ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 3-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագիտական զեկույց Շահեն Շանթի Հարությունյանի «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ․ ԿԵՍԵՐԻՆ » ատենախոսության հիման վրա
Հեղինակ՝ Աշոտ Հարությույան, պատմաբան, ««Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» ՀԿ նախագահ
Սույն փորձագիտական զեկույցը ներկայացնում է Շահեն Շանթի Հարությունյանի «Քաղաքական այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (1960–1980-ական թթ.)» ատենախոսության քննադատական մեկնաբանությունը՝ դիտարկելով այն արդի Հայաստանի Հանրապետությունում առաջացած հասարակական-քաղաքական ճգնաժամի, արժեքային խզման և համակարգային վերափոխման պահանջների համատեքստում։ Զեկույցն իրականացված է պատմագիտական մոտեցումների ոճով և օգտագործում է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթեր՝ որպես վերլուծության միջազգայնորեն իրավաչափ հենք։
1. Ներածություն
Շահեն Հարությունյանի ատենախոսությունը ներկայացնում է խորհրդային քաղաքական համակարգի ներքին գաղափարական ճեղքերն ու դրանց ֆոնին առաջացած հայկական քաղաքական այլախոհությունը՝ որպես համընդհանուր ազատագրական շարժման տեղական արտահայտություն։ Մեր դիտարկմամբ, այդ շարժումները կարելի է բնութագրել ոչ միայն որպես ռեակցիա, այլ որպես սկզբունքային արմատական վերափոխման պահանջ, որն արդիական է նաև ներկայում՝ անկախության երեք տասնամյակ անց։
2. Այլախոհության գաղափարական հիմքերը և համակարգային դիմադրությունը
Հարությունյանի ներկայացրած շարժումների հենքում դրված են հստակ գաղափարներ՝
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում,
Հայոց լեզվի և մշակույթի ինքնության պահպանում,
Հայաստանի անկախության վերականգնում,
ԽՍՀՄ արտաքին քաղաքականության (հատկապես՝ Թուրքիայի ուղղությամբ) քննադատություն։
Իմ մեկնաբանությամբ, ազգային պատմության հետ միաձուլված քաղաքացիական դիմադրությունը «միաժամանակ և՛ արդի քաղաքականություն է, և՛ հազարամյակների պատմության շարունակություն»։
3. Արդի Հայաստանի Հանրապետությունը համակարգ է, առանց ազգային գաղափարախոսության
Թեև Հայաստանի Հանրապետությունը առերևույթ ունի ժողովրդավարական համակարգ, իրականում այն տառապում է գաղափարաքաղցով՝ ազգային նպատակային ամբողջականության բացակայությամբ։ Պատմա-քննական տեսանկյունից , «Իր պատմական նպատակը կորցրած ազգը, վերածվում է ամբոխի»։ Այս միտքն այսօր առավել քան երբևէ կիրառելի է Հայաստանի ներկա քաղաքական համակարգի համար։
4. Միջազգային իրավունքի դիտանկյունից. այլախոհությունը որպես օրինական դիմադրություն
Խորհրդային այլախոհոական շարժումները՝ ինչպես ներկայացված է Հարությունյանի ատենախոսության մեջ, լիովին տեղավորվում են միջազգային իրավունքի սահմաններում․
ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիր (1966թ.), Հոդված 1․ «Բոլոր ժողովուրդները իրավունք ունեն ինքնորոշման»։
ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ (1975թ.)
Պետությունները պարտավորվում են հարգել մարդու իրավունքները, ներառյալ՝ արտահայտման ազատությունը և քաղաքական համոզմունքների դրսևորումը։
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի 2005 թ. փորձագիտական եզրակացություն՝ ըստ որի, ժողովուրդների ձայնի արդար ներկայացուցչությունը հիմնարար ժողովրդավարական չափանիշ է։
Այս սկզբունքները ուժի մեջ են նաև այսօր՝ արդի Հայաստանի քաղաքական կյանքի գնահատման համար։
5. Համակարգային ճգնաժամից դեպի գաղափարական վերակառուցում
Ազգը անկախության կարիք չունի, եթե արժանապատվությունը խեղդված է։ Օրվա Հայաստանում. պետականության ձևը պահպանված է, ազգային բովանդակությունը՝ խաթարված։
Հենց այստեղ է, որ Շահեն Հարությունյանի ներկայացրած այլախոհ շարժումները պետք է ընկալվեն որպես նախատիպեր՝ արմատական վերափոխման գաղափարական միջուկով։
6. Եզրակացություն
Հարությունյանի աշխատությունը արժեքավոր փաստագրություն է, սակայն դրանում առկա գաղափարները չպետք է մնան «պատմության արխիվում»։ Դրանք պետք է դուրս բերվեն ներկա հասարակական օրակարգ։ Պատմության ոչ թե հուշ է, այլ քաղաքական իմաստնություն։ Հետևաբար, եթե իսկապես ուզում ենք իրական քաղաքական վերակառուցում, պետք է վերադառնանք այդ սկզբունքներին։
Այս փորձագիտական զեկույցը կոչ է վերաիմաստավորելու քաղաքական համակարգը ոչ թե ժամանակավոր ճնշումներին հարմարվելով, այլ՝ պատմական, բարոյական և իրավական ընկալումներից ելնելով՝ ստեղծել արժանապատիվ, բարեկեցիկ, արդար պետականություն։
Комментарии
Отправить комментарий