Երկու ռազմավարությունների հակադրությու՞ն
1918 թ.ը հայ ժողովրդի պատմության ամենածանր շրջադարձային հանգրվաններից
մեկն էր։ Մի կողմից ստեղծվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը, որը ժառանգել էր պատերազմից
քայքայված երկիր, հարյուր հազարավոր գաղթականներ, համաճարակներ, սով և ռազմական անբարենպաստ
իրավիճակ։ Մյուս կողմից շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը՝ հենված այն համոզման
վրա, որ հայ ազգի հիմնարար իրավունքները չեն կարող սահմանափակվել միայն Երևանի շուրջ
ձևավորված փոքր պետական միավորով։
Հենց այս պայմաններում էլ ի հայտ եկավ երկու տարբեր քաղաքական և ռազմավարական ուղղություն։
Առաջին ուղղությունը ներկայացնում էր Հայաստանի 1-ին Հանրապետու-թյան կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու,
Ալեքսանդր Խատիսյանի և նրանց համախոհների գլխավորությամբ։ Նրանց առաջնային նպատակը,
առանց ողջ ազգի ներուժի մոբիլիզացման, փոքր,
բայց գոյատևող հայկական պետության պահպանումն էր՝ միջազգային հարաբերությունների և
դիվանագիտական հնարավորությունների շրջանակում։
Այս հակասությունը միայն ռազմական չէր։ Այն արտահայտում էր հայկական
պետականության ապագայի վերաբերյալ երկու տարբեր պատկերացումներ։
Գեներալ-մայոր Ա. Օզանյանի քաղաքական դիրքորոշումը առանձնահատուկ էր նաև այն պատճառով, որ նա կապված էր Հայկական ազգային պատվիրակության առաջնորդ իշխան Պողոս Նուբար քաղաքական գծի հետ։ Իշխան
Նուբարի ղեկավարած պատվիրակությունը միջազգային հարթակներում ներկայացնում էր Միացյալ Հայաստանի գաղափարը, որի իրավական արտահայտությունները հետագայում դարձան Սևրի պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Այս տեսանկյունից գեներալ-մայոր Ա.Օզանյանին կարելի է դիտարկել որպես այդ ռազմավարության ամենահետևողական զինվորական պաշտպաններից մեկը։Միևնույն ժամանակ հայտնի է, որ գեներալ-մայոր Ա. Օզանյանը խոր
անվստահություն ուներ Հայաստանի Հանրապետության մի շարք ղեկավարների նկատմամբ։ Պատճառներից
մեկը նրանց նախկին քաղաքական գործունեությունն էր Օսմանյան կայսրությունում և երիտթուրքերի
իշխանության գալուն աջակցելն էր նախապատերազմյան
ժամանակաշրջանում։ Այս հանգամանքի վերաբերյալ պատմագրության մեջ գոյություն ունեն տարբեր
գնահատականներ։ Որոշ հեղինակներ կարծում են, որ այդ համագործակցությունը քաղաքական
սխալ էր, որը հետագայում ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ազգի համար, մինչդեռ այլ
պատմաբաններ այն գնահատում են որպես տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրադրության արդյունք,
առանց պատճառահետևանքային ուղիղ կապ հաստատելու 1915 թ.ի ցեղասպանության հետ։
Այս տարբեր գնահատականների հիման վրա ձևավորվել է նաև այն տեսակետը,
ըստ որի գեներալ-մայոր Ա. Օզանյանը չէր վստահում այդ քաղաքական գործիչներին և նրանց
չէր համարում Միացյալ Հայաստանի ծրագրի հետևողական պաշտպաններ։ Այս մեկնաբանության
կողմնակից-ները գտնում են, որ նրա համար ազգային օրակարգի հիմքում գտնվում էր ամբողջական
Հայրենիքի գաղափարը, այլ ոչ թե սահմանափակ՝ Սևանա լճի շուրջն ընկած տարածքով պետականության
պահպանումը։
Նույն համատեքստում հաճախ հիշատակվում են կառավարության այն
հրահանգները, որոնցով փորձ է արվել սահմանափակել գեներալ-մայոր Ա. Օզանյանի ինքնուրույն ռազմական գործողությունները, իսկ առանձին փաստաթղթերում նույնիսկ քննարկվել են նրան
զինաթափելու կամ ձերբակալելու տարբերակներ։ Այս փաստաթղթերի գոյությունը պատմական աղբյուրներով
հաստատված է, սակայն դրանց գնահատականը տարբեր է։ Մի խումբ պատմաբաններ դա դիտում են
որպես ազգային դիմադրության թուլացում, իսկ մյուսները՝ որպես պետական իշխանության կողմից
միասնական ռազմական ղեկավարություն ապահովելու փորձ։
Հետագա իրադարձությունները նույնպես տարբեր մեկնաբանությունների
տեղիք են տալիս։ Անվիճելի փաստ է, որ Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը շուրջ
երկուսուկես տարի։ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը դարձան միջազգային իրավունքի
կարևոր փաստաթղթեր, սակայն գործնականում չիրագործվեցին։ Միաժամանակ փաստ է նաև, որ
Զանգեզուրը պահպանվեց հայկական վերահսկողության ներքո, և այդ գործում պատմաբանների
