ՀԱՅ ԱԶԳԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Հայության պատմական փորձը միանշանակ ցույց է տալիս, որ նույնիսկ այն մեծ տերությունները, որոնց երբևէ հուսավառ նայել ենք, հաճախ գործել են այլ շահային շրջանակների ազդեցության տակ՝ ոտնահարելով հայության ազգային շահերը։
Պատմական վկայություն
Այս իրողության հստակ օրինակ է Ռուսաստանի կայսրության քաղաքական դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի հարցում։ Ցարական արտգործնախարար Սերգեյ Սազոնովը, որին որոշ հայկական շրջանակներ մինչ օրս հիշում են իբրև հայանպաստ գործիչ, փաստացի բացահայտել է ցարական կայսրության մահմեդականամետ քաղաքականության էությունը։ Ահա նրա խոսքերը՝ երբ խոսք էր գնում Արևմտյան Հայաստանում հայերին ինքնավարություն տրամադրելու մասին.
«Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել... այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետևանք կունենա և չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:
Սերգեյ Սազոնովի հայտարարության գաղափարաքաղական վերլուծություն
1․ «Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն...»
-
Այս նախադասությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ հարցը դիտարկվում է ոչ թե իրավունքի, այլ քաղաքական նպատակահարմարության դիրքից։ Ինքնավարությունը ներկայացվում է ոչ որպես պատմական արդարության վերականգնում, այլ որպես խնդրահարույց որոշում։
-
Բնիկության սկզբունքի անտեսում
Անտեսվում է այն պարզ իրողությունը, որ խոսքը գնում է Արևմտյան Հայաստանի՝ հազարամյակներ շարունակ հայաբնակ տարածքների մասին, իսկ հայերը այս հողերի բնիկ ժողովուրդն են։
2․ «...Պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել»
-
Կեղծ փաստարկ: Սազոնովը նախ չի նշում, որ թուրքերից ազատագրվել էն բնիկ Հայակական հողեր, ապա չարաշահում է թվային հարաբերության սկզբունքը՝ դիտավորյալ անտեսելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված բռնի տեղահանությունները, ցեղասպանության նախապատրաստական փուլերը, որոնք արդեն իսկ զգալիորեն նվազեցրել էին հայ բնակչության թվաքանակը։
-
Բռնության արդյունքների լեգիտիմացում
Փաստացի սա արդարացում է ցեղային զտման հետևանքով փոխված ժողովրդագրական պատկերի։ Այս տրամաբանությամբ Սազոնովը ընդունում է, որ եթե որևէ ազգ բռնի միջոցներով նվազեցնում է այլազգիների թիվը, ապա իրավունքն անցնում է մեծամասնություն դարձողներին։ -
Պատմական իրավունքի մերժում հանուն թվային հարաբերության
Այս միտքը ուղղակիորեն հակասում է ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին։ Եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա աշխարհի շատ բնիկ ժողովուրդներ երբեք իրավունք չէին ունենա ինքնավարության կամ անկախության։
3․ «Թուրքերի պատժիչ միջոցներից հետո՝ թվական հարաբերությունն ավելի է փոխվել ի վնաս հայերի...»
-
Բռնության մեղմացում որպես «պատժիչ միջոց»: Սազոնովը ցեղասպանության նախապատրաստական փուլերը ներկայացնում է իբրև պարզապես «պատժիչ միջոցներ», ինչը ոչ միայն պատմական փաստերի աղավաղում է, այլև թուրքական հանցագործությունների փաստացի արդարացում։
-
Բռնազավթման քաղաքականության լեգիտիմացում
Հայերի թվաքանակի նվազեցումը ներկայացվում է իբրև բնական ու անվիճելի հանգամանք, մինչդեռ այն հետևանք է պետական մակարդակով իրականացված բռնությունների և տեղահանությունների։
4․ «...Հայերը ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի բնակչության 25%-ը»
-
Պաշտոնական թվերի մանիպուլյատիվ օգտագործում
Առանց դիտարկելու, թե ինչ պատմական ընթացք է բերել այդ թվին, Սազոնովը օգտագործում է «մեկ պահին» վերցված վիճակագրություն՝ որպես «հավերժական» հիմք՝ ինքնավարության դեմ։ -
Հակաբնիկ մոտեցում
Այս դիրքորոշումը կանխորոշում է մի վտանգավոր նախադեպ՝ եթե որևէ ժողովուրդ ջարդի կամ տեղահանի բնիկին, ապա դա նրան տալիս է տիրապետության իրավական հենք։
5․ «Այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետևանք կունենա...»
-
Արդարության աղճատված ընկալում
«Անարդար» է համարվում հայերի ինքնավարությունը, ոչ թե նրանց նկատմամբ իրականացված հալածանքները, բռնությունները, ցեղասպանությունը։ Սա արդարության ծայրահեղ աղավաղում է՝ շահեկան քաղաքական ելքի օգտին։ -
Բռնարարի պաշտպանության դրսևորում
Սազոնովի խոսքից պարզ է՝ ռուսական կողմը գերադասում է «չվիրավորել» մահմեդական մեծամասնություն դարձածներին, նույնիսկ եթե այդ մեծամասնությունը ձևավորվել է բռնի ճանապարհով։
6․ «...Եվ չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»
-
Թշնամական հակումների վերագրում հայերին
Հայ ժողովրդին՝ զոհի կողմին, վերագրվում է իբր «ստրկացնելու» կամքի դրսևորում։ Սա դասական քարոզչական հնարք է՝ զոհին դարձնել պոտենցիալ հանցագործ, որպեսզի արդարացվի նրա նկատմամբ անարդարությունը։ -
Սոցիալական անարդարության ակնհայտ կանխատեսում որպես փաստ
Իրականում հայերի նպատակն երբեք չէր եղել որևէ մեկին ստրկացնել, այլ վերականգնել սեփական ինքնիշխան գոյությունը։ Իսկ Սազոնովը կանխավ մերժում է հայերի իրավունքները՝ հղում անելով հիպոթետիկ «ստրկացման» սցենարին։
Այս ֆոնին հայության համար չի կարող լինել կայուն ու արժանապատիվ ապագա, եթե մենք շարունակենք մեր գոյության հուսալքված տրամաբանությունը՝ հենվելով արտաքին ուժերի օգնության կամ բարեկամության վրա։ Մեր ազգային ճանապարհը պետք է հենված լինի ինքնիշխանության, ինքնաբավության և սեփական աշխարհաքաղաքական դերակատարման նոր ընկալման վրա։
Ուղենիշ
-
Պետք չէ ապավինել որևէ գերտերության բարեկամությանը, քանի դեռ մեր շահերը չեն համընկնում նրանց շահերի հետ։
-
Պետք է ձևավորել հայակենտրոն աշխարհընկալում, որի առանցքում հայի արժանապատվությունն ու որոշում կայացնելու իրավունքն է։
-
Անհրաժեշտ է ազատվել «պաշտպանի» սպասող ժողովրդի հոգեբանությունից և վերագտնել Հայ Ազգի «պաշտպանվողի» դերը՝ մեր Հայրենիքի, մեր ժառանգության ու մեր ապագայի հանդեպ։
Комментарии
Отправить комментарий