Ի՞նչ անել կրոնական բաժանումների հետ
Մարդկության
պատմությունը ցույց է տալիս, որ կրոնական ուսմունքները մի կողմից ստեղծել են մեծ հոգևոր
և մշակութային արժեքներ, մյուս կողմից՝ հաճախ դարձել են հակադրությունների, հալածանքների
և բռնության գործիք։
Սակայն այստեղ
անհրաժեշտ է արդար լինել։ Խնդիրը ոչ միայն կրոնի մեջ է։ Այն սկսվում է այն ժամանակ,
երբ հոգևոր ուսմունքը վերածվում է անքննելի դոգմայի, դոգման՝ բացառիկ ճշմարտության
հավակնության, իսկ այդ հավակնությունը՝ քաղաքական կամ խմբային իշխանության գործիքի։
Պատերազմների և հալածանքների պատճառները երբեք միայն կրոնական չեն եղել։ Դրանց մեջ
խառնվել են կայսերական շահերը, ազգային հակադրու-թյունները, տարածքային հավակնությունները,
տնտեսական մրցակցությունը և իշխանու-թյան համար պայքարը։ Ուստի անարդար կլինի ամբողջ
մեղքը վերագրել մեկ կրոնի կամ մեկ դավանանքի։
Խնդիրը ոչ
թե մեկ կրոնը մյուսով փոխարինելն է։ Խնդիրը մարդու հոգևոր հասունությունն է։
Այսօր աշխարհում
գոյություն ունեն բազմաթիվ կրոններ, հարանվանություններ և հոգևոր ուղղություններ։ Եվ
այստեղ առաջանում է կարևոր հարց.
Եթե Արարիչը
մեկն է, ինչո՞ւ են մարդիկ Նրան հասնելու ճանապարհին ստեղծել այսքան տարբեր և երբեմն
միմյանց բացառող համակարգեր։
Գուցե պատճառը
մարդու մեջ է։ Մարդն է մեկնաբանում հոգևոր խոսքը, ձևավորում կանոն-ներ, ստեղծում կառույցներ
և երբեմն սկսում պաշտպանել ոչ թե Արարչին, այլ Արարչի մասին իր պատկերացումը։
Այստեղից
էլ սկսվում է բաժանումը։ Մեկը հայտարարում է՝ «Իմ ճանապարհն է միակ ճշմարիտը»։ Մյուսը
նույնն է ասում իր ճանապարհի մասին։ Իսկ հոգևոր որոնումը վերածվում է մրցակցության։
Բայց արդյո՞ք դրա համար պետք է հրաժարվել հավատից։
Կարծում
եմ՝ ոչ։ Այսօր կան մարդիկ, որոնք հիասթափվելով
եկեղեցուց կամ կրոնական միջավայրից, հեռանում են իրենց նախկին հավատքից և փնտրում այլ
ճանապարհներ։ Նրանց պետք չէ անմիջապես մեղադրել։ Ավելի կարևոր է հարցնել.
Դու իսկապե՞ս
հեռանում ես Օծյալից, թե՞ հեռանում ես Օծյալի անունով ստեղծված այն համակարգից, որն
այլևս չի պատասխանում քո հոգևոր հարցերին։
Սա էական
տարբերություն է։ Հնարավոր է մարդը չհրաժարվի Արարչից, այլ պարզապես հրաժարվի Նրա մասին
իր նախկին պատկերացումներից։
Եվ այստեղ
հայ հոգևոր ժառանգությունը կարող է առաջարկել բացառիկ ճանապարհ։
Նարեկացին՝
որպես ներքին ճանապարհի ուղեցույց
Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության»-ը մարդու և Արարչի միջև կենդանի ու խորքային երկխոսություն է։
Նրա առաջ մարդը միայն վախեցած հպատակ չէ, այլ ազատ, պատասխանատու և փոխվելու ձգտող
անձ։ Նա կանգնում է Արարչի առաջ, ճանաչում իր անկատարությունը, բայց չի մնում այդ
անկատարության մեջ։ Նա ձգտում է ինքնաճանաչման, ապաշխարության և ներքին վերափոխման։
Հազար տարի
անց Նարեկացու խոսքը դեռ ստիպում է մարդուն հարցնել.
Ո՞վ եմ
ես։ Որտե՞ղ է Արարիչը։ Ինչո՞ւ եմ ես բաժանված Նրանից։ Ինչպե՞ս կարող եմ փոխվել և վերադառնալ
ամբողջականությանը։
Սրանք միայն
կրոնական հարցեր չեն։
Սրանք մարդու
գոյության հարցերն են։ 2015 թվականին Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու Վարդապետ։
Բայց նրա արժեքը որևէ եկեղեցական տիտղոսով չի սահմանափակվում։ Նրա ուժն այն է, որ նրա
հոգևոր փորձը կարող է խոսել նաև այն մարդու հետ, որը չի տեղավորվում որևէ պատրաստի
դավանաբանական համակարգի մեջ։
Եթե այս
ճանապարհը կոչենք «նեոօծյալականություն», ապա այն չպետք է դառնա նոր կրոն, նոր աղանդ
կամ նոր դոգմա։ Այն պետք է լինի Հայ
Առաքելական Եկեղեցու ներքին,
կենդանի և մարդակենտրոն հոգևոր վերածնունդ։ Վերադարձ՝ Օծյալի ուսմունքի էությանը և մարդու ներքին
կատարելագործման գաղափարին։ Այն մարդու առաջ դնում է ոչ թե ուրիշին դատելու, այլ ինքն
իրեն փոխելու խնդիրը. նախ ճանաչիր քեզ, ընդունիր պատասխանատ-վությունը, սովորիր
սիրել և աշխատիր քո ներաշխարհի կատարելագործման վրա։
Հհենց
այստեղ է Օծյալի և Նարեկացու հանդիպման կետը։
Ոչ թե մարդուն
հավիտյան պահել մեղավորի վիճակում՝ դրախտի և դժոխքի միջև, այլ նրան արթնացնել, կատարելագործել և պատասխանատու
դարձնել սեփական հոգու ու կյանքի համար։ Այսօր մարդկությանը, թերևս, պետք չէ ևս
մեկ դավանաբանական համակարգ։ Նրան պետք է հոգևոր հասունություն, հոգևոր կատարելագործում։
Այնպիսի
աշխարհ, որտեղ մարդը կարող է ասել.
«Ես կարող
եմ քեզ հետ խոսել
քո Աստծով
և գնահատել քո մարդկային արժանապատ-վությունը»։
Կրոնական
բաժանումների հաղթահարման ճանապարհը հենց այստեղից է սկսվում։
Ոչ թե բոլորին
նույն հավատը պարտադրելուց։ Ոչ թե բոլոր հավատները մերժելուց։
Հասկանանք, որ Արարչին
հավատալու համար մարդը պարտադիր չէ , որ
ատի
Արարչի մասին
այլ կերպ մտածողին։
Եվ այդ վերածննդի
հայկական հոգևոր հիմքերից մեկը Նարեկացին է։
Որովհետև
նա հազար տարի առաջ արդեն ցույց էր տվել ամենակարևոր ճանապարհը՝
Արարչի
հետ խոսել սեփական սրտի խորքից։
Եվ սկսել
ոչ թե աշխարհը փոխելուց, այլ՝ նախ փոխել ինքդ քեզ։

Комментарии
Отправить комментарий