ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԱՍԵՐԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ

 

     

             

  2025 թ. հունիսի 16-ին իրանա-իսրայելական հակամարտությունը հասավ նոր՝ բարձր տեխնոլոգիական պատերազմական շրջափուլի։ Ի պատասխան Իսրայելի ռմբակոծումների, Իրանի կողմից արձակված հրթիռների հետևանքով միայն մեկ օրում շուրջ 2000 իսրայելցի անօթևան մնաց։ Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մի քանի ժամվա հարվածը ամբողջությամբ խաթարել քաղաքացիական կյանքը՝ առաջացնելով սոցիալ-հումանիտար ճգնաժամ։

                               Հակամարտության ընթացքը

  • Պետահ Տիկվայում հրթիռը խոցել է բնակելի շենք. զոհվել է 4 քաղաքացի, շուրջ 1300 մարդ տարհանվել է։

  • Թել Ավիվում երկու թաղամաս տուժել է, շուրջ 300 մարդ կորցրել է տուն մտնելու հնարավորությունը։

  • Բնեյ Բրակում հարվածվել է դպրոց, հարյուրավոր ընտանիքներ են տարհանվել։

  • Հայֆայում տարհանվել է 60 մարդ։

                     Դասեր ՀՀ-ի համար ապագա էսկալացիայի դեպքում

  1. Քաղաքացիական պաշտպանության պատրաստվածություն
    ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության համակարգը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով ինչպես հրետանային, այնպես էլ հրթիռային հարվածների հնարավորությունը։ Պետք է ձևավորվեն արագ արձագանքման խմբեր և պատսպարման ճշգրիտ ցուցումներ՝ բնակչության լայն շրջանակների համար։

  2. Տեղաշարժման և տարհանման պլաններ
      Իսրայելում պետության կողմից  մշակված են  տարհանման  հստակ ընթացակարգեր։ ՀՀ-ում ևս պետք է նախապես մշակվեն համայնք առ համայնք տարհանման ճանապարհներ, ժամանակավոր կացարանների և սննդաբաշխման համակարգեր։

  3. Հումանիտար պահեստների նախապատրաստում
    Պետությունը պետք է ունենա չոր սննդի, դեղորայքի, սանիտարական պարագաների պահեստներ՝ հնարավոր լայնամասշտաբ էվակուացիայի համար։

  4. Կիբերբանակի հարվածների կանխարգելում
    Ինչպես Իսրայելի օրինակն է  ցույց տալիս, հրթիռային հարվածներին զուգահեռ հաճախ իրականացվում են կիբեր հարձակումներ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ ՀՀ-ի տեղեկատվական անվտանգության համակարգը պետք է ուժեղացվի՝ խուսափելու համար հոսանքազրկումներից, ջրամատակարարման խափանումներից և տեղեկատվական քաոսից։

  5. Միջազգային համագործակցություն և պատշաճ դիրքավորում
    Իսրայելը հարվածներից հետո անմիջապես ստանում է դաշնակիցների դիվանագիտական և տեխնոլոգիական աջակցություն։ ՀՀ-ը ևս պետք է արտաքին քաղաքականությունը կառուցի այնպես, որ ճգնաժամի պահին ունենա իրական դաշնակիցներ՝ ոչ միայն հայտարարությունների մակարդակում։

    Եզրակացություն
       Իրանական հրթիռային հարվածները՝ դրանց սոցիալական և հոգեբանական ազդեցություններով, դասագիրք են այն երկրների համար, որոնք աշխարհագրորեն ու ռազմաքաղաքական առումով գտնվում են վտանգավոր միջանցքներում։ Հայաստանի Հանրապետությունը, որպես փոքր երկիր՝ շրջապատված բարդ հարաբերություններ ունեցող հարևաններով, պարտավոր է ոչ միայն պատրաստ լինել պատերազմի, այլև հնարավորինս խուսափել դրանից՝ ռազմավարական խոհեմությամբ։

    Այս առումով հատկապես կարևոր է մի ներքին մշակութաբանական վերաիմաստավորում. Հայաստանը պետք է ձերբազատվի իրեն պատմականորեն «փաթաթված» «խանգարող սեպի» հոգեբանությունից՝ այն համոզումից, թե տարածաշրջանում մեր դերը կայանում է խրվող սեպ դառնալու մեջ՝ ուժերի բախման կիզակետում։ Դրա փոխարեն, հայ  ազգի շահերից ելնելով,պետությունը պետք է որդեգրի նոր դերակատարություն՝ որպես «համերաշխության կամուրջ», որն իր վրա չի վերցնում գերտերությունների առճակատումը, այլ խթանում է երկխոսություն, հաղորդակցություն և խաղաղ գոյակցություն տարածաշրջանի ժողովուրդների միջև։ Սա ոչ միայն նվազեցնում է պատերազմական վտանգները, այլ նաև ապահովում է նոր կարգի տարածաշրջանային կենսունակություն, որտեղ Հայաստանը դառնում է համերաշխության կապող կամուրջ, այլ ոչ բախման թատերաբեմ։





Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»