Ինչպե՞ս չդառնալ աշխարհաքաղաքական բախումների զոհ
Հայաստանի Հանրապետության շուրջ աշխարհաքաղաքական միջավայրը բառացիորեն եռում է։ Մերձավոր Արևելքում լարվածությունը մոտենում է ծայ-րահեղ վտանգավոր մակարդակի։ Իրանի շուրջ ձևավորվում է այնպիսի իրավիճակ, որը կարող է վերափոխել ամբողջ տարածաշրջանը։
Իրանը, որը ՀՀ-ի հարավային հարևանն է և մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, այսօր գտնվում է ուժեղ ճնշման տակ։ Արևմուտքի և Իրանի միջև հակադրությունը սրվում է, ռազմական ուժերի կուտակում է նկատվում, իսկ հնարավոր լայնածավալ բախման դեպքում առաջին ցնցումները զգալու են հենց այն տարածաշրջանները, որոնք գտնվում են Իրանի սահմանների մոտ՝ Հայկական լեռնաշխարհի այն հատվածում, որին նաև անվանում են Հարավային Կովկաս։
Եթե Իրանի շուրջ իրավիճակը վերածվի լայն պատերազմի, ապա Երազղ/Արաք-սի հովիտը կարող է դառնալ ոչ միայն աշխարհաքաղաքական ճնշումների գոտի, այլև տնտեսական և ռազմական ցնցումների կենտրոն։ Տարածաշրջանի հաղորդակցությունները, էներգետիկ ուղիները, սահմանները և ուժերի հավասարակշռությունը կարող են կտրուկ փոխվել։
Այսպիսի իրավիճակում ՀՀ-ի նման փոքր պետության համար գոյության հիմնական պայմանը ներքին միասնությունն է։
Բայց մենք, ցավոք, շարունակում ենք բաժանվել տարբեր արտաքին ուժերի շահերը սպասարկող կուսակցական ճամբարների, անձնական համակրանքների և ատելությունների, այն դեպքում, երբ մեր շուրջ ձևավորվում են այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք կարող են որոշել մեր պետության ապագան ...
Գարեգին Նժդեհը հենց այս էր նկատի ունենում, երբ զգուշացնում էր.
«Հայը պատճառ և իրավունք չունի կուսակցականանալու»։
Կուսակցությունները բնական երևույթ են խաղաղ և կայուն պետություններում, որտեղ քաղաքական պայքարը տեղի է ունենում զարգացման տարբեր ուղիների շուրջ։ Բայց այն ժողովուրդը, որի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը մշտապես վտանգված են, չի կարող իրեն թույլ տալ ներքին քայքայում և ազգային ուժերի տարալուծում հարյուրավոր կուսակցությունների միջև։
Երբ թշնամին կանգնած է դարպասների մոտ, ներքին բաժանումը դառնում է ոչ թե «քաղաքական բազմակարծություն», այլ ազգային թուլություն և անկարողություն։
Հայաստանի Հանրապետության համար այսօր առաջնային հարցը ոչ թե այն է, թե որ անահատ/կուսակցությունն է հաղթելու հաջորդ ընտրություններում, այլ այն, թե արդյոք մենք կունենա՞նք այնպիսի պետություն, որը կկարողանա դիմակայել տարածաշրջանային պտտահողմերին։
Այսօր Հայ Ազգին անհրաժեշտ է պետական մտածողություն, ոչ թե խմբակային կամ կուսակցական։
Հայը պիտի ունենա մեկ գերագույն քաղաքական գաղափար՝ Հայաստանի Հանրապետության պետականության պահպանումն ու հզորացումը։
Եթե Իրանի շուրջ հակամարտությունը ընդլայվի, Հայկական լեռնաշխարհի Երազղի՝ Արաքսի հովիտը կարող է վերածվել մեծ տերությունների մրցակցու-թյան նոր դաշտի։ Այդ դեպքում կդիմանա միայն այն պետությունը, որը ներսից ամուր է, կազմակերպված և միասնական։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել. հայ ազգը չի պարտվել արտաքին թշնամուց այնքան, որքան ներքին պառակտումից։
Նժդեհի պատգամը հենց սա է հուշում.
Հայը նախ պետք է լինի հայրենապաշտ, պայքարի հայրենակերտման և հողահավաքման գաղափարի համար։
Որովհետև եթե չլինի Հայրենիքը, չեն լինի ոչ մարդիկ, ոչ կուսակցություններ, ոչ գաղափարական վեճեր։ Կլինի միայն կորուստ։
Ուստի մեր ժամանակի գլխավոր խնդիրը նույնն է, ինչ Նժդեհի ժամանակ՝ միավորվել ոչ թե առաջնորդների շուրջ, այլ ամբողջական Հայաստանի շուրջ։
Այս միասնությունը պետք է դրսևորվի ոչ միայն խոսքերով, այլ նաև համազգային գործերով։ Այդպիսի գործերից մեկը կարող է դառնալ ՀՀ-ի տարածքով անցնող Հյուսիս–հարավ մարդասիրական մայրուղու կառուցումը համաշխար-հային հզոր տնտեսական ներուժ ունեցող պետությունների կողմից, որը կկապի Սև ծովի ավազանը Պարսից ծոցի հետ։
Այս ճանապարհը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական հաղորդակցության ուղի, այլև քաղաքակրթական կամուրջ, որը ՀՀ-ն կվերածի տարածաշրջա-նային համագործակցության և մարդասիրական կապերի կարևոր հանգույցի։
Եթե մենք կարողանանք համախմբվել նման ռազմավարական ծրագրերի շուրջ, ապա ՀՀ-ն կդառնա ոչ թե աշխարհաքաղաքական բախումների զոհ, այլ դրանց կենտրոնում գտնվող ինքնուրույն դերակատար։
Սա է ժամանակի պահանջը։Սա է հենց Նժդեհի պատգամի իրական իմաստը։
Комментарии
Отправить комментарий