Վտանգված չէ՞ Նեմրութի համաշխարհային ժառանգությունը

 

Նեմրութ լեռը (մոտ 2134 մ բարձրություն) Թուրքիայի վերահսկողությանն անցած Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ամենահիշարժան վայրերից մեկն է , որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Նեմրութ լեռը իր հսկայական դամբարանով և մոնումենտալ արձաններով համարվում է հնագիտության ու պատմության եզակի հուշարձան։

Պատմական նախապատմություն

Կոմմագենի թագավորությունը մ.թ.ա. 1-ին դարում ղեկավարում էր Անտիոքոս I-ը (մ.թ.ա. 70–38), ով ձգտում էր ամրապնդել իր իշխանությունը և միավորել հայկական, հունական և պարսկական  մշակութային լավագույն ավանդույթները։ Նրա հրամանով Նեմրութ լեռան գագաթին կառուցվեց հսկայական դամբարանային համալիր, որը խորհրդանշում էր Աստվածներից շնորհված մարդկային իշխանության ոչ հավերժական լինելը։

Մոնումենտալ համալիր

Լեռան գագաթին կառուցված տեռասները զարդարված են մինչև 15 մետր բարձրությամբ արձաններով։ Դրանք պատկերում են Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր  Արամազդին և  Սուրբ Դիցերին ,ինչպես նաև թագավոր Անտիոքոս I-ին։ Հսկայական արձանները ժամանակի ընթացքում փլվել են, և այսօր դրանց գլուխները անմխիթար վիճակով, առանձին շարանով փռված են լեռան գագաթին՝ ստեղծելով աշխարհում եզակի բարձիթողիության տեսարան։

 Նեմրութի արձանախմբի մեջ  ներառված են նաև առյուծի և արծվի պատկերներ, որոնք խորհրդանշում էին Երկնայինների ուժն ու պաշտպանությունը։ Արձանների հետ մեկտեղ պահպանվել են նաև արձանագրություններ, որտեղ թագավորը  հիմնավորել է իր աստվածային ծագումն ու իրավահաջորդությունը։

Արվեստ և մշակութային ժառանգություն

Նեմրութ լեռան համալիրի ճարտարապետությունն ու քանդակագործությունը վկայում են այն ժամանակների լավագույն մշակույթների խառնուրդի մասին։ Այստեղ հստակ միաձուլված են հայ-հելլենական և պարսկական ավանդույթները։ Այդ պատճառով Նեմրութը ոչ միայն հնագիտական արժեք ունի, այլև ցույց է տալիս տարածաշրջանի բազմաշերտ ինքնությունը։

Բնության հրաշքը

Լեռը հիացնում է նաև իր բնությամբ։ Ամենահայտնի փորձառություններից են Նեմրութի գագաթին արևածագն ու մայրամուտը։ Այս պահերին հսկա արձանները ստանում են ոսկեգույն և վարդագույն երանգներ՝ ստեղծելով խորհրդավոր և անմոռանալի տեսարան։

Արտեֆակտներ և հուշարձաններ

Բացի դամբարանային համալիրից, Նեմրութ լեռը հարուստ է այլ հնագիտական կառույցներով․

  • Մոնումենտալ շատրվաններ և զոհասեղաններ,

  • Արքայական դամբարաններ,

  • Արձանագրություններ, որոնք արժեքավոր աղբյուր են տարածաշրջանի պատմության ուսումնասիրության համար։

Այս բոլոր հուշարձանները վկայում են Կոմմագենի թագավորության քաղաքական, կրոնական և մշակութային ժառանգության մասին։

Ժառանգության պահպանության արդիական խնդիրները

Չնայած Նեմրութ լեռը համաշխարհային ժառանգության եզակի կոթող է, Թուրքիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ սահմանափակվել են միայն զբոսաշրջային եկամուտների հավաքմամբ։ Ամեն տարի հարյուր հազարավոր այցելուներից ստացվող ահռելի ֆինանսական միջոցները գրեթե չեն ուղղվում համաշխարհային նշանակության հուշարձանի իրական վերականգնմանն ու պահպանությանը։ Պատճառը անթաքույց արմենոֆոբիան է, որի հետևանքով արձանները շարունակում են քայքայվել բնության ազդեցությունից՝ վտանգելով իրենց ամբողջականությունը։

 Այս իրավիճակը պետք է մտահոգի ոչ միայն պատմության ու մշակույթի սիրահարներին, այլև միջազգային հանրությանը։ Հաշվի առնելով, որ Նեմրութ լեռը արտացոլում է ոչ միայն Կոմմագենի թագավորության, այլև հայկական,  հելլենական և պարսկական մշակույթների խաչմերուկը, լիովին հիմնավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը՝ ստեղծել հույն-թուրք-հայ-իրանական միասնական հանձնաժողով, որը կներգրավի մասնագետների և կառույցների չորս երկրներից։ Նման ձևաչափը կերաշխավորի, որ հուշարձանի վերականգնման և պահպանման աշխատանքները իրականացվեն ոչ թե քաղաքական նեղ շահերով, այլ գիտական, մշակութային և համամարդկային արժեքներով։

Նեմրութ լեռը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն վերականգնելու համար քառակողմ հանձնաժողովի ստեղծումը  կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության ակնառու օրինակ։






Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»