին», սակայն միաժամանակ լիովին անտեսում է, որ այդ նույն սկզբունքի հիման վրա Մեծ Հայքի 10-րդ նահանգ՝ Արձախի բնիկ հայությունն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, դեռևս Խորհրդային Միության կազմի մեջ։

  1. 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց
    Հեղինակը բացարձակապես չի անդրադառնում այն պատմական փաստին, որ Արձախի բնիկ  հայությունը 1988-ին սկսեց ազգային-ազատագրական շարժում՝ խաղաղ ցույցերով, հանրահավաքներով և իրավական հենք ունեցող պահանջներով։ Այդ շարժման բուն նպատակը ոչ թե «վիճելի տարածք» գրավելն էր, այլ՝ մուսավաթա-խորհրդային Ադրբեջանի կողմից շուրջ 70 տարիների ընթացքում իրականացված գաղութատիրական և ազգային- մշակութային ճնշումներից ազատվելը։

  2. 1989 թվականի որոշումը՝ ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի միավորման մասին
      Հեղինակի կողմից ամբողջությամբ շրջանցվում է այն փաստը, որ դեռևս ԽՍՀՄ փլուզման նախօրեին՝ 1989-ին,դեկտեմբերի 1-ին  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ որոշում են ընդունել Արձախի միավորման վերաբերյալ, ինչը իրավական և քաղաքական հստակ կամարտահայտություն էր։

  3. 1991 թվականի հանրաքվեն՝ որպես ինքնորոշման ժողովրդավարական դրսևորում
    Չնայած հեղինակի վերացական կոչերին անցկացնել ՄԱԿ-ի վերահսկողությամբ հանրաքվե՝ «վիճելի տարածքներում», նա լիովին անտեղյակ է ձևանում, որ այդ հանրաքվեն արդեն իսկ կայացել է՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին (որքան էլ այն վիճարկելի թեմա լինի ազգային շահերի պաշտպանների շրջանակներում)։ Արձանագրվել է ընտրողների բարձր մասնակցություն, և բացի մարզում ապրող ադրբեջանական փոքրամասնությունից (10–15%), բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախ պետականություն ստեղծելու օգտին։ Այսինքն՝ խոսքը ոչ թե ապագայի ենթադրելի հանրաքվեի, այլ արդեն կատարված իրավաքաղաքական փաստի մասին է։

  4. ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը՝ որպես հավելյալ իրավական հենք
     Ռուս հեղինակը չի հիշատակում նաև ՄԱԿ-ի 2007 թ. ընդունած Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը, որը միանշանակորեն ամրագրում է այն սկզբունքը, որ բնիկ ժողովուրդները, եթե ենթարկվել են կառավարման առանց իրենց համաձայնության, ունեն իրավունք՝ ինքնորոշվելու և անկախ պետականություն ստեղծելու։ Արցախի բնիկ հայությունն ամբողջությամբ համապատասխանում է այդ իրավաբանական բնութագրին։

  5. Հայկական պետականության պատասխանատվության թերացումները՝ տեղեկատվական դաշտում
    Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ Վլ. Գարմատյուկի նման անձանց ապատեղեկացված լինելը մասամբ նաև Հայաստանի իշխող քաղաքական վերնախավերի (հատկապես կրեմլյան ԿԳԲ-ի կողմից ստեղծված ՀՀՇ-ի) բացթողումն է։ Ակնհայտ է, որ ազգային-ազատագրական պայքարի առաջին գծում կանգնած որոշ գործիչներ, լինելով նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների սպասարկուներ, չեն իրականացրել հայ ազգի ազգային շահերից բխող համարժեք միջազգային քարոզչական ու իրավաքաղաքական աշխատանք՝ ինչպես պետական, այնպես էլ միջազգային հարթակներում՝ պատշաճորեն ներկայացնելու իրականությունը՝ Արձախի բնիկ հայության շուրջ հարյուրամյա ազգային ազատագրական պայքարը ադրբեջանական գաղութարարների դեմ։

                                                      Եզրահանգում
Վ. Գարմատյուկի հոդվածը, թեև արտաքուստ խաղաղասիրական դիրքերից է գրված, իրականում կառուցված է մի շարք կիսաճշմարտությունների, բաց թողնված փաստերի և իրավական տերմինների մակերեսային մեկնաբանության վրա։ Հաշվի առնելով, որ ադրբեջանական գաղութարարների դեմ արձախհայության շուրջ հարյուրամյա ազգային ազատագրական պայքարն ունի ամբողջական  իրավաքաղաքական և պատմական հիմքեր, անհնար է իրավիճակի որևէ արդար և օրինական կարգավորում՝ առանց արդեն իսկ կայացած իրավաքաղաքական իրողությունների ընդունման։ Իսկ այդ իրողությունների անտեսումը, գիտակցված թե ոչ, նպաստում է ոչ թե խաղաղությանը, այլ՝ ազգային ազատագրական պատերազմի ռազմավարական վերագնահատման ու վերսկսման  հավանականությանը։




Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»