Հնչյունաբանությո՞ւն, թե՞ հնագույն հիշողություն


 Հաճախ մեծ հայտնագործությունները սկսվում են մի փոքրիկ դիտարկումից։ Հենց այդպիսի հետաքրքիր հարցադրում է վերջերս ներկայացրել հրապարակախոս Ալբերտ Միքայելյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թե ինչպես է Չինաստանում գրվում և արտասանվում Հայաստանի անունը։

Ըստ գիտնականի վկայության, Հայաստանը չինարենում գրվում է հետևյալ չորս հիերոգլիֆներով.

                          亞美尼亞

և արտասանվում է մոտավորապես  «Յամեյնիյա» (Yàměiníyà ) ։

 Դիտարկելով  յուրաքանչյուր հիերոգլիֆ  առանձին, Ալբերտ Միքայելյանը ստանում է հետա-քըրքրական մի պատկեր.

  • 亞 (Yà) – Ասիա,
  • 美 (Měi) – գեղեցիկ,
  • 尼 (Ní) – միանձնուհի, կրոնական կին,
  • 亞 (Yà) – Ասիա։

 Ինձ հետաքրքրեց գիտնականի առաջին հայացքից ստացած  անսովոր  պատկերը՝ «Ասիա – գեղեցիկ – միանձնուհի – Ասիա»։

 ի՞նչ է ասում լեզվաբանությունը

Ժամանակակից չինագիտության համաձայն, երկրների անվանումների մեծ մասը չինարենում փոխանցվում է նախևառաջ հնչյունական մոտարկման սկզբունքով։ Այսինքն՝ հիերոգլիֆներն ընտրվում են այնպես, որ հնարավորինս մոտ լինեն օտար անվան արտասանությանը, թեև յուրաքանչյուր հիերոգլիֆ միաժամանակ ունի նաև սեփական բառային իմաստը։

Հետևաբար, լեզվաբանական տեսանկյունից 亞美尼亞 գրությունը ստեղծվել է Հայաստանի անվան հնչյունը փոխանցելու նպատակով, այլ ոչ թե նրա իմաստը նկարագրելու։

Սակայն  հարցը դրանով չի փակվում։ Պատմության ընթացքում բազմիցս է պատահել, որ տարբեր քաղաքակրթություններում անուններն ու խորհրդանիշները ձեռք են բերել երկրորդային իմաստներ, որոնք երբեմն նույնիսկ ավելի երկար կյանք են ունեցել, քան դրանց սկզբնական նշանակությունը։ Եթե փորձենք կարդալ չինական անվանումը ոչ միայն որպես հնչյունների շարք, այլև որպես գաղափարների համադրություն, ապա ստանում ենք հետաքրքիր պատկեր.

«Գեղեցիկ Ասիայի սրբազան միանձնուհի»։

Այստեղ ուշադրության կենտրոնում հայտնվում է հատկապես հիերոգլիֆը, որն այսօր նշանակում է «միանձնուհի»։ Սակայն արդյո՞ք պարտադիր է այն մեկնաբանել միայն կոնֆուցիական  կամ բուդդայական իրականության շրջանակներում։

Հայկական այլընտրանքային պատմագրությունն առաջարկում է դիտարկել այն որպես շատ ավելի հին, կանացի աստվածային սկզբունքի  խորհրդանիշ՝ սրբազան կնոջ, քրմուհու և Դիսի  ։

Արրատա. սրբազան երկրի հիշողությունը

  Հենց այստեղ մեր մտքերը տեղափոխվում են հազարամյակներ հետ՝ դեպի շումերական սեպագիր աղբյուրներում հիշատակվող Արրատա երկիրը։

«Էնմերքարը և Արրատայի տիրակալը», «Էնմերքարը և Էնսուխքեշդաննան», «Լուգալբանդան և Անզուդ թռչունը» էպիկական երկերում Արրատան նկարագրվում է որպես հեռավոր, հարուստ, լեռնային և սրբազան երկիր, որտեղից Շումերը ստանում էր թանկարժեք մետաղներ, քարեր և արհեստավորներ։

