Աարթնացիր Հայ ազգ

  1914 թվական։ Օսմանյան բանակի շարքերում եղել են բազում  Հայ սպաներ՝ կրթված կայսրության ռազմական ակադեմիաներում, մասնակցած Բալկանյան պատերազմներին, ծառայած հրետանու, ինժեներական և բժշկական ստորաբաժանումներում։ Նրանք երդվել էին Օսմանյան պետությանը, հավատացել ծառայության պատվին, իրենց համարել էին պրոֆեսիոնալ զինվորականներ։ Սակայն մինչ նրանք կռվում էին ռազմաճա-կատներում, նույն այդ պետության հանցավոր քաղաքական ռեժիմը ծրագրում էր նրանց ընտանիքների բնաջնջումը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Անատոլիայի տարբեր վայրերում։

Սա ոչ միայն Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության պատմություն է։ Սա նաև կույր հավատարմության և պետական պատրանքների ողբերգական դաս է, որը մինչև այսօր մնում է արդիական։

Հայ սպաները, ովքեր ավարտել էին Ստամբուլի ռազմական ակադեմիաները, ծառայել էին գերմանական ռազմական առաքելության կողմից արդիականացվող բանակում, իրենց պարտքն էին կատարում մինչև վերջ։ Նրանք կռվում էին Կովկասյան ճակատում, Դարդանելի գործողություններում, փրկում վիրավորներին ռազմական հոսպիտալներում։ Բայց 1915 թվականին Օսմանյան պետությունը սկսեց նրանց համակարգված զինաթափումը։ Նրանց տեղափոխում էին «աշխատանքային գումարտակներ», որտեղ գիշերային ժամերին իրականացվում էին զանգվածային սպանություններ։ Նրանք սպանվեցին որովհետև հայ էին, և  «սեփական պետության» զինվորներ։  

   Ոմանք վերջին պահին իմացան, որ իրենց ընտանիքներն արդեն ոչնչացվել են։ Ոմանք փորձեցին փրկել հարազատներին՝ օգտագործելով իրենց պաշտոնը, բայց պետականորեն ծրագրված բնաջնջման մեքենան ուժեղ էր անհատական կամքից։ Ոմանք հրաժարվեցին մասնակցել սեփական ժողովրդի դեմ հալածանքներին և վճարեցին իրենց կյանքով։

Այս պատմությունը բացահայտում է մի դաժան ճշմարտություն. պետությունը, որին նրանք երդվել էին, առաջինն էր, որ դավաճանեց նրանց։

 1918 թ. հայ ժողովրդի Արարատյան դշտավայրի հատվածը, հրաժարվեց Սևրի պայամանգրի  իրականացման համար պայքարից, և  թուրքերից «նվեր» ստացավ  Հայաստանի Առաջին  Հանրապետությունը։ Այդ պետությունն ուներ  ազգային արժանապատվություն ունեցող սպաների և հրամանատարների կորպուս։ Այդ սպաները կերտած  Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներ էին թուրքին ստիպել հաշտվելու հայոց պետականության ուրվականի գոյության հետ։ 

 1920 թ., երբ բոլշևիկյան իշխանությունը հաստատվեց Հայաստանում, սկսվեց մի նոր՝  դաժան, բայց հաճախ լռեցված մեկ այլ ողբերգություն։ Հայաստանի Հանրապետու թյան  բազմա թիվ  սպաներ  ձերբակալվեցին,  հալածվեցին,  աքսորվեցին կամ  ենթարկվեցին ցուցադրական հաշվեհարդարի՝  կացնահարվեցին, գնդակահարվեցին կամ մահացան բանտերում և աքսորում։ Նրանց մեղքը մեկն էր՝ նրանք եղել էին թուրքական զավթիչների դեմ կռված նվիրյալ սպաներ, ունեցել էին ազգային արժանապատվություն և անկախ ապրելու մտածողություն։

Այս սպանությունները պատահական չէին։ Սա թուրքերի բարեկամ բոլշևիկների համակարգային գործողությունն էր՝ ուղղված հայոց ազգային պետականության կրող շերտի վերացմանը։

  Հայերի դեմ  ցեղասպանության պատմությունը կրկնվեց նույն օրինաչափությամբ՝ իրենց Հայրենիքում ՝ բայց ոչ միայն օսմանլուի, այլև բոլշևիզմի դրոշի տակ։

Օսմանլուն ոչնչացրեց իր բանակում ծառայող հայ սպաներին, իսկ  բոլշևիկը՝ Հայաստանի Առաջաին Հանրապետության  սպաներին։

Երկու տարբեր կայսրություններ։ Երկու տարբեր գաղափարախոսություններ։ Բայց նույն նպատակը՝ զրկել հայ ժողովրդին իր ազգային կամքի կրողներից, իր արժանապատիվ առաջնորդներից, իր ռազմական և պետական ողնաշարից։

Սա պատմական պատահականություն չէ։ Սա քաղաքական օրինաչափություն է, որը գործում է բոլոր ժամանակներում։

Որովհետև ցանկացած կայսրության  համար  արժանապատիվ, կազմակերպված և ազգային գիտակցություն ունեցող ուժը ենթակա է ոչնչացման։

Հայ սպաների ճակատագիրը՝ թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Հայաստանի բոլշևիկյան Հանրապետությունում, մեզ փոխանցում է միևնույն պատգամը.

Առանց սեփական ուժի՝ հավատարմությունը  խոցելի է ։ Առանց սեփական


պետական կամքի՝ խաղաղությունը դառնում է ժամանակավոր դադար։
Առանց ազգային արժանապատվության՝ անվտանգությունը ՝ պատրանք է։

Այսօր, պատմությունը կրկին  զգուշացման զանգ է  հնչեցնում։ Կոչ՝ դուրս գալու ինքնախաբեության քնից։ Կոչ՝ հասկանալու, որ պատմությունը չգիտե մի դեպք, երբ որևէ մի պետություն պաշտպանել է նրանց, ովքեր հրաժարվել են պաշտպանել իրենց։

Կոչ՝ վերականգնելու ազգային մտածողությունը, պետական կամքը և ուժի վրա հիմնված խաղաղությունը։

Պպատմությունն ունի  մեկ անժխտելի օրենք.

Ազգերը, որոնք իրենց պաշտպանությունը վստահում են ուրիշներին, կորցնում են իրենց ապագան։
Ազգերը, որոնք իրենց ապագան կառուցում են սեփական ուժով, դառնում են պատմության տերն ու թելադրողը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»