«Խաղաղության խաչմերուկը» որպես Հայկական ռազմավարություն

 

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ։ Պարտությունը ծանր էր դրա անմիջական պատասխանատու  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության համար,որն օրեցօր կորցնում է ժողովրդի վստահությունը։ Սակայն այստեղ կա մի նուրբ երևույթ․ եթե անգամ իշխանությունը վստահություն չի վայելում, դա չի նշանակում, որ նրա առաջ քաշած յուրաքանչյուր գաղափար պետք է մերժվի։ Հակառակը՝ երբեմն պետության շահերից բխող ծրագրեր կարող են հնչել նույնիսկ այն ղեկավարներից, որոնց քաղաքական վարքագիծը մենք մեղմ ասած չենք կիսում։

Այսպիսին է հենց «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

Ինչու՞ հենց «Խաղաղության խաչմերուկ»

Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է առաջ մղել Իլհամ Ալիևի  «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագիծը։ Այս անվանումը շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ «միջանցք» բառը ենթադրում է այնպիսի տարածք, որտեղ Հայաստանը լիակատար վերահսկողություն չունի։ Այսինքն՝ մեր սեփական հողում ստեղծվում է օտար ուժերի ազդեցության գոտի։ Թուրք-ադրբեջանական տանդեմի «Զանգեզուրի միջանցքի» նպատակն էլ հենց դա է՝ հայկական պետականության ներսում մի ճեղք բացել, որի միջոցով կարող են ապահովել իրենց աշխարհաքաղաքական շահերը։

Միաժամանակ հնչել են նաև այլ տարբերակներ՝ օրինակ «Թրամփի կամուրջ»։ Անունը կարող է ավելի մեղմ թվալ, բայց բովանդակությունը նույնն է․ Հայաստանը դրվում է ուրիշների նախագծի տակ, և հայ Ազգի ինքնիշխանությունը մղվում է երկրորդ պլան։

«Խաղաղության խաչմերուկ» հասկացությունը բոլորովին այլ է։ Խաչմերուկը բաց չի թողնում տարածքը հայկական վերահսկողությունից, այլ ցույց է տալիս, որ հենց Հայաստանն է դառնում  ճանապարհների և երկաթուղիների հանգույցը, որտեղ բոլորը կարող են հանդիպել, բայց Հայաստանի օրենքներով, Հայաստանի վերահսկողությամբ։ Այստեղ չի խոսվում միջանցք տալու մասին, այլ՝ մեր Հայրենիքի աշխարհագրական դիրքը օգտագործելու խաղաղության և առևտրի համար։

Ինչ է «Խաղաղության խաչմերուկը» տալիս Հայաստանին

  • Ինքնիշխանություն. Ցանկացած ճանապարհ անցնում է Հայաստանի սահմանային կետերով, հայոց մաքսային ծառայություններով և մեր Հայրենիքի օրենքներով։

  • Գործոն դերի պահպանում. Եթե Հայաստանը ներկայացնում է իր տարածքը որպես «Խաղաղության խաչմերուկ», ապա միջազգային խաղացողները հասկանում են, որ  առանց պաշտոնական Երևանի հետ պայմանավորվելու ոչ մի բան հնարավոր չէ։

  • Տնտեսական օգուտ. «Խաղաղության խաչմերուկ» լինելը նշանակում է ստանալ հարկեր, մաքսատուրքեր, ստեղծել նոր աշխատատեղեր ու ծառայություններ։

  • Խաղաղության գաղափար «Խաղաղության խաչմերուկը»  դիվանագիտական ուղերձ է աշխարհին, որ Հայաստանը ոչ թե խոչընդոտում է կապերին, այլ հակառակը՝ պատրաստ է իր տարածքը դարձնել համագործակցության կենտրոն։

Եթե հայկական որոշ թերուցենր են  խոսում «Զանգեզուրի միջանցքից» կամ «Թրամփի կամուրջից», ապա անուղղակիորեն ընդունում են, որ այդ տարածքը Հայաստանի վերահսկողության տակ չէ։ Այսինքն նման հեղինակները հինգերորդ շարասյուն են և հայերիս զրկում են  գործոն դերակատարությունից և թույլ են տալիս, որ ուրիշները տնօրինեն մեր Հայրենիքի ռեսուրսները։

Այստեղ է, որ «Խաղաղության խաչմերուկը» դառնում է ոչ միայն դիվանագիտական, այլև հոգեբանական ձեռքբերում։ Այն հիշեցնում է բոլորին՝ թե մեզ, թե աշխարհին, որ Հայաստանը չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը։

Իբրև վերջաբան

Այո, Փաշինյանի իշխանությունը կորցրել է ժողովրդի վստահությունը։ Այո, բազմաթիվ և երբեմն աններելի սխալներ են թույլ տրվել թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է մերժել մեր Հայրենիքի համար օգտակար մի գաղափար, որ հնչում է այդ իշխանության կողմից։ «Խաղաղության խաչմերուկը» հայկական ռազմավարություն է, որը  ոչ թե ժողովրդի վստահությունը կորցրած մեկ անձի նախաձեռնություն է, այլ՝ ողջ ազգի համախմբված դիրքորոշում։

Որքան մենք ինքներս հստակ հայտարարենք, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» է՝ և ոչ թե միջանցք իսկ գուցե՞ մի անցումային բակ- проходной двор-passage yard)  , այնքան ավելի ամուր կպահպանենք մեր պետության դիրքերը։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»