Միքայել Բադալքեոխյան․ խիզախության և նվիրումի դպրոց

 

  Հայ Ազգի պատմությունը լի է այնպիսի մարդկանցով, որոնց կյանքը դարձել է  հերոսության,  պատասխանատվության, հավատարմության և անձնազոհության դասագիրք ։ Այդպիսի կերպարներից մեկն է Միքայել Բադալքեոխյանը։

Միքայել Բադալքեոխյանը ծնվել է 1886 թվականին՝ Գանձակում։ Նրա ընտանիքը բնիկ գյուլիստանցի էր։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են կրթության ու ազգային ոգու ձևավորման միջավայրում։ Սակայն նրա կյանքի ուղին սովորական քաղաքացու ճանապարհ չէր լինելու։ Հայ Ազգի ազատագրության գաղափարը դարձավ նրա ներքին կոչումը։

Երիտասարդ տարիքում նա միացավ հայության հեղափոխական շարժմանը և ստանձնեց զինապահեստի հսկողությունը Գանձակում։ Սա վկայում էր ոչ միայն նրա համարձակության, այլև վստահելիության մասին։

Հետագայում նա տեղափոխվեց Բաքու, որտեղ  1910 թ.  սպանեց ցարական գործակալ   խմբապետ Միհրանին։ Այդ դեպքից հետո ցարական իշխանությունները Միքայել Բադալքեոխյանին աքսորեցին Սիբիր։

 Սակայն նրա կամքը չկոտրվեց։ Վտանգը աչքի առաջ ունենալով՝ նա փախավ աքսորավայրից և երկար ու դժվարին ճանապարհ անցնելով հասավ Արևմտյան Հայաստան։ Մուշում և Վանում շարունակեց իր ազգային գործունեությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ 1914 թվականին, նա միացավ   Դրաստամատ Կանայանի հայկական կամավորական երկրորդ գնդին,։ Միքայել Բադալքեոխյանի ջոկատը աչքի ընկավ թուրքական բազմաքանակ զորքերի վրա կատարած  հանդուգն ու համարձակ գրոհներով։ Նրա անվեհերությունը այնքան ակնառու էր, որ թշնամիներն նրան կոչեցին «Դալի՝ Գիժ Ղազար»։ Այդ մականունի տակ թաքնված էր սառնասիրտ խիզախություն՝ ծնված Հայրենիքի հանդեպ սիրուց։

1915 թվականին, երբ Արամ Մանուկյան-ի ղեկավարությամբ Վանը դիմեց ինքնապաշտպանության, Միքայել Բադալքեոխյանը առաջիններից էր, որ իր մարտիկներով մտավ քաղաք։ Նա շարունակեց պայքարը Տարոնում, Մուշում, Սասունում։

1918 թվականին, երբ ռուսական զորքերը հեռանում էին տարածաշրջանից, և թուրքական բանակը առաջ էր շարժվում, Միքայել Բադալքեոխյանը ստանձնեց Սարիղամիշի ճանապարհի պաշտպանությունը՝ փորձելով փրկել տեղահանված ժողովրդին։ Ծանր և համառ մարտերի ընթացքում նա վիրավորվեց թշնամու գնդակից, բայց շարունակեց կռվել։

Նույն թվականին նա իր 500 մարտիկներով մասնակցեց  Սարդարապատի ճակատամարտին։ Մարտից առաջ նա դիմեց իր մարտիկներին հետևյալ խոսքերով.
Տղե՛րք ջան, գնում ենք դէմ դնելու տաճկական խոշոր բանակին, որ ամբարտավանօրէն հարձակվում է մեր սահմանների վրայ, կա՛մ կը յաղթենք կամ թշնամին մեր դիակների վրայէն պիտի անցնի Երևան: Այս սարերի վրայ կա՛մ պիտի ծածանի հայկական դրօշ, և կամ պիտի դառնայ հայկական գերեզմանատուն:

  1920 թվականի հունվարին Միքայել Բադալքեոխյանը ընդամենը 18 հեծյալներով Երևանից մեկնեց Արձախ՝ օգնության հասնելու կենաց-մահու պայքար մղող արձախահայությանը։ Նա կազմակերպեց համարձակ գործողություններ, գրոհով թուրք զավթիչներից ազատագրեց Ասկերան/Մայրաբերդը և կտրեց թշնամու հաղորդակցությունը Շուշիի և Աղդամի միջև։                                                                                                                             Կամավորական Բ. գնդի վաշտապետներ.

  Կանգնած ձախիցն՝ Հովհաննէս Քուրանեան, Զեմլեակ, Միքայէլ Պատալքէխեան, Ռիժա Տիգրան. 
Նստած ձախից՝ Օնէ (Հովհաննէս Մելքոնեան), Եապոն (Հակոբ Պարոնեան), Մարտիրոս Աբրահամեան

 Սակայն ուժերը անհավասար էին։ Մայրաբերդի  ճակատում մղված ծանր մարտերում հայկական փոքրաթիվ ուժերը հերոսաբար դիմադրեցին, բայց ի վերջո ստիպված էին նահանջել։ Միքայել Բադալքեոխյանը մնաց մինչև վերջ։ Չցանկանալով ընկնել թշնամու ձեռքը՝ նա 1920 թ. ապրիլի 3-ին ինքնասպան եղավ՝ հավատարիմ մնալով իր զինվորական պատվին։

Նրա մարմինը տեղափոխվեց Գանձակ և ամփոփվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցու բակում։  

Միքայել Բադալքեոխյանի կյանքը սովորեցնում է մի քանի կարևոր ճշմարտություն։

  • Ազատությունը նվաճվում է պատասխանատվությամբ, ոչ թե միայն ցանկությամբ։

  • Հայրենիքը պաշտպանելը միայն զինվորական գործ չէ, այլ հոգևոր ու բարոյական ընտրություն։

  • Քաջությունը խելահեղություն չէ, այլ հավատարմություն մինչև վերջ։

Նա ապրեց կարճ, բայց ամբողջական կյանք։ Նրա կյանքի ուղին մեզ հիշեցնում է, որ ազգը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ նրա զավակները պատրաստ են կանգնել մինչև վերջ։

Այսօր մեզանից յուրաքանչյուրի առաջ նույն հարցն է՝
պատրա՞ստ ենք մեր բաժին պատասխանատվությունը կրել։

Միքայել Բադալքեոխյանի անունը միայն անցյալի հիշատակ չէ։ Այն հիշեցում է, որ պատմությունը ստեղծում են նրանք, ովքեր չեն նահանջում Ազգի վառ ապագայի կառուցման համոզմունքներից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»