ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԷԹՆՈՑԻԴԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Պատմական փաստարկ. Շուշիի քաղաքաշինական հանճարը՝ ընդդեմ պրիմիտիվ խեղաթյուրման

1880-ական թվականների վերջի ռուս ռազմական ինժեներների կազմած այս հատակագիծը սովորական գծագիր չէ. այն քաղաքի համապարփակ վերափոխման և զարգացման ռազմավարական ծրագիր է: Փողոցային համակարգի կարգավորումը լրիվ հորիզոնականներով, դրանց նպատակային լայնացումն ու կանոնավոր ցանցի ստեղծումը վկայում են բարձրագույն քաղաքաշինական մտքի մասին:            

   Այս նախագծի իրագործումը, որին իրենց ուրույն ու անփոխարինելի մասնակցությունն են ունեցել նաև պարսիկ ճարտարապետները (ինչը երևում է քաղաքի արևելյան, մահմեդական թաղամասերի ճարտարապետական յուրահատկություններում), միտված էր ստեղծելու հզոր, բազմաշերտ և կենսունակ միջավայր: Ըստ նախնական հաշվարկների՝ պատմական տեսքի պահպանմամբ այսպիսի նորովի վերականգնումը Շուշիին հնարավորություն էր տալիս դառնալու առնվազն 60-70 հազար բնակչություն ունեցող խոշոր մշակութային ու վարչական կենտրոն: Սա է քաղաքի իրական, փաստագրված կենսագրությունը, որն իր մեջ ներառում է հայկական հոգևոր-մշակութային առանցքը և արևելյան քաղաքակրթական տարրերը:

2. Մեղադրանք Բաքվի ռասիստական վարչակարգին. Կանխամտածված քաղաքակրթական էթնոցիդ

 Այն, ինչ այսօր տեղի է ունենում Շուշիում ապշերոնյան բռնապետության կողմից, ոչ մի կապ չունի «վերականգնման» կամ «քաղաքաշինության» հետ: Սա անցյալի քաղաքակրթական արժեքների կանխամտածված, հետևողական և վայրագ ոչնչացում է:

Ջնջելով 1880-ականների հատակագծով ամրագրված փողոցների ցանցը, հիմնահատակ քանդելով հայկական պատմական թաղամասերի մնացորդները, ձևափոխելով կամ ոչնչացնելով հայկական հուշարձանները (Սուրբ Ամենափրկիչ, Կանաչ ժամ, Քամու Խաչ, Սուրբ Աստավածածին , Սուրբ Գևորգ և այլն)՝ ռեժիմը փորձում է արհեստականորեն «սրբագրել» Շուշիի պատմությունը՝ դրան բացառապես թուրքական կենսագրություն պարտադրելու համար: Սա մշակութային ցեղասպանություն է, որի նպատակն է նյութական աշխարհից իսպառ վերացնել Շուշիի իրական տերերի և կերտողների հազարամյա հետքը:

3. Մեղադրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Լռությունը հանցակցություն է

Այս համատեքստում ամենաամոթալի ու դատապարտելի դերը պատկանում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (UNESCO):     

Մենք բացահայտ մեղադրանք ենք ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ապշերոնյան ռասիստական ռեժիմի հետ հանցավոր համագործակցության և կրավորականության համար: Տարիներ շարունակ արհամարհելով հայկական կողմի, անկախ փորձագետների և իմ 30-ամյա գիտական աշխատանքների արդյունքում հավաքագրված ահազանգերն ու ապացույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընտրել է լռության և երկակի ստանդարտների քաղաքականությունը:

Երբ մշակութային համաշխարհային ժառանգության պահպանման համար պատասխանատու կառույցը աչք է փակում քաղաքակրթական արժեքների բարբարոսական ոչնչացման վրա, երբ թույլ է տալիս, որ բռնապետական նավթադոլարները լռեցնեն գիտական ճշմարտությունը, այդ լռությունը դադարում է պարզապես անգործություն լինելուց: Լռությունը հանցակցություն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կրավորական դիրքով դարձել է Շուշիի ինքնության բռնաբարման և պատմության կեղծման կամակատարն ու հովանավորը:

Եզրակացություն

Ոչ մի նորահայտ կեղծարարություն չի կարող ջնջել այն, ինչ փաստագրված է ռազմական ինժեներների կողմից և ապացուցված է տասնամյակների գիտական հետազոտություններով: Շուշիի հայկական և բազմամշակութային անցյալը վերականգնելու մեր պայքարը չի դադարելու, իսկ պատմության ու մշակույթի դահիճներն ու նրանց միջազգային լուռ հանցակիցները վաղ թե ուշ կանգնելու են քաղաքակրթական դատարանի առաջ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»