Արդյոք հայ-բրիտանական ռազմավարական մերձեցումը իրատեսական է՞
Պատմությունը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորությունը երբեք չի առաջնորդվել զգացմունքներով։ Բրիտանական արտաքին քաղաքականության հիմքում մշտապես եղել են ծովային ուղիների անվտանգությունը, առևտրային շահերը և աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռումը։ Այդ պատճառով էլ XIX–XX դարերում Թուրքիան Լոնդոնի համար հաճախ դիտվել է որպես անփոխարինելի հակակշիռ՝ դեպի հարավ ընդարձակվող Ռուսական կայսրության, ապա նաև Խորհրդային Միության դեմ։
Սակայն միևնույն ժամանակ, բրիտանական քաղաքական վերնախավում եղել են գործիչներ, որոնք փորձել են բարոյական պատասխանատվության հարց բարձրացնել։ Այդ առումով բացառիկ կերպար էր Դեյվիդ Լլոյդ Ջորջը, որը բացահայտորեն դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և խոսում մեծ տերություն-ների մեղքի բաժնի մասին։
Քանի որ միջազգային քաղաքականությունը կառուցվում է ոչ թե արդարության, այլ շահերի վրա, ուստի հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք Լոնդոնը համակրում է հայերին, այլ՝ արդյոք Հայաստանի 3-րդ Հանրապետությունը կարող է՞ վերածվել ռազմավարական արժեք ունեցող գործընկերոջ։
Թուրքիան՝ որպես աճող աշխարհաքաղաքական մարտահրավեր
Այսօր Անկարան հետևողականորեն ընդլայնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում։ Այս ծավալապաշտությունը հաճախ կապվում է «Մեծ Թուրանի» գաղափարախոսության հետ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի ռազմավարություն։
Միացյալ Թագավորությունը, ինչպես և արևմտյան մյուս ուժային կենտրոնները գիտակցում են, որ չափազանց հզորացած և ինքնուրույն Թուրքիան դադարում է լինել կանխատեսելի դաշնակից և վերածվում է ինքնագլուխ խաղացողի։ Հենց այս կետում է, որ տեսականորեն կարող է աճել Հայաստանի 3-րդ Հանրապետության նշանակությունը՝ որպես տարածաշրջանային բնական հավասարակշռող գործոն։
Բրիտանական քաղաքական միտքը կիրառական է. այն հետաքրքրված է ոչ թե հռետորաբանությամբ, այլ կառավարման արդյունավետությամբ։ Լոնդոնի համար գործընկերության հեռանկար ունի այնպիսի իշխանու-թյունը, որը.
Խուսափում է մեկ կենտրոնից բացարձակ կախվածությունից և վարում է ճկուն արտաքին քաղաքականություն,
- Ցուցաբերում է պրոֆեսիոնալ դիվանագիտություն և պահպանում պետական ինքնիշխանությունը,
-Ստեղծում է կանխատեսելի իրավական ու ներդրումային միջավայր։
Եթե Հայաստանի 3-րդ Հանրապետության ապագա իշխանությունն ընկալվի որպես անկայուն կամ այլ պետություններից լիովին կախված սուբյեկտ, Լոնդոնը երկարաժամկետ ներդրում չի կատարի այս ուղղությամբ։
«Խաղաղության հանգույց». հնարավորություն, թե՞ պատրանք
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման գաղափարը կարող է օգտակար լինել Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում, բայց միայն մի պայմանով՝ եթե այն չվերածվի միակողմանի զիջումների։
Պատմականորեն Բրիտանիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռազմավարական միջանցքները վերահսկող տարածքների նկատմամբ։ Որպեսզի Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դառնա Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղիների իրական տրանսպորտային հանգույց, անհրաժեշտ է ուժեղ պետական վերահսկողություն և տեխնոլոգիապես հագեցված հզոր բանակ։
Հիմնարար կանոն. Թույլ պետությունները վերածվում են ուրիշների կողմից վերահսկվող տարածքների։
1918–1919 թվականների պատմական դասը
Շատերն անտեսում են այն փաստը, որ Առաջին աշխարհամարտից հետո բրիտանական ուժերը, ելնելով սեփական շահերից, մեր տարածա-շըրջանից դուրս մղեցին թուրքական ստորաբաժանումները՝ Կարսն ու Նախիջևանը փոխանցելով Հայաստանի 1-ին Հանրապետությանը: Դա ապացուցում է մեկ կարևոր իրողություն. երբ հայկական և բրիտանական շահերը թեկուզ ժամանակավորապես համընկնում են, գործնական համագործակցությունը դառնում է հնարավոր։
Սակայն այդ հնարավորությունը չիրացվեց.հայկական այն ժամանակ-վա ղեկավարության անհեռատեսությունը և ընդգծված ռուսամետ կողմնորոշումը (հույսը դնելով «Մեկ և անբաժանելի Ռուսաստանի» գաղափարին հավատարիմ սպիտակգվարդիական ուժերի վրա) ստիպեցին Միացյալ Թագավորությանը վերանայել իր առաջնահերթությունները։ Արդյունքում՝ Լոնդոնը թեքվեց դեպի մուսավաթական Ապշերոնյան վարչակարգը, որն ավելի ճկուն գտնվեց բրիտանական տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերին հարմարվելու հարցում։ Սա դաս է այն մասին, որ գերտերությունների ընձեռած պատմական հնարավորությունները հավերժ չեն, և դրանք կորչում են, երբ տեղական էլիտաները չեն կարողանում համադրել իրենց քայլերը համաշխարհային ուժերի տրամաբանության հետ։
Ի՞նչ պետք է փոխվի երկրի ներսում
Որպեսզի Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դադարի ընկալվել լոկ որպես պատմական ողբերգություն վերապրած ժողովրդի ռեզերվացիա և դառնա գործընկեր, անհրաժեշտ է պետական և ազգային շահերը պաշտպանելու ունակ
էլիտայի ձևավորում, հայոց բանակի տեխնոլոգիական ու ռազմական արդիականացում, անկախ դատական համակարգ , մրցունակ տնտեսություն և գնողունակ բնակչություն։
Եզրափակում
Աշխարհը մտնում է նոր վերաձևավորման փուլ, որտեղ հին դաշինքները թուլանում են, իսկ հաղորդակցության ուղիների վերահսկողությունը դառնում է գլխավոր կռվանը։ Այս պայմաններում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը կա՛մ կվերածվի հսկաների արանքում ճնշվող տարածքի, կա՛մ կկարողանա ճիշտ պահին ներկայանալ որպես արժեքավոր աշխարհաղաքական սուբյեկտ։
Փոքր պետությունների ճակատագիրը որոշվում է ոչ թե նրանց տարածքի չափերով, այլ ճիշտ պահին անհրաժեշտ և կանխատեսելի գործընկեր դառնալու արվեստով։


Комментарии
Отправить комментарий