Միթե՞ Շուշին պայթեցվող կինոդեկոր է
«Կաճառ» գիտական կենտրոնը և նրան միացած «Շուշի» սոցիալական, կրթական և փորձագիտական կենտրոնը հետևողականորեն մշտադիտարկում են Արցախի օկուպացված տարածքներում կատարվող մշակութային, պատմական և քաղաքաշինական փոփոխությունները։ Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն հայկական եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանոցների ճակատագիրը, այլև այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են հայկական պատմական միջավայրի աղավաղմանը կամ ոչնչացմանը։
Այդ մշտադիտարկման շրջանակում մեր ուշադրությունը գրավեց Շուշիի գրավմանը նվիրված ադրբեջանական նոր գեղարվեստական ֆիլմի թրեյլերը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես հերթական ռազմապատմական կինոնկար, սակայն կադրերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է բացահայտում։
Թրեյլերից ակնհայտ է դառնում, որ նկարահանումների ընթացքում թիրախ են դարձել ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանի շինությունները, այլև Շուշիի պատմական ճարտարապետական միջավայրի մաս կազմող հայկական առանձնատները։Այդ շենքերը պարզապես բնակելի տներ չէին։ Դրանք քաղաքի պատմական հիշողության, մշակութային դիմագծի և հայկական ներկայության կենդանի վկաներն էին։ Դրանց ոչնչացումը չի կարող դիտվել միայն որպես ֆիլմի համար ստեղծված «հատուկ էֆեկտ»։ Երբ պատմական միջավայրը գիտակցաբար օգտագործվում է որպես պայթեցվող դեկոր, վնասվում է նաև մշակութային ժառանգությունը, որի պահպանումը համամարդկային արժեք է։
| Լուսանկարում նռնականետի թիրախ է դարձլ 1992-ին Շուշիի ազատագրմանը մասնակցած 442 տանկը, որ ապշշերոնյան զավթիչները հանել են հուշակոթողից և որպես թիրած ըեղադրել Ազատամարտիկների փողոցի մի հատվածում |
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ հրապարակված կադրերի համաձայն՝ նկարահանման գործընթացին բազմիցս հետևել է Ապշերոնի ռեժիմի նախագահի օգնական Անար Ալաքբարովը։ Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան անձամբ վերահսկում է նման նկարահանումները, ապա դրանք դժվար է գնահատել որպես սովորական կինոնախագիծ։ Սա ցույց է տալիս, որ նման ֆիլմերը դիտարկվում են ոչ միայն որպես մշակութային արտադրանք, այլև որպես տեղեկատվական ազդեցության գործիք։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տեղեկատվական և մշակութային ճակատում պայքարը շարունակվում է։ Դրան արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ են մասնագիտական հետազոտություններ, փաստերի համակարգված հավաքագրում, միջազգային լեզուներով հրապարակումներ և վերլուծություններ։
«Եթե այսօր մենք չփաստագրենք և չուսումնասիրենք նման դեպքերը, ապա վաղը դրանք կներկայացվեն աշխարհին որպես սովորական կինոնկարների նկարահանումներ՝ առանց հիշատակելու, թե իրականում ապշերոնյան զավթիչներն ինչ արժեքներ են ոչնչացրել Շուշիում այդ «վավե-րագրական» կադրերը ստեղծելու համար»։Այդ նպատակով դիմում ենք հայ բարերար-ներին։ Եթե ցանկանում ենք, որ պատմական ճշմարտությունը պաշտպանվի ոչ միայն զգացմունքներով, այլև գիտական փաստարկներով, ապա անհրաժեշտ է աջակցել այն կառույցներին, որոնք հետևողականորեն կատարում են այդ աշխատանքը։ «Կաճառ» գիտական կենտրոնին ցուցաբերվող յուրաքանչյուր աջակցություն ներդրում է ոչ միայն մեկ կազմակերպության, այլև հայկական պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ճշմարտության պաշտպանության գործում։
Комментарии
Отправить комментарий