ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ որպես իրավազոր որոշում, սակայն ոչ համահայկական մանդատ
    «Նպատակասլաց Ազգը հստակ իմանում է ապրելու և ամբողջանալու իր մեծ կամքը»։

Հայ Ազգը կանգնած է ոչ թե հերթական ճակատագրական, այլ պատմական ճշմարտության վերաձևակերպման և քաղաքական ամբողջացման շեմին։ Որոշումները, որոնք ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից՝ քաղաքական իշխանության մակարդակով, իրենց վրա կրում են իրավազորության որոշակի սահմանափակումներ։ Դրանք չեն կարող ընկալվել որպես համայն հայության վերջնական կամք, քանզի համայն հայությունն իր ներքին գոյաբանական և պատմական փորձով բարձրագույն քաղաքական սուբյեկտ է՝ ցեղասպանություն վերապրած և բռնազավթված հողերից բռնի հեռացված ժողովուրդ։

  Հայկ Ասատրյանն այս առնչությամբ ասել է. -«Ազգը ոչ միայն բնակչություն է, այլ՝ բարձրագույն ինքնություն։ Ազգն իր գոյության միակ իմաստը տեսնում է պետական ինքնիշխանության մեջ»։

ՀՀ վարչապետի սահմանային հայտարարության սահմանափակ իրավազորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետության սահմանները 29,800 քառ. կմ-ով սահմանափակելու դիրքորոշումը՝ «պետականության ամրապնդման» և «խաղաղության հաստատման» հիմքով, ըստ էության ներկայացնում է միայն ՀՀ –ում թուրքական կողմնորոշում որդեգրած քաղաքացիների կամք։ Այս հայտարարությունը կարող է քաղաքական գնահատական ստանալ որպես՝ կարճաժամկետ շահերի գերակայություն ազգային ինքնության նկատմամբ։

Սակայն հենց այդ սահմանափակումը, որ վարչապետն ինքը փաստացիորեն ընդունում է՝ ՀՀ տարածքով իր լիազորության շրջանակը, բացում է հնարավորություն մյուս հատվածների՝ Արձախահայության և աշխարհասփյուռ հայության համար, ինքնուրույն իրավական-քաղաքական գործողություններ սկսելու՝ առանց հակասելու ՀՀ պաշտոնական դիրքորոշումներին։

 Գարեգին Նժդեհը զգուշացնում էր. -«Ով մոռանում է Արծիվների բարձունքները, կկորցնի իր Հայրենիքը և կդառնա իր մոռացության զոհը»։

Աշխարհասփյուռ հայությունը՝ որպես իրավահաջորդ ազգային կամքի կրող

   Իր բնաշխարհում ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայությունը, որի թիվը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ բնակչությանը, իրավունքի ուժով պահպանել է իր հավաքական սուբյեկտայնությունը՝ որպես ազգային կամքի իրավահաջորդ։

Միքայել Նալբանդյանը գրել է.-«Ազգը, որ կորցնում է իր պատմական հիշողությունը, վերածվում է ամբոխի»։

Արձախի գործոնը՝ որպես իրավական և կազմակերպչական շարժիչ ուժ

2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արձախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով՝ ավելի քան 100,000 բնիկ հայեր բռնատեղահանվեցին։ Սակայն այս փաստը չի վերացնում Արձախի պետականության իրավաբանական էությունը, ոչ էլ Արձախի համայնքներից որևէ մեկը լուծարվելն  է իրավական կարգով։

Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 180-ի.-«Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։»

Սա նշանակում է, որ Արձախի նախկին համայնքներն իրավունք ունեն՝ նույնիսկ ՀՀ սահմաններից դուրս՝ վերակազմակերպվելու և վերագործարկվելու՝ որպես իրավաբանական իրավահաջորդ համայնքներ: ՀՀ-ում ապրող շուրջ կես միլիոն  արձախահայերը կարող են ստեղծել պետականության վերականգնման բյուջե, ղեկավար ունենալ ազգային արժանապատվություն ունեցող քաղաքական ներկայացուցչություն և ենթակառուցվածքներ։

  Այս գործընթացը բխում է Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից. երբ ՀՀ պաշտոնական իշխանությունն ասում է, որ իր իրավազորությունը տարածվում է միայն ՀՀ 29,800 քառ. կմ-ի վրա, ապա դա ազատում է Արձախի բռնագաղթած հայությանը՝ իր սեփական իրավաքաղաքական կամքը վերականգնելու որևէ արգելքներից։

