Ազատության միանձնուհին
Դա մի ժամանակ էր, երբ Արձախի հայերը, ապավինելով հայրենի լեռներն , խոսում էին քաջության լեզվով, իսկ արդարության համար ուղի հաթողը սուրն էր։ XVII դարի սկզբներին, Արձախի Վանանդա գավառում, առասպելներ էին պտտվում մի աղջկա մասին, որի անունը շշնջում էին թե՛ երկյուղով, թե՛ հիացմունքով՝ Գայանե։
Ասում էին՝ նրա գեղեցկությունը անգերազանցելի էր. մի հայացք՝ և ամենահզոր տղամարդը կորցնում էր կամքն ու խոհեմությունը։ Բայց նրա աչքերի խորքում միայն գեղեցկություն չէր բնակվում. այնտեղ թաքնված էր սուր միտք և անսասան կամք, որոնք առավել վտանգավոր էին, քան ամենասուր սուրը։
Բազում իշխաններ, հարևան երկրներից ժամանած ազնվականներ, եկել էին նրա ձեռքը խնդրելու, սակայն բոլորը հեռացել էին՝ խոնարհված, բայց մերժված։ Ոչ ոք չկարողացավ նվաճել նրա սիրտը, քանզի Գայանեն ընտրում էր ոչ թե փառք կամ հարստություն, այլ ճշմարտություն և արժանապատվություն։
Նա ապրում էր Ավետարանոցում՝ իր հոր՝ իշխան Հուսեյնի, և իմաստուն մոր հետ։ Բայց խաղաղությունը, ինչպես հաճախ է լինում պատմության էջերում, կարճ կյանք ունեցավ։Թուրք զավթիչների զորքերը ներխուժեցին ավան՝ կրակով և սրով։ Եվ այդ խավարի մեջ, ինչպես կայծակ, հայտնվեց զորապետը, որը տեսավ Գայանեին… և կորցրեց իրեն։ Նա սիրահարվեց՝ վայրենի կրքով, և հավատաց, թե կարող է իր խոստումներով նվաճել այն, ինչ սուրը չէր կարող։ Սակայն կանգնած էր անելանելիության եզրին, որտեղ յուրաքանչյուր քայլը կարող էր դառնալ հայրենի բնակավայրի կործանում։ Եվ այդ ժամանակ նա ընտրեց այն ճանապարհը, որին քաջերն են միայն համարձակվում մոտենալ՝ խորամանկություն հանուն փրկության։
Նա կեղծ համաձայնություն տվեց։
Գիշերը իջավ Ավետարանոցի վրա՝ ծանր ու լուռ, ինչպես դատաստանի շղարշ։ Իսկ երբ լուսինը բարձրացավ, Ավետարանոցի հովազ տղաները ելան որսի։ Գայանեի զորքը հարվածեց անողոք։ Թուրք զորապետն ընկավ Գայանեի դաշույնի հարվածից։ Լուսաբացին թուրք զավթիչների չորս հազարանոց զորքի հետքն անգամ չկար։ Եվ դա ազատության արծվի առաջին հաղթական ճիչն էր։
Գայանեի անունը դարձավ կայծ, և այդ կայծից բռնկվեց ամբողջ Արձախը։ Ժողովուրդը ոտքի ելավ, սուրը վերցրեց, և լեռները տարածվեցին մարտական կանչերը։ Ազատագրական պայքարը դարձավ անկասելի և թշնամին հետ շպրտվեց։
Անպարտելի Գայանեն ընտրեց ոչ թե հաղթական իշխանուհու, այլ կուսանոցում փակված միանձնուհու ճակատագիրը։ Առյուծ սերունդներ տալու ճշմարիտ ուղու փոխարեն, իշխանուհին դարձավ լռության ու աղոթքի բանտարկյալը։ Նա ազատաբեր սուրը փոխարինեց գրքով և գրճով: Գայանեն դարձավ վանքում բանտարկված գրիչ և 1641 թվականին գրեց «Մաշտոցը»՝ ծիսական գիրք, որը ոչ միայն հավատքի, այլև նրա ներքին աշխարհի արտացոլումն էր։ Նրա ձեռագրում մնաց մի խստաշունչ ու հուզիչ պատգամ՝ ուղղված ժամանակին ինքն իրենից առաջ անցնողներին.«Եթե գիրս կամենան առնել տեր Մարտիրոսի ձեռից, թող կանգնեն ահեղ դատաստանի առջև…»
Սա արդեն այլ Գայանե էր՝ ոչ թե սրի, այլ խոսքի զորությամբ զինված։Ժամանակը անցավ, բայց նրա հերոսական կերպարը չմարեց։ Նա դարձավ թուրք զավթիչների դեմ ազգայաին ազատագրական պայքար ծավալած առասպել և ... ներշնչանք, պատմություն, որից ծնվեցին գրքեր, բեմադրություններ և երաժշտական պատկերներ։ Գեղեցկուհի, մարտիկ, միանձնուհի։ Գայանե։ Մի անուն, որի մեջ մի ամբողջ դարաշրջան է ամփոփված։
Комментарии
Отправить комментарий