«Խաղաղության խաչմերուկը» որպես արդարության կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև

  

  Մի կողմ դնելով անվստահությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուրսի նկատմամաբ, նկատենք, որ վերջերս  Հայաստանի արտաքին քաղաքական հռետորաբանության մեջ նկատվում է «անսպասելի շրջադարձ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանության տարիներին հաճախ էր շփոթում ազգային շահը Էրդողանի և այլոց  հաճոյախոսության հետ, հանկարծ հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք» գոյություն  չունի, քանի որ դա նշանակում է ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Հնչեց ճիշտ, գրեթե պետականորեն։ Արդյո՞ք ուշացած ճշմարտությունը կարող է մաքրել անդառնալիորեն կորցրած վստահությունը։

Այո՛, հայտարարությունը ժամանակին էր՝ հաշվի առնելով Ադրբեջանի աճող լկտիությունը և միջազգային խաղացողների հետաքրքրությունը Հարավային Կովկասում։ Բայց այն հնչեց ոչ թե համոզված պետական ղեկավարի ձայնով, այլ այն մարդու, ով հայտնվելով անկյունում, «հասկացել է»՝ այլևս նահանջի տեղ չկա։ 

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ ՉԿԱ ՝ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ»

Ալիևի բազմիցս հնչեցրած պահանջը՝ ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», իրականում ոչ թե տնտեսական կապի գաղափար է, այլ Իլահամ Ալիևի ագրեսիվ, քաղաքական շանտաժ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին իր պետության սահմաններն ընդլայնելու անթաքույց մղումներով։
Այս ձևակերպման տակ թաքնված է Ադրբեջանի ձգտումը՝ Հայաստանը վերածել անցուղու...

 ՀՀ վարչապետ Փաշինյանի հակադարձումը՝ որքան էլ ուշացած լինի, առաջին անգամ  հստակ սահման գծելու փորձ է՝

Հայաստանի տարածքով կարող են անցնել Հյուսիսն ուՀարավը և Արևմուտքն ու Արևելքն իրար կապող երկաթուղիներ և մայրուղիներ , բայց ոչ միջանցք-անցուղիներ։

Այդ տարբերությունն էական է․
Միջանցքը ենթադրում է օտարված տարածք, որտեղ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը։
«Խաղաղության խաչմերուկը»՝ ենթադրում է պետություն, որը վերահսկում է իր տարածքը (թեկուզ ԱՄՆ աջակցությամբ)  և դառնում է հաղորդակցության համակարգող։

Եթե վարչապետ Փաշինյանն իրոք անկեղծ է այս դիրքորոշման մեջ, ապա թող բացատրի՝ ինչու «Խաղաղության խաչմերուկի» տեսլականում տեղ չի հատկացվում Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին՝ որպես իրավահաջորդ և պատմական սուբյեկտ։
Թե՞ խաչմերուկի գաղափարը ևս հերթական «PR» հնարք է՝ քողարկելու իրական անգործությունը։ 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ՝ ՆՈՐ ՏԵՍԼԱԿԱՆ ԹԵ՞ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ  ՄԱՆԵՎՐ

«Խաղաղության խաչմերուկ» գաղափարը՝ եթե այն դիտարկենք առանց ներքաղաքական շահերի, կարող է դառնալ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական պատասխանը տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ նոր կապերին։

Այն ենթադրում է, որ Հայաստանը ոչ թե միջանցք է, այլ համակարգող հանգույց, որտեղ հատվում են Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք երկաթուղիներ և մայրուղիներ։
Այս մոտեցումը ապահովում է երեք սկզբունք.

