Վայոց ձորում հրաշալիք և Մարտիրո՞ս

Ճանապարհը մեզ բերեց Վայոց ձորի մարզի  Գոգի լեռան ստորոտ, գրեթե 2000 մետր բարձրության վրա գտնվող մի գյուղ, որի  պատմությունը  շնչում է քարերի, աղբյուրների և խաչքարերի միջից։

Այդ գյուղը Մարտիրոսն է։

Աառաջին իսկ հարցը մեզ համար   սկսվեց տարօրինակ անունից։

«Մարտիրոս» անունը ընկալվում է  նահատակություն  իմաստով։ Սակայն մի այլ բացատրության համաձայն «Մարտիրոսը»  մարտի մեջ կանգնած հերոսի հիշատակն է։ Ավանդությունը պատմում է, որ Ավարայրից հետո վերադարձող հայ ռազմիկները հենց այս կողմերում են կանգնեցրել զավթիչների հետապնդող զորքինը։ Նրանց առաջնորդ Մարտիրեն իշխանը զոհվել է քաջաբար, բայց ապահովել Բագ իշխանի զորքերի նահանջը դեպի Արձախ։ 


  
  Հենց այդտեղից էլ սկսվում է գյուղի իրական բնավորությունը՝  դիմադրության գյուղ։

Այսօր, երբ սահմանը շատ հեռու չէ, այդ ընկալումը նույնիսկ ռազմավարական իմաստ ունի։ Լեռնային այս բնակավայրը սովորական գյուղ չէ․ այն Հայաստանի Հանրապետության հարավարևելյան բարձրադիր օղակներից մեկն է, որտեղ ապրող յուրաքանչյուր ընտանիք նաև ներկայություն է, շարունակություն և պաշտպանված տարածք։ Գյուղը կարծես կախված լինի կապույտ երկնքում ճախրող ամպերի ու պատմության միջև

  Մարտիրոս հասնելիս առաջինը նկատեցինք լռությունը, որի մեջ լսվում է  լեռների մեղմ մեղեդին։ Զով քամին բերում է  լեռնային խոտաբույսերի հաճելի բույրը։

Գյուղի շուրջը ձորեր են, հին ճանապարհներ, մոռացված բնակատեղիներ, իսկ սարերի վրա՝ խաչքարեր, որոնց կողքով անցնելիս ՝ ժամանակը դանդաղում է։

Այստեղ դեռ աճում են դաղձ, ուրց, մասուր, ալոճենի։ Լեռներում երբեմն երևում են քարարծիվներ, իսկ հին բնակիչները դեռ պատմում են վայրի ոչխարների ու գայլերի մասին։

Մարտիրոսը բնության և պատմության այն հազվագյուտ միաձուլումներից է, որտեղ մարդը իրեն հյուր չի զգում․ թվում է՝ ինքը ևս լեռան շարունակությունն է։

Ժայռի մեջ կառուցված վանքը, որի մասին քիչ մարդիկ գիտեն

  Մարտիրոսի ամենամեծ գաղտնիքը գյուղից մի փոքր հեռու է՝ Նազար սարի լանջին։

Այստեղ է գտնվում XIII դարի ժայռա-փոր Սուրբ Աստվածածին վանքը, որը հաճախ անվանում են Մարտիրոսա-վանք։

Այն ամբողջությամբ փորված է լեռան ներսում։

Եթե Գեղարդի վանքը հայտնի է ամբողջ աշխարհում, ապա Մարտիրոսավանքը կարծես նրա լռակյաց եղբայրն է՝ թաքնված, խորհրդավոր և անհամեմատ ավելի մենավոր։

Վանքի ներսում ձայնը յուրահատուկ է հնչում։ Ամեն բառ կարծես երկար է մնում քարերի մեջ։ Հենց այդ պատճառով շատ այցելուներ ասում են, որ այստեղ ոչ միայն ճարտարապետություն կա, այլ նաև ներքին խաղաղության հազվագյուտ զգացողություն։

Տեղացիները մինչ օրս պատմում են նաև հին ավանդության մասին, ըստ որի՝ Գեղարդն ու Մարտիրոսավանքը երբեմն կրակների ու լույսերի միջոցով ազդանշաններ են փոխանակել։  Երբ կանգնում ես այդ բարձունքներում, լեռների մեջ, սկսում ես հավատալ, որ միջնադարյան Հայաստանը իսկապես կարող էր նման համակարգ ունենալ։

Գյուղ, որի քարերը հասել են մինչև Կրեմլ  
  
Շատերի համար անակնկալ է, որ «Մարտիրոսի քարը» ժամանակին հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում։

Դեղնավուն, կանաչավուն և կապտավուն երանգներով ֆելզիտային տուֆը օգտագործվել է բազմաթիվ հայտնի կառույցների արտաքին հարդարման մեջ՝ սկսած Մոսկվայի մետրոյից մինչև Երևանի մարզահամերգային համալիր։

Սակայն այստեղ ամենահետաքրքիրը նույնիսկ քարը չէ, այլ այն, որ այդ քարը կարծես հենց այս լեռների գույնն ունի։ Երբ արևը մայր է մտնում, ամբողջ շրջապատը ստանում է նույն դեղնակարմրավուն երանգը, ինչ գյուղի եկեղեցիները։

Արժե՞  գնալ Մարտիրոս

 Այստեղ քեզ զգում ես ոչ թե որպես թանգարանում, այլ որպես կենդանի տարածք։

Այստեղ կարելի է քայլել XIII դարի խաչքարերի մոտ, խմել սառնորակ աղբյուրից, լսել լեռների քամին և հասկանալ, թե ինչու են որոշ գյուղեր շատ ավելին, քան պարզապես բնակավայրեր։

Մարտիրոսը այն վայրերից է, որտեղ մարդը սկսում է ուրիշ կերպ նայել «սահման» բառին։
Ոչ թե որպես քարտեզի գիծ, այլ որպես ապրող մշակույթ, հիշողություն և մեր նախնյաց մաքրագործված սրբավայր ։

Եվ գուցե հենց այդ պատճառով էլ այս գյուղը պետք է մնա ոչ թե դատարկվող եզր, այլ ապրող բարձրավանդակ՝ իր մարդկանցով, իր զանգերի ձայնով և իր լեռների անխախտ ներկայությամբ։  

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»