Պատմական արդարության օրը
1921 թվականի մարտի 15-ի առավոտը սովորական էր թվում Բեռլինի Հարդենբերգշտրասսե փողոցում։ Մարտյան սառը անձրևը թրջում էր քարե սալերը, իսկ անցորդները շտապում էին իրենց գործերով՝ չկռահելով, որ այդ օրն այս փողոցում տեղի է ունենալու մի իրադարձություն, որը պատմության մեջ մնալու էր որպես պատմական արդարության խորհրդանիշ։
* * *
Փողոցով իրար ընդհառաջ էին քայլում երկու մարդ։ Առաջին հայացքից նրանք սովորական անցորդներ էին։ Սակայն նրանցից մեկը՝ երիտասարդ Սողոմոն Թեհլիրյանը , հստակ գիտեր, որ իրեն մոտեցողը Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիր Թալեաթ Փաշան է ։ Այն մարդակեր հրեշը, որի անունը հայ ազգի պատմության մեջ կապվում էր 1915 թ. ողբերգության՝ բնիկ հայ ազգի նկատմամաբ ժեոնթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետ։
Երկու տղամարդիկ մոտեցան և անցան իրար կողքով։ Թեհլիրյանը շարունակեց քայլել ևս մի քանի քայլ, ապա կանգ առավ։ Նա դանդաղ շրջվեց և բարձրաձայն կանչեց.
— Թալեաթ։
Անունը լսելով՝ թուրք պաշտոնյան շրջվեց։ Այդ պահին Թեհլիրյանը վերջնական համոզվեց, որ իր առջև կանգնածը հենց այն անձն է, որի ստորագրությամբ հազարավոր անմեղ մարդիկ, երեխաներ, ծերեր ու կանայք ուղարկվել էին մահվան ճանապարհ։
Հնչեց կրակոց։
Գնդակը վիրավորեց Թալեաթի ոտքը, և նա ծնկի իջավ սալապատ փողոցի վրա։ Մահվան գիտակցումի սարսափից նրա դեմքն այլայլվել էր : Անցորդները կանգ առան, իսկ որոշ մարդիկ, վախվխորած մոտենում էին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։
Այդ պահին Թեհլիրյանը մի քայլ մոտեցավ նրան։ Նրա ձայնը հնչեց բարձր ու հստակ, այնպես, որ հավաքվող մարդիկ լսեն.
— Թալեաթ փաշա, դու՞ էիր ուզում , որ աշխարհում մնա միայն մեկ հայ… և այն էլ թանգարանի՞ համար
Մի պահ լռություն տիրեց։
— Ես իմ ազգի վրիժառուն եմ։ Ես եկել եմ հայ ազգի անունից իրականացնելու արդար դատավճիռը։
Ականատեսները, որոնք արագորեն հավաքվել էին շուրջը, լսում էին Սողոմոնի մեղադրական խոսքերը։ Այդ պահին փողոցում կանգնած էր մի մարդ, որն իր ազգի անունից հիշեցնում էր ժեոնթուրքերի կատարած հանցագործությունների մասին։
Այնուհետև ... հնչեց վերջին կրակոցը։
Թալեաթն ընկավ մեջքի վրա և անշարժացավ քարե սալերի վրա։
Թեհլիրյանը մոտեցավ, կանգնեց նրա կողքին և ոտքը դրեց նրա կրծքին։ Նա չէր փորձում փախչել։ Ընդհակառակը՝ նա հանգիստ սպասում էր ոստիկանությանը։
Նրա նպատակը պարզ էր։ Պետք է լիներ դատ։ Եվ այդ դատարանում աշխարհը պետք է լսեր ճշմարտությունը այն հանցագործության մասին, որը կատարվել էր Հայկական բնաշխարհի բնիկ հայ ազգի դեմ։
Շուտով դեպքի վայր ժամանեցին ոստիկանները և ձերբակալեցին Թեհլիրյանին։
* * *
Մի քանի ամիս անց Բեռլինում սկսվեց մի դատավարություն, որը պատմության մեջ մտավ ոչ թե որպես քրեական գործ, այլ մարդկության արդարության դատաստան։ Դատարանի դահլիճում հնչեցին հրեշավոր ցեղասպանությունից փրկվածների վկայությունները։ Աշխարհն առաջին անգամ այդքան բաց և հրապարակային լսեց 1915 թ. ցեղասպանության պտտահողմի միջով անցած հայ ազգի ողբերգության մասին։
Եվ վերջում դատարանը կայացրեց մի որոշում, որը դարձավ պատմական։
Սողոմոն Թեհլիրյանը արդարացվեց։
Այդ օրը Բեռլինի մի սովորական փողոցում տեղի ունեցածը պատմության մեջ մնաց որպես ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ամենահայտնի դրվագներից մեկը՝ մի գործողություն, որի նպատակն էր պատասխանատվության ենթարկել այն հրեշներին, ովքեր մարդկության դեմ գործած վայրագ հանցանքի համար խուսափել էին միջազգային արդարադատությունից։
Այս պատմությունը հիշեցնում է, որ մարդկության դեմ գործված հանցագործությունները չեն մոռացվում, երբ դրանց զոհերը պայքարում են իրենց իրավունքների համար։
Երբեմն պատմությունը ստիպված է լինում բարձրաձայն հայտարարել այն ճշմարտությունն, որն աշխարհի հզորները չեն ցանկանում լսել։
Պատմական արդարությունը կարող է ուշանալ, բայց այն երբեք չի անհետանում։
Комментарии
Отправить комментарий