ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վերջին տարիներին Հայաստանի մտավոր դաշտում ներմուծվել են որոշ քաղաքական պատկերացումներ, որոնք, լինելով լուրջ մտահոգությունից ծնված, այնուամենայնիվ, հաճախ չեն դիմանում խորքային ռազմավարական քննադատությանը։ Այդ մոտեցումների հիմնական առանցքը հետևյալն է՝ Ռուսաստանը բացահայտորեն ձախողել է իր քաղաքականությունը Այսրկովկասում, իսկ Հայաստանը պարտվել է Մոսկվայի քաղաքական խաղերի հետևանքով, ուստի միակ ելքը լիարժեք ինքնաբավ անվտանգային և վերլուծական համակարգի ստեղծումն է՝ առանց որևէ տերության ազդեցության կամ «խորհրդի»։
Այս հայացքը, որքան էլ բնական և բխող է ապրած ողբերգություններից, չունի բավարար ռազմավարական խորություն և այլընտրանքային ուղղությունների կենսունակ քարտեզ։ Այն ավելի շուտ արձագանք է՝ քան լուծում, և այդ արձագանքի վրա ազգային անվտանգություն կառուցելը՝ վտանգավոր մոլորություն։
Իրական ինքնիշխանություն՝ բազմավեկտոր ուժային հաշվեկշռով
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը ենթադրում է ոչ թե մեկ կենտրոնի հետ միակողմանի համագործակցություն, այլ՝ հաշվարկված և համադրելի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ ՌԴ-ի բացահայտ սխալները, նրա ադրբեջանամետ և թուրքամետ դիրքավորումը վերջին տարիներին անժխտելի փաստ են։ Բայց եթե այդ կորուստը չհամալրվի նոր կենսունակ դաշնակցային կոնֆիգուրացիայով, ապա Հայաստանը ոչ թե «կազատվի» արտաքին ազդեցությունից, այլ՝ զերծ լինելով որևէ հենակետից։
Արտաքին հենակետեր չունեցող պետությունը, չի կարող պաշտպանել իր ներքին հաստատությունները։
Ուստի անհրաժեշտ է ռազմավարական դիվերսիֆիկացիա՝ ուժեղացնելով հարաբերությունները ԱՄՆ-, Ֆրանսիայի, Գերմնաիայի, Հնդկաստանի, Իրանի, Արաբական երկրների ,Չինաստանի, Ճապոնիայի և այլոց հետ։ Դրանք կարող են լինել ոլորտային, ոչ միայն պաշտպանական, այլ նաև տնտեսական և տեխնոլոգիական առանցքներով։
ՌԴ-ի քննադատությունը՝ պետք է ուղեկցվի ՀՀ ազգաբնակչությանն ուղղված ռազմավարական հաշվետվությամբ
Արտաքին սխալների բացահայտումը անհրաժեշտ է, բայց՝ անբավարար։ Պպետական և հանրային դաշտում շատ հաճախ տեղի է ունենում սեփական պատասխանատվության փոխակերպումը արտաքին մեղադրանքի։ Անտեսվում են պետական ինստիտուցիոնալ քայքայումը, քաղաքական վարքագծի իմպուլսիվությունը, ժողովրդական քաղաքական կամքի խոցելիությունը։
2020-2023 թվականների ընթացքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը աչքաթող արեց ռազմավարական, ուղեղային կենտրոններին, որոնք կկարողանային կանխատեսել, ազդել, կամ բալանսավորել արտաքին իրադարձությունները։ Առանց սեփական սխալների գիտակցման, ինքնուրույն և լուրջ վերլուծական մոդել ստեղծելը դատարկ կաղապար է։
Արձախի չխոսվող թեման՝ ռազմավարական բացթողում
Անվտանգային մոդելի շուրջ հանրային քննարկումներում ակնառու է մի ցավալի միտում՝ Արձախի հարցը, որպես գոյաբանական հիմնախնդիր, տեղ չի զբաղեցնում ազգային ռազմավարական խոսույթում։ Այս խորը բացթողումը կարող է սահմանվել որպես լռության ռազմավարություն, որը թե՛ գիտակցված, և թե՛ անգիտակցական մակարդակում հանգեցնում է Արձախը «մոռացության տալու» վտանգավոր պրակտիկային։
