ՀՀ-ն ունի՞ մշտական հարատևման վարդապետություն
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային ժամանակներում պետությունները կործանվում են ոչ այնքան արտաքին ճնշումներից, որքան ներքին կողմնորոշման բացակայությունից։ Ճոճանակային արտաքին քաղաքականությունը՝ մեկ օր այս բևեռին, հաջորդ օրն՝ հակառակ, չի ստեղծում ո՛չ անվտանգություն, ո՛չ վստահություն, ո՛չ էլ միջազգային հարգանք։
Այս պայմաններում անհրաժեշտ է ոչ թե հերթական տակտիկական քայլ, այլ հստակ ձևակերպված պետական վարդապետություն, որը կվերացնի պատահականության, զիջումների և իրավիճակային արձագանքների քաղաքականությունը։
Մենք առաջարկում ենք որպես այդպիսի վարդապետության հիմք ընդունել մի պարզ, բայց դարերով փորձված սկզբունք․
Հայաստանը չունի մշտական թշնամիներ։ Հայաստանն ունի մշտական ազգային շահեր։
Այս սկզբունքը կիրառել է և շարունակում են կիրառել բոլոր կենսունակ պետությունները՝ սկսած Մեծ Բրիտանիայից մինչև ժամանակակից գլոբալ դերակատարները։ Այն պետական հասունության նշան է։
ՀՀ-ի արտաքին և անվտանգության քաղաքականությունը պարտավոր է կառուցվել ոչ զգացմունքային արդարացման, այլ միջազգային իրավունքի շրջանակում ձևակերպված շահերի վրա։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը հստակ ամրագրում է պետությունների ինքնիշխան հավասարությունը, ինքնապաշտպանության իրավունքը և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ ՀՀ-ի յուրաքանչյուր քայլ լիովին լեգիտիմ է, երբ ուղղված է ոչ միայն փոքրիկ անկյունում ծվարած հատվածի, այլ համայն հայության պետականության, տարածքային ամբողջականության և բնակչության անվտանգության պաշտպանությանը։
Այս դոկտրինի առանցքում դրվում է «խաղաղության հանգույց» գաղափարը։ Խաղաղության հանգույցը չի նշանակում միակողմանի խաղաղասիրություն կամ զինաթափում։ Այն նշանակում է, որ ՀՀ-ը դառնում է տարածաշրջա-նային շահերի խաչմերուկ, առանց որի հաշվի առնելու ոչ մի դերակատար չի կարող կայուն լուծումներ առաջարկել տարածաշրջանում։
Այս տրամաբանությամբ ՀՀ-ն պետք է հստակ և կանխատեսելի քաղաքականություն վարի իր չորս հարևանների հետ։ Իրանի հետ՝ որպես գոյաբանական հաղորդակցական գործընկեր, որի հետ ուղիղ կապի խաթարումը կարմիր գիծ է։ Վրաստանի հետ՝ որպես կայունության և տրանսպորտային անվտանգության առանցք, առանց միմյանց ներքաշելու երրորդ ուժերի հակամարտությունների մեջ։ Թուրքիայի հետ՝ վերահսկվող և պայմանական կարգավորման քաղաքականությամբ՝ բացառելով ցանկացած լուծում, որը կխախտի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունը։ Ալիևի ֆաշիստական ռեժիմի հետ՝ զսպման և իրավական պարտադրանքի համադրությամբ, գիտակցելով, որ խաղաղությունը նպատակ է, բայց ոչ ցանկացած գնով։
Միևնույն ժամանակ կառավարությունը պարտավոր է հրաժարվել միաբևեռ կամ ճոճանակային կախվածություններից գերտերությունների հետ հարաբերություններում։ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է ազդեցության հավասարակշռում՝ առանց կտրուկ խզումների։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ շահերի համընկնում, ոչ գաղափարական հավատարմություն։ Եվրոպական միության հետ՝ տնտեսական ինտեգրում՝ քաղաքական ինքնիշխանության պահպանմամբ։ Չինաստանի և Հնդկաստանի հետ՝ երկարաժամկետ, լուռ համագործակցություն՝ տրանզիտային և տեխնոլոգիական շահերի հիմքով։
Սակայն որևէ պետական վարդապետություն չի կարող լիարժեք լինել, եթե այն շրջանցում է Միասնական Հայաստանի չփակված իրավական օրակարգերը։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորված է։ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, Հայկական լեռնաշխարհի բնիկ հայության հանդեպ իրակա-նացված ցեղասպանության հետևանքների վերացման պարտավորությունը և բնիկ ազգերի ինքնորոշման իրավունքը պահանջում են ոչ թե լռություն, այլ մշտական իրավական ներկայություն միջազգային հարթակներում։ Սա տարածքային անհապաղ պահանջ չէ, այլ իրավական շարունակականություն, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրայի։
Արձախում առկա իրավիճակը պետք է հստակ և անշեղ: Բաքվի ռասիստական ռեժիմի զինված ուժերի ներկայությունն այնտեղ ապօրինի է, իսկ բնակչության անվտանգ վերադարձը հնարավոր է միայն օկուպացիոն զորքերի դուրսբերումից և միջազգային մանդատով խաղաղարար ուժերի տեղակայումից հետո։ Վերադարձի իրավունքը չի կարող դառնալ սակարկության առարկա։
Այս ամենը պահանջում է ոչ թե ճոճանակային կառավարում, այլ համառ, իրավական, երկարաժամկետ պետական ռազմավարություն։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իրավիճակային արձագանքների քաղաքականությունից և ընդունել այս առաջարկը՝ որպես ՀՀ ռազմավարական վարդապետության լրացում,
Հայաստանի ազգային պետական վարդապետությունն պետք է ապահովի կանխատեսելիություն, արժանապատվություն և ազգային շահերի պաշտպանություն։
Պետությունը չի կառավարվում օրակարգից օրակարգ։ Պետությունը ղեկավարվում է հստակ վարդապետությամբ; Սա պետական հասունության կոչ է։

Հայկ Ասատրյանի նման մտքի տիտաններ պետք է ունենանք, որպեսզի դժվարին իրադրությունից դուրս գանք
ОтветитьУдалить