Կինոգործիչն է՞ հետապնդվում ...
Թուրքիաում բնիկ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական կամ վավերագրական նյութի ցուցադրությունն անգամ կարող է հանգեցնել քրեական հետապնդման: Այս ֆոնի վրա Երևանյան իշխանությունների կողմից շեփորահարվող հայ-թուրքական հարաբերությունների իրական և խորքային «ջերմացման» մասին առնվազն վաղաժամ է։
Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանակերտ (զավթիչ թուրքերն այն կոչում են Դիարբեքիր) քաղաքում Ավրորայի լուսաբացը ֆիլմի ցուցադրության համար դատական գործ հարուցելը փաստացի նշանակում է քրեականացնել ոչ միայն պատմական հիշողությունը, այլև 1915 թվականին Հայկական լեռնաշխարհի բնիկ հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին ցանկացած հանրային խոսք։
Այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքի կինոակադեմիաների ասոցիացիայի անդամ Ռոջիլաթ Աքսոյը քրեական հետապնդման է ենթարկվում միայն այն պատճառով, որ ներկայացրել է ցեղասպանությունը վերապրած հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի
պատմությունը, ցույց է տալիս, որ թուրքական պետության քաղաքական և իրավական համակարգում դեռևս գերակայում է պատմական իրականության ժխտման և հիշողության ճնշման քաղաքականությունը։
Ուստի ակնհայտ է, որ քանի դեռ Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ցեղասպանության թեման շարունակում է դիտարկվել որպես «թուրք ազգին վիրավորելու հանցանք», իսկ այդ թեմայի բարձրաձայնումը քրեականացվում է նույնիսկ մշակութային և կրթական հարթակներում, դժվար է խոսել հայ-թուրքական հարաբերությունների իրական հաշտեցման մասին։
Այդ պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից քարոզվող «ջերմացման» քաղաքականությունը պետք է գնահատվի առավել զգուշավոր և սթափ դիտանկյունից, քանի որ Թուրքիայի ներսում տեղի ունեցող նման գործընթացները ցույց են տալիս, որ պատմական ճշմարտության ընդունման և ազատ քննարկման համար այնտեղ դեռևս գոյություն չունեն անհրաժեշտ քաղաքական և հասարակական նախադրյալներ։
Комментарии
Отправить комментарий