Իրականում, հենց Արձախն է հայկական պետականության անվտանգության և ինքնության առանցքը։ Հատկապես այսօր, երբ միջազգային ատյաններում հնարավոր է համակարգված պայքար ծավալել՝ որպես ցեղասպանության ենթարկված բնիկ ժողովրդի իրավունքների խախտման դեմ, մի շարք հստակ նախաձեռնություններ մնում են անարձագանք։ Դրանցից առանձնանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ Արմենագ Աբրահամեանի կողմից Եվրոպական դատարանում ներկայացված գործը, որը հիմնվում է Արձախի հայության՝ որպես Արևմտյան Հայաստանի բնիկ և հավաքական սուբյեկտի իրավունքների պաշտպանման վրա։
Աբրահամեանի նախաձեռնությունը, որը դրվել է իրավական բարձր չափանիշների հիմքում և ունի եռամյա դատավարական ընթացք ընդդեմ Ադրբեջանի, հանդիսանում է այն եզակի դեպքերից մեկը, երբ իրավական գործիքն օգտագործվում է որպես որպես միջազգային ճնշման լեգիտիմ գործառույթ։
Սակայն տարակուսելի է, որ այդ նախաձեռնությունը անտեսվում է թե՛ Հայաստանի 3-րդ Հանրապետության պետական համակարգի կողմից, և թե՛ Հայաստանում գտնվող այն շրջանակների, որոնք դեռևս դափնեպսակվում են «Արձախի շահերի պաշտպան» մակդիրով։
Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ, իրավականորեն կուռ ճակատ՝ հայկական դատը միջազգային հանրության առջև արժանապատվորեն ներկայացնելու համար, մենք գործ ունենք հեռանկարային նախաձեռնության մերժման, այլ ոչ թե միասնական ուժի ձևավորման իրականության հետ։
Վերլուծական ինքնաբավություն
Անշուշտ սեփական վերլուծական կարողությունների զարգացումը շատ կարևոր է և այն երբեք չպետք է վերածվի մեկուսացման գաղափարախոսության։ Փոքր պետությունների բախտորոշ որոշումները կայացվում են միջազգային փոխհարաբերությունների համակարգի ներսում։ Այդ համակարգի մեջ անհրաժեշտ է ունենալ դաշնակիցներ, գործընկերներ, թե՛ պետական, թե՛ փորձագիտական մակարդակով։
Ինքնաբավության մոդելը, եթե զերծ է համակարգային փոխգործակցության փնտրտուքից, վերածվում է քաղաքական հերմետիզմի, որն անդառնալի վնաս է պատճառում պետությանը՝ հատկապես գլոբալ ճնշումների պայմաններում։
Եզրակացություն
Հայաստանի 3-րդ Հանրապետության գոյության հարցը պահանջում է ոչ թե պաթետիկ ճշմարտություններ, այլ հաշվարկված ռազմավարություն։ Այո, Մոսկվան պարտվել է տարածաշրջանում, բայց Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նոր պարտություն։
Ուստի Հայոց ազգային շահը պահանջում է.
-
արտաքին քաղաքական բազմավեկտորություն՝ հիմնված շահերի ճշգրիտ հաշվարկի վրա,
-
սեփական պատասխանատվության հստակ գիտակցում և համակարգային վերակառուցում,
-
Արձախի հարցի՝ որպես անվտանգային և քաղաքակրթական առանցք՝ վերականգնում՝ միջազգային իրավական մեխանիզմներով,
-
և ռազմավարական դաշնակցային մոդել՝ ինքնաբավության ու միջազգային ներգրավման համադրությամբ։
Որևէ մեծ տերություն երբեք, առանց շահ ունենալու, չի ապահովի հայ ազգի անվտանգությունը: Մենք ինքներս պիտի կառուցենք այդ անվտանգությունն՝ հենվելով իրական ուժային հարաբերությունների և միասնական ազգային ճակատի վրա։

Комментарии
Отправить комментарий