ՀԱՅԱՏՅԱՑ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՂԾՈՒՄ

 

 

 Երբ պատմությունը դուրս է գալիս ակադեմիական սրահներից և վերածվում է զենքի, այն դադարում է լինել փորձաքննության ենթակա ճշմարտության որոնում ու դառնում է քաղաքական շահի սպասարկու։ Ահա թե ինչն է այսօր տեսանելի ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ, որտեղ պատմական հողերի մասին հռչակումները միաժամանակ ծառայում են և՛ ռևանշիզմի վերակենդանացմանը, և՛ միջազգային իրավունքի նենգ խեղաթյուրումներին։ Պատմության ամենավտանգավոր զենքերից մեկը հիշողության աղավաղումն է...

   Թյուրքական տարրերի հայտնությունը Հայկական լեռնաշխարհում երբեք չի եղել քաղաքակրթական կամ մշակութային զարթոնքի արդյունք։ Նրանց մուտքը պայմանավորված էր հատկապես արաբական նվաճումներով, երբ քրիստոնյա հայ բնակչության՝ խալիֆայության բռնապետության դեմ ուղղված ապստամբությունները ճնշելու նպատակով, տարածաշրջան բերվեցին թյուրքական պատժիչ ջոկատներ։ Սրանք ոչ թե կառուցողներ էին, այլ ճնշողներ՝ մշտապես օտար ուժերի կողմից ուղղորդվող։ Նույնիսկ սելջուկյան տիրապետության օրոք տեղական հայ ավատատիրությունը պահպանվում էր, իսկ օսմանյան ժամանակաշրջանում հայ ժողովուրդը, լինելով տնտեսական և կրթական հենասյուն, երբեմն համարվում էր արտոնյալ «միլլեթ»։

 Պատմական հանգուցակետը վրա հասավ 20-րդ դարի առաջին տասնամյակներում, երբ երիտթուրքական ծրագիրը՝ հիմնված պանթուրքիստական գաղափարաբանության վրա, նպատակ դրեց վերացնել ոչ թուրքական տարրերը՝ այդ թվում բնիկ հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի դեմ իրականացված  ցեղասպանությունը 1915-ին  միայն մարդկային զանգվածի կոտորած չէր. այն մշակույթների, հիշողության և քաղաքակրթական ինքնության համակարգված ջնջման ծրագիր էր։ Եվ հենց այս ծրագրի տրամաբանական շարունակությունն էր 1918 թ․ մայիսին Իրանի հյուսիսային սահմաններին արհեստականորեն ստեղծված պետությունը, որն անօրինաբար ստացավ «Ադրբեջան» անունը՝ ,,պահանջատիրություն,, ներկայացնելով պատմական Պարսկաստանի  նահանգի անվան գողությամբ։

Նուրի փաշայի առաջնորդությամբ ստեղծված այս կառույցը ոչ թե ազգային պետություն էր, այլ երիտթուրքական  ռազմական պրոեկտ՝ նախատեսված Մեծ Թուրանի ճանապարհին որպես անցումային հանգրվան։ Այդ օրից սկսած, արհեստականորեն հիմնադրված պետականության ներսում սկսվեց բնիկ հայության դեմ ուղղված զանգվածային բռնությունների, տեղահանումների և պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման մի ծրագիր, որը շարունակվում է մինչև այսօր։ Ելիզավետպոլի նահանգը՝ Արձախը, Շամքորը, Գանձակը և հարակից տարածքները, որտեղ հայերն ապրել էին հազարամյակներով, մեթոդաբար մաքրազերծվեցին հայության ներկայությունից։

   1930-ականներին Խորհրդային Ադրբեջանի պատմաբանները Մոսկվայի ցուցումով ստացան քաղաքական հանձնարարություն՝ կազմելու նոր «Ադրբեջանի պատմություն», որտեղ հայերին պետք է ներկայացնեին որպես ներգաղթածներ։ Այդ հանձնարարությամբ ծնվեց մի ամբողջ ռասիստական պատմագիտական դպրոց, որի նպատակն էր ջնջել, փոխարինել, վերանվանել ու վերասահմանել պատմական ճշմարտությունները։ Թուրքաբնակ զանգվածի ազգային ինքնագիտակցությունը ձևավորվում էր Կրեմլից և Անկարայից  պարտադրվող քաղաքական կոնստրուկցիայի տեսքով։ Հենց այդ պահից սկսած պատմությունը դադարեց լինել վերլուծության առարկա և վերածվեց քարոզչության գործիքի։

  Այս ժառանգությունն է այսօր շարունակվում Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, որը ոչ միայն կրկնում է խորհրդային պատմագիտական դպրոցի կեղծ թեզերը, այլ դրանք զարգացնում է գերկենտրոնացված ռազմաքաղաքական արշավի շրջանակներում։ Երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, թե Երևանը, Զանգեզուրը և Սևանը իրենց պատմական հողերն են, նա ոչ միայն կեղծում է պատմական իրականությունը, այլ բացահայտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնց վրա հենվում է ժամանակակից պետությունների համակեցությունը։

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ուժի կիրառմամբ տարածքների փոփոխությունը անթույլատրելի է։ Ժնևյան կոնվենցիաները արգելում են էթնիկ մաքրումները։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, որ ճանաչվել է ՄԱԿ-ի մի շարք բանաձևերով և միջազգային դատարանների նախադեպերով, Արձախի ժողովրդի դեպքում բազմիցս իրացվել է՝ սկսած 1988 թվականից՝ խաղաղ, իրավական պահանջների տեսքով։ Այս իրողությունները ոչ միայն անտեսվում են Բաքվի կողմից, այլ դիտարկվում են որպես խոչընդոտ «պատմական արդարության» հասնելու ճանապարհին։

Իրականում, երբ զավթիչը խոսում է պատմական արդարությունից, նա բնավ չի նկատում, որ պատմությունն իր ձեռքում դադարել է լինել հնագիտական կամ վավերագրական գիտություն։ Այն դարձել է հրետանային գնդակ՝ ուղղված գոյատևման պայքարի մեջ գտնվող ժողովրդի դեմ։ Այսօր, երբ պաշտոնական Բաքուն առաջ է քաշում Երևանի՝ որպես «ադրբեջանական տարածք» հայերից «ազատագրելու» ծրագիրը, առերեսվում ենք ոչ թե դատարկ հռետորաբանության, այլ քաղաքակրթական տարածքի հայատյաց վերաձևման իրական վտանգի։

Իսկ երբ զուգահեռաբար գործադրվում է միջազգային հանրության անտարբերությունը, իսկ Հայաստանի կառավարության կողմից որդեգրված «խաղաղության օրակարգը» զրկված է պատասխան գործողությունների մեխանիզմից, այն սպառնում է ոչ միայն տարածքի կորուստով, այլ՝ ազգի գոյաբանական վտանգով։

Ահա թե ինչպես է արհեստական ազգը, քաղաքական մտադրությամբ ստեղծված պետությունը և կեղծ պատմությունը միաձուլվում մի ծրագրի մեջ, որի վերջնական նպատակը մեկն է՝ վերացնել հայ ժողովրդին իր իսկ բնօրրանում։ Բայց պատմությունը, ի տարբերություն քարոզչության, ունի իր ներքին օրենքները։ Այն կարող է ժամանակավորապես լռել, բայց երբ խոսում է՝ մերկացնում է ամեն ստախոսություն։
   Խոսեցնենք պատմությունը՝ իր իսկ անունից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»