Մարդու արձան Պորտասարում
Չնայած հայ-թուրքական շեփորահարվող բարեկամությանը, պաշտոնական Անկարան անգամ մշակութային ոլորտում շարունակում է մոռացության տալ բնիկ հայերի մշակույթը։ Դրա վառ օրինակներից մեկն է Պորտասարի (հայտնի է նաև որպես Գյոբեկլի-Թափե) հնավայրի գտածոն, որի մասին թուրքական կողմը հանդես եկավ մշուշոտ հայտարարությամբ՝ ակնարկելով իբր միջագետքյան լեզվի հետ կապերի մասին, սակայն առանց որևէ հիշատակում անելու բնիկ հայ ժողովրդի մշակույթի մասին։
Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան հատվածում գտնվող Պորտասարում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մարդու արձան, որի տարիքը կազմում է մոտ 12․000 տարի։ Հայտնաբերման մասին տեղեկացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության մինիստրությունը։
Պորտասարի տաճարային համալիրում, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի հարավարևմուտքում, գտնվել է մարդու արձան, որը պատի մեջ էր զմռսված։ Գիտնականների տվյալներով՝ գտածոյի տարիքն ավելի քան 12․000 տարի է։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության մինիստրի խոսքերով՝ այս հնագիտական գտածոն կօգնի ավելի խորությամբ ուսումնասիրել Միջագետքի բնակիչների լեզուն։
Գտած արձանը դրված է եղել հորիզոնական դիրքով։ Դրա մեջ որոշակի խորհրդանշական իմաստ կա, կարծում են գիտնականները։ Ամենայն հավանականությամբ՝ այդ դիրքով այն տեղադրվել է որպես ընծա, որ հին մարդիկ թողել են այստեղ ծիսական արարողության ժամանակ։
Գիտնականները Պորտասարն անվանում են «աշխարհի պատմության մեկնարկային կետ»։ Համալիրը գտնվում է Շանլըուրֆա քաղաքի մոտ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության մաս։ Գլխավոր համալիրի տարիքն առնվազն 10․000 տարի է, այսինքն՝ այն կառուցվել է Եգիպտոսի բուրգերից էլ ավելի վաղ։
Պորտասարի տարածքում պեղումները ընթանում են զուգահեռ վերականգնողական աշխատանքների հետ։ Պատմական վայր մուտքն ապահովելու համար իշխանությունները կառուցում են զբոսաշրջային քայլուղիներ և բարեկարգում տարածքը։ Կանխատեսվում է, որ ապագայում Պորտասարը կդառնա Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը՝ առանց հիշատակելու, որ այդ ամենը անմիջականորեն կապված է բնիկ հայերի մշակույթի հետ։
Միևնույն ժամանակ միջազգային գիտական շրջանակներում առկա է այլ ընկալում։ Օքսֆորդի, Համբուրգի և Յերուսաղեմի մի շարք գիտնականներ, ուսումնասիրելով գտածոները, շեշտում են, որ Պորտասարը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում և հենց այստեղ է սկիզբ առել վաղ քաղաքակրթության ծիսական և խորհրդանշական համակարգը։ Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտի ուսումնասիրությունները ևս հաստատում են, որ համալիրի չափազանց զարգացած պատկերաքանդակներն ու տաճարային կառուցվածքները պատկանել են խորքային մշակութային ավանդույթ ունեցող Հայկական լեռնաշխարհի ժողովուրդներին։
Այդ տեսակետը համահունչ է նաև այն միջազգային գնահատականներին, ըստ որոնց՝ Պորտասարը ոչ թե առանձին կանգնած հնավայր է, այլ մաս է Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթական օջախի, որի ժառանգորդներից են հայերը։ Ուստի այն դիտավորյալ անտեսելը թուրքական կողմից ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական և մշակութային հաշվարկ՝ հայկական մշակութային ժառանգության պատկանելիությունը մոռացության մատնելու և յուրացնելու նպատակով։
Комментарии
Отправить комментарий