  Միջազգային գիտության մեջ Արրատայի ճշգրիտ տեղադրությունը դեռևս վերջնականապես որոշված չէ, սակայն մեր դաշտային ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ այն գտնվել է Արածանի գետի Եփրատ թափվելու տարածքում։ Մեր տեղադիրքի ճշտմանը զգալիորեն նպաստել են հայ նշանավոր գիտնականներ Արտակ Մովսեսյանի և Լևոն Շահինյանի  փաս տարկները, ըստ որոնց Արրատայի որոնումները  կապված են Հայկական լեռնաշխարհի հետ։ Միաժամանակ միջազգային գիտնականներ, այդ թվում՝ Nicole Brisch-ը, ընդգծում են, որ հարցը շարունակում է մնալ բաց և հետագա ուսումնասիրությունների կարիք ունի։

Այսինքն՝ նույնիսկ ակադեմիական գիտությունը վերջակետ դեռ չի դրել։  

Դիցուհի Իննանան և սրբազան կանացի սկզբունքը

Շումերական ավանդություններում Արրատայի պատմությունը անքակտելիորեն կապված է Դիս Իննանայի հետ, որը մարմնավորում էր ոչ միայն սիրո և պտղաբերության, այլև պետական իշխանության, արարչական ուժի և երկնային կարգի գաղափարը։

Եթե այս համատեքստում վերադառնանք չինական հիերոգլիֆին, ապա կարող ենք այն դիտարկել ոչ թե պարզապես որպես «միանձնուհի», այլ որպես շատ ավելի հին գաղափարի ակամա պահպանված խորհրդանիշ՝ սրբազան կնոջ։

Այդ դեպքում ամբողջ անվանումը ձեռք է բերում բոլորովին այլ երանգ.

«Գեղեցիկ Ասիայի սրբազան երկիրը»։

Արդյո՞ք սա կարող ենք ընդունել պատմական փաստ ՝ վիճահարույց է։ Բայց  սա  հետաքրքիր մշակութաբանական ընթերցում է։

Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքակրթական հիշողություն

Գուցե իսկապես գործ ունենք ընդամենը հաջող ընտրված հնչյունական համադրության հետ։

Բայց հնարավոր է նաև, որ հազարամյակների ընթացքում ժողովուրդների փոխադարձ պատկերացումները երբեմն անսպասելի կերպով արտացոլվել են լեզվի մեջ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դրա հեղինակները նման նպատակ չեն ունեցել։ Լեզուն երբեմն դառնում է պատմության անգիտակից պահոցը։

 Այն պահպանում է ոչ միայն բառեր, այլև պատկերներ, խորհրդանիշներ և երբեմն նույնիսկ քաղաքակրթությունների մասին հիշողություններ։

Հենց այդ պատճառով հրապարակախոս Ալբերտ Միքայելյանի հետաքրքիր դիտարկումը կարող է դիտվել ոչ թե որպես պատրաստի պատասխան, այլ որպես հետազոտության մեկնակետ։ Այն մեզ մղում է նոր հայացքով վերանայելու Արրատայի, Հայկական լեռնաշխարհի և հին Արևելքի միջև գոյություն ունեցած հնարավոր մշակութային կապերը։

Գիտությունը զարգանում է ոչ միայն ապացուցված փաստերով, այլև ճիշտ ձևակերպված հարցերով։ Իսկ երբ տարբեր գիտակարգեր՝ լեզվաբանությունը, պատմությունը, դիցաբանությունը և մշակութաբանությունը, հատվում են միևնույն կետում, ծնվում են այնպիսի հարցեր, որոնք արժանի են հետագա ուսումնասիրության։

Գուցե հենց այդպիսի հարցերից մեկն էլ չինական  亞美尼亞  անվանումն է։

«Մարդկության առաջին մեծ քաղաքակրթություններից մեկը իսկապես ձևավորվել է Արրատայում, և միանգամայն բնական է ակնկալել, որ նրա արձագանքները երբեմն կարող են պահպանված լինել նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ այլ ժողովուրդների լեզուներում, ավանդույթներում և խորհրդանիշներում։ Այդպիսի համընկնումները դեռևս ապացույց չեն, բայց դրանք, անկասկած, արժանի են լուրջ ուսումնասիրության»։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»