Նժդեհն է ասել .- «Ազգը կարող է ժամանակավորապես կորցնել իր տունը, բայց եթե նա չի կորցրել իր հոգին, նա տերն է իր Հայրենիքի»։

   ՌԴ հայության դերը՝ որպես կայուն հենարան

Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրում են Արձախի ծագմամբ տասնյակ հազարավոր բռնագաղթած հայեր, որոնց զգալի մասն ունի սերտ համայնքային կապեր։ Այս ռեսուրսը՝ մարդկային, կազմակերպչական և նյութական առումներով, կարող է ծառայել Արձախի համայնքների վերագործարկմանը։

·         Վերականգնել համայնքային խորհուրդներ և գյուղապետարաններ,

·         Ներկայացնել համայնքների հողի, գույքի և բնակչության ռեգիստրներ,

·         Կազմավորել ժամանակավոր պետական մարմիններ՝ մինչև հայրենիքի վերադարձ։

Այս ձևաչափով Արձախի պետականության վերակառուցումը ոչ միայն հնարավոր է, այլ՝ օրինական և պատմական պարտադրանք։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը՝ որպես քաղաքական-իրավական մարմնավորում

2004թ. Շուշիում սկիզբ առած Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն՝ իր ղեկավար Արմենակ Աբրահամյանի նախաձեռնությամբ, հանդիսանում է իր իսկ Բնաշխարհում թուրերի կողմից ցեղասպանության ենթարկված և հայրենազուրկ մնացած հայության արդարացի և իրավական պահանջատիրության մարմնացում։

Այն հիմնված է հետևյալ հենքերի վրա՝

·         Սևրի դաշնագիր (1920թ.),

·         Ուիլսոնի իրավարար վճիռ,

·         ՄԱԿ-ի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներ,

·         Ցեղասպանության 1948թ. կոնվենցիա։

Վահան Տերյանը գրել է.-«Ով չի պահանջում իր հողերը, վաղը կկորցնի լեզուն։ Ով չի հիշում իր կոտորածները, վաղը կսկսի իր կոտորողի պաշտամունքը»։

Պետականության երեք մոդելներ՝ որպես տեսլական

1.    Արևմտյան Հայաստանի Հանրապետություն,

2.    Սահմանադրական միապետություն,

3.    Թեոկրատական պետություն՝ պատմամշակութային հենքով։

Թումանյանը գրել է.-«Ազգը պիտի հստակ գիտակցի իր հոգին՝ չկորցնելու իր մարմինը»։

Ռաֆֆին հիշեցնում է.-«Միայն հոգով ուժեղ ժողովուրդը կարող է վերակերտել իր կորցրած մեծությունը»։

Իրավունքի գերակայությունը՝ սահմանների և ժամանակների վեր

Ժնևի 1949 թ. չորրորդ կոնվենցիան և ՄԱԿ-ի ազգերի ինքնորոշման սկզբունքները վկայում են, որ՝

·         Զավթված տարածքը չի չեղարկում ժողովրդի ինքնության իրավունքը,

·         Բռնագաղթը չի լուծարում համայնքները որպես իրավաբանական անձինք,

·         Ժողովուրդների իրավական իրավունքները մնում են ուժի մեջ՝ մինչև արդարացի վերադարձ։

Զգոնություն և կոչ Հայությանը

Ժամանակը չի սպասում։
Համահայկական պետությունը այլևս տեսլական չէ, այլ՝ կենսական անհրաժեշտություն։ ՀՀ-ն իր իրավազորության սահմաններում կարող է հանդես գալ որպես պետություն, բայց հայ ժողովրդի ամբողջական քաղաքական կամքը պետք է տարածվի Հայկական Լեռնաշխարհի ամբողջության վրա՝ Տրապիզոնից մինչև Շիրվան, Այասից մինչև Վան և Շուշի։

Հայկ Ասատրյանը գրում էր. -«Մեր խնդիրը այլևս ոչ թե գոյատևելն է, այլ՝ վերականգնելը այն ամբողջը, ինչը խլվել է մեր հոգուց, մեր տարածքներից և մեր հիշողությունից»։

Եզրակացություն

Համահայկական պետականությունը այլևս ցանկություն չէ, այլ՝ գոյության և արժանապատվության պարտադրանք։ Այն պետք է արտահայտվի հզոր համահայկական շարժումով՝ իրավական, բարոյական և գաղափարական հիմքերով՝ հենված պատմական արդարության և միջազգային իրավունքների վրա։

Ժամանակն է պահանջելու՝ իմաստությամբ, կազմակերպվածությամբ և օրինական հիմքերով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»