ՀԱՅՈՑ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՔՅԱԼԸ

 


    Հայկական իրականության մեջ արդեն վաղուց հասունացել է առաջնորդի բացակայության ճիչը։ Այնպիսի առաջնորդի, որն ունակ է կրելու պատմության ամբողջական ծանրությունը՝ առանց շղարշվելու հարմարության ու քաղաքական շուկայի գայթակղություններով։

Այսօր մեր ազգային միջավայրը ոչ միայն այլասերված է, այլ նաև դարձել է մաքուր արժեքների աղավաղման դաշտ։ Մարդկության պատմության ընթացքում կերտված մեծագույն գաղափարներն այստեղ մաշվում են բառացիորեն։ Ազատության գաղափարը դարձել է անպատասխանատվու-թյուն, արժանապատվությունը՝ ցուցադրություն, իսկ հայրենասիրությունը՝ կերուխումի ծես։
   Այս մռայլ և գորշ իրողության խորքում կանգնած է մի բացակա կերպար՝ Առաջնորդը, որ դեռ չի ստանձնել իր ճակատագրական առաքելությունը:  
Վաղվա հայ առաջնորդը պիտի ունենա Գարեգին Նժդեհի ազնվությունն ու անխորտակ հայրենապաշտությունը։  Նժդեհի նման, Նա պատրաստ պիտի լինի վտարանդի դառնալ իր ընտանիքից՝ հանուն Հայրենիքի: Մեր ժամանակների առաջնորդը, պիտի գիտակցի, որ իր առաջ կանգնած է մահվան դատապարտված Հայրենիքի նավը, և ինքը ստանձնում է այդ խորտակվող նավի ղեկը մրրկածուփ օվկիանոսում։
Այդ նավը կարող է դուրս բերել միայն այն անձը, ով միաժամանակ կրում է
*Աշոտ 2-րդ Երկաթիի անողոք կազմակերպչական միտքը,
*Պողոս Նուբարի և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի քաղաքական իմաստնությունը,
*Վարդան Մամիկոնյանի և Ուինսթոն Չերչիլի ռազմատենչ վճռականությունը,
*Անդրանիկ Օզանյանի և Ջուզեպպե Գարիբալդիի հերոսական իրատեսությունը,
*Գրիգոր Նարեկացու և Նժդեհի ոգեղեն ճշմարտությանը։
Որպես առաջնորդ, նա պետք է լինի իր ժողովրդի արյունահոսող սրտի կանչով խոսող և ժամանակից առաջ քայլող: Նա պետք է կարողանա միաժամանակ լինել խստապահանջ ու սիրող, արդար ու ուժեղ ձեռքով առաջնորդող։ Նա չպիտի լինի սոսկ կուսակցական կամ համակարգային դեմք, այլ՝ պատմական ճակատագրի պատասխանատու կրող, մի իսկական վերապրած, իմաստուն հոգի, որ եկել է ոչ թե հաճոյանալու, այլ բարձրացնելու, մաքրելու և հանուն Հայրենիքի շենացման  պայքարելու։
Այսօր Հայաստանի կառավարման ղեկը ստանձնել նշանակում է ոչ թե իշխանություն ունենալ, այլ մենավոր ու դժոխային ճանապարհով նահատակվելու պատրաստ լինել։ Մեր փրկության առաջնորդը նա է լինելու, ով ընտրում է այդ ճանապարհը՝ գիտակցաբար, անձնական փառքի մերժումով և պարտադրված ճակատագրի առաջ ծնկի չգալու երդմամբ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»