  • չկա տարածքային զիջում,

  • գործում է պետական վերահսկողություն,

  • վերանում է  Ադրբեջանի կողմից տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու փորձերը և հարևաններին  իր կամքը պարտադրելը։

Բայց այս ամենը ուժ չունի, քանի դեռ Հայաստանը չի կարողանում հստակեցնել իր իրավական հիմքը՝ Սևրի պայմանագրով ճանաչված Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Խաղաղության խաչմերուկի գծագրությունը, ուզենք թե ոչ, անցնում է հենց այդ պատմական սահմանների վրայով։ 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Խաչմերուկի գաղափարը հնարավոր չէ պատկերացնել առանց պատմական իրավահաջորդության ճանաչման։
Սևրի դաշնագրով (1920 թ.) միջազգային հանրությունը հաստատել է Հայաստանի անկախ պետականությունը՝ ներառյալ արևմտյան գոտիները։
Այս իրավական փաստաթուղթը ոչ միայն ուժը չի կորցրել, այլև մնացել է միակ վավեր միջազգային հիմքը, որով կարելի է կառուցել արդար և կայուն խաղաղություն։

Հետևաբար՝ եթե Փաշինյանը իրոք առաջնորդվում է սուվերեն շահերով,
թող պահանջի, որ Խաղաղության խաչմերուկի բանակցային ձևաչափում ընդգրկվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը։
Այդպես Հայաստանը ոչ միայն կդառնա կապող օղակ, այլև՝ պատմական արդարության պաշտպան։

ԱՄՆ ՄԱՆԴԱՏԻ ՎԵՐԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՈՉ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏՔ 

Սևրի դաշնագրի 89-րդ հոդվածը նախատեսում էր, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը սահմանազատում է Հայաստանի սահմանները և իրականացնում մանդատային վերահսկողություն։
Այս դրույթը այսօր կարող է վերարժևորվել խաղաղության խաչմերուկի համատեքստում․
ԱՄՆ ներկայությունը կարող է հանդես գալ ոչ թե որպես արտաքին ազդեցություն, այլ որպես պատմական պարտավորության իրականացում՝ Արևմտյան Հայաստանի իրավահաջորդության հիմքով։

Այդ ձևաչափը կապահովի՝

  • միջազգային վստահություն Հայաստանի նկատմամբ,

  • հայկական կողմերի համերաշխ մասնակցություն վերահսկողության գործընթացներին,

  • և կարևորագույնը՝
    Խաղաղության խաչմերուկի պահպանություն՝ ոչ թե օտար հովանու ներքո, այլ հայկական իրավական ժառանգության հիման վրա։

ԽԱՉՄԵՐՈՒԿԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Խաղաղության խաչմերուկը չպետք է դառնա հերթական «տարածաշրջանային նախագիծ», որը կծառայի ուրիշների շահերին։
Այն կարող է դառնալ այն հազվագյուտ հարթակը, որտեղ հանդիպում են ոչ միայն ճանապարհները, այլև արժեքները՝
Արևելքի հոգևորությունն ու Արևմուտքի իրավական մտածողությունը։

   «Խաղաղության խաչմերուկ» կամուրջի վրա է, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կարող է հանդես գալ որպես համերաշխության խորհրդանիշ՝
հիշեցնելով միջազգային հանրությանը, որ խաղաղություն առանց արդարության պարզապես խաբկանք է։ 

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» հայտարարությունը կարող էր դառնալ պատմական քայլ, եթե նա չլիներ հենց այն առաջնորդը, որը տարիներ շարունակ լռեց, երբ Ալիևը զավթում էր Մեծ Հայքի տասներորոդ նահանգը՝ Արցախը: 
 Այժմ, երբ նա փորձում է հավատացնել, որ խոսում է ինքնիշխանության լեզվով, հասարակությունն արդարացիորեն հարցնում է՝
 «ուր էր այդ ինքնիշխանությունը, երբ Ադրբեջանը զավթում էր Արցախը» ;
Այսպիսով, հանրությունը Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ընկալում է  Հայաստանի կոխկրտված արժանապատվության վերականգնման սկիզբը, բայց ոչ երբեք՝ հերթական շղարշը՝ ծածկելու պարտությունների շարքը։

Բայց եթե այն կառուցվի իրավական հիմքի՝ Սևրի պայմանագրի և Արևմտյան Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ,
ապա Հայաստանը իսկապես կվերածվի «Խաղաղության խաչմերուկի», որտեղ հատվում են ոչ թե երկաթգծեր ու մայրուղիներ, այլ պատմական արդարությունը, ինքնիշխանությունը և տարածաշրջանային խաղաղությունը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»