զգալի մասը վճռորոշ դեր է վերագրում գեներալ-մայոր Ա. Օզանյանի ստեղծած դիմադրության
ավանդույթին և հետագայում Գարեգին Նժդեհի պայքարին։
Այս պատմական փորձի հիման վրա ձևավորվել է նաև այն քաղաքական
գնահատականը, ըստ որի ՀՀ-ի պատմության մեջ բազմիցս բախվել են երկու աշխարհայացքներ։
Մեկը ձգտել է հնարավոր զիջումների միջոցով պահպանել տվյալ պահին գոյություն ունեցող
պետականությունը, իսկ մյուսը առաջնահերթ է համարել ազգային իրավունքների ամբողջական
պաշտպանությունը՝ նույնիսկ երկարատև պայքարի գնով։
Այս տեսանկյունից որոշ քաղաքական հեղինակներ զուգահեռներ են անցկացնում նաև մեր օրերի հետ։ Նրանց կարծիքով, եթե Առաջին Հանրապետության ղեկավարությունը քննադատվում էր Բաթումի պայմանագրի շրջանակում իրականացված զիջումների համար, ապա Հայաստանի երրորդ Հանրապետության ներկայիս իշխանությունների
քաղաքականությունը քննադատվում է այն տեսակետից, որ Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից Արձախի զավթումը և Թուրքիայի ու Ապշերոնի ռեժիմիի հետ հարաբերությունների ներկայիս ընթացքը կարող են դիտվել որպես նոր տարածքային և քաղաքական նահանջների շարունակություն։
Սակայն անհրաժեշտ է տարբերակել քաղաքական գնահատականը պատմական
փաստից։ Այն, թե արդյոք այս երկու ժամանակաշրջանների միջև գոյություն ունի իրական պատմական
շարունակականություն, մնում է քաղաքական և պատմագիտական բանավեճի առարկա։ Այս հարցում
տարբեր հեղինակներ հանգում են տարբեր եզրակացությունների՝ կախված այն բանից, թե ինչպես
են գնահատում տվյալ իշխանությունների նպատակները, գործողությունների շարժառիթները և
դրանց հետևանքները։
Անկախ այդ տարաձայնություններից, պատմությունը ցույց է տալիս մեկ կարևոր օրինաչափություն. ազգային իրավունքների պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հասարակությունն ունի երկարաժամկետ ռազմավարություն, ազգային համախմբում, իրավական հիմնավորումներ և դրանք պաշտպանելու ունակ պետական ու հասարակական ինստիտուտներ։ Առանց այդ հիմքերի նույնիսկ ամենաարդար իրավական պահանջները կարող են երկար ժամանակ մնալ չիրագործված, ինչպես դա եղավ Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի դեպքում։
Այն տեսակետի շրջանակում,
որի համաձայն իշխան Պողոս Նուբարի և գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի պայքարի առանցքը
Միացյալ Հայաստանի իրավունքի պաշտպանությունն
էր, այսօր այդ առաքելության շարունակողներից մեկը համարվում է Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝
նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավորությամբ։
Այդ ռազմավարության շրջանակում առանձնահատուկ նշանակություն
է տրվում միջազգային դատական ատյաններում տարվող աշխատանքներին։ Մասնավորապես, արդեն
մի քանի տարի շարունակ իրականացվում են իրավական գործընթացներ, որոնք միտված են պաշտպանելու
Արցախի հայության անհատական և հավաքական իրավունքները, այդ թվում՝ սեփականության, հայրենիք
վերադառնալու, մշակութային ժառանգության պահպանության և մարդու հիմնարար իրավունքների
պաշտպանության հարցերը՝ միջազգային իրավունքի գործիքակազմի կիրառմամբ։
Այս հայեցակարգի համաձայն՝ ազգային պայքարի հիմնական հենքը պետք
է լինի ոչ թե ուժի իրավունքը, այլ իրավունքի ուժը։ Եթե անցյալ դարում հայ ազգը ստիպված
էր իր գոյության իրավունքը պաշտպանել զենքով, ապա XXI դարում նույն պայքարը կարող է
և պետք է շարունակվի միջազգային իրավունքի, դատական պաշտպանության, փաստաթղթավորված
իրավական պահանջների և համաշխարհային հանրության առջև հետևողական իրավաքաղաքական աշխատանքի
միջոցով։
Այսպիսով, Պողոս Նուբարի, գեներալ-մայոր Ա. Օզանյանի թողած ազգային-իրավական
ժառանգությունը, այս մոտեցման համաձայն, շարունակում է ապրել ոչ միայն պատմական հիշողության
մեջ, այլև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի ծավալած ժամանակակից
իրավական պայքարի դաշտում՝ նպատակ ունենալով պաշտպանել հայ ազգի անժամանցելի իրավունքները
և ապահովել պատմական արդարության վերականգնումը խաղաղ, ժողովրդավարական և միջազգային
իրավունքի սկզբունքներին համահունչ ճանապարհով։



Комментарии
Отправить комментарий