ՀՈՒՆԻՍԻ 22-Ը՝ ՈՉ ԹԵ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՕՐ

 

1941 թվականի հունիսի 22-ին Ազգային-ընկերվարական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա՝ բացելով մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկի նոր փուլը։

Ամեն տարի այս օրը ն խորհրդային կայսրությունից անկախացած պետություններում, այդ թվում նաև ՀՀ-ում նշվում էր որպես հիշատակի և վշտի օր։ Սակայն հայ ազգի համար այդ օրը պահանջում է ոչ միայն հիշողություն, այլև պատմական խորքային ըմբռնում։

Մենք իրավունք չունենք մոռանալու, որ պատերազմի նախօրեին Հայաստանի ԽՍՀ-ն անկախ պետություն չէր։ 1920 թ. անունակ հայ քաղաքական գործիչների մեղքով  կործանվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ հետագա տարիներին հայ ազգը ստիպված եղավ ապրել խորհրդային համակարգի պայմաններում։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հայկական պատմական տարածքների զգալի մասը դուրս մնաց Հայաստանի ԽՍՀ սահմաններից։ Նոր պայմաններին չհարմարված և նոր ռազմավարություն չմշակած եկեղեցին ենթարկվեց հալածանքների, հազարավոր մտավորական-ներ դարձան քաղաքական բռնաճնշումների զոհ, իսկ ազգային ինքնագիտակցությունը  բախվեց կոմունիստական  գաղափարական սահմանափակումների հետ։ Կարելի է այս ամենի մասին հազարավոր հատորներով գրքեր գրել:                         

Սակայն պատմական արդարությունը պահանջում է տեսնել նաև իրականության մյուս կողմը։

Խորհրդային Հայաստանը միայն պնակալեզ ու ազգատյաց մուղդուսիների քաղաքական ճնշումների պատմություն չէր։ Այդ տարիներին վերականգնվեց հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից և պատերազմներից հյուծված հայ ազգի կենսունակությունը, կառուցվեցին քաղաքներ ու գործարաններ, ստեղծվեցին գիտական և մշակութային կենտրոններ, զարգացավ կրթությունը, ձևավորվեց արդյունաբերական տնտեսություն։ Սևանա լճի փրկությանն ուղղված ծրագրերը, Երևանի մետրոպոլիտենի կառուցումը, գիտության ու մշակույթի բազմաթիվ նվաճումներ նույնպես այդ ժամանակաշրջանի ժառանգության մասն են։

Նույնը վերաբերում է ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներին։ Պատերազմին մասնակցած 600.000 հայերից 66.802-ն արժանացել են պարգևների. 106 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մյուս հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են տարբեր շքանշաններով ու մեդալներով:

63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հովհաննես Բաղրամյանը եղել է Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարը:
 Հայրենական Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի: Ցավոք, տասնյակ հազարավոր հայեր չվերադարձան տուն։ Նրանք զոհվեցին ոչ թե պատմական սխալ-ների կամ քաղաքական պայմանագրերի համար, այլ իրենց ժամանակի իրակա-նության մեջ՝ պաշտպանելով այն Հայրենիքը, որտեղ ապրում էին իրենց ընտա-նիքները, երեխաներն ու ծնողները։

Մենք չպետք է հրաժարվենք նրանց հիշատակից միայն այն պատճառով, որ  խորհրդային վարչակարգը հայատյաց քաղաքականություն է իրակա-նացրել։ Զոհված հայ զինվորի հիշատակը և ոչ հայ քաղաքական համակարգի գնահա-տականը տարբեր հարցեր են։

Ուստի հունիսի 22-ը հայ ժողովրդի համար պետք է լինի ոչ թե պատմության մերժման կամ էլ կույր փառաբանության օր։ Այն պետք է լինի սթափ գնահատման օր։

Մենք պարտավոր ենք հիշել խորհրդային իշխանության սխալներն ու հանցագործություն-ները, որպեսզի երբեք չկորցնենք հայոց անկախ պետականությունը։ Բայց նույնքան պարտավոր ենք հարգել այն սերունդների աշխատանքն ու զոհաբերությունը, որոնք ապրել, ստեղծագործել և կռվել են մեզանից հեռու ժամանակաշրջանում։

Իր անցյալից հրաժարվող ժողովուրդը ապագա չի կառուցում։ Ապագա է կառուցում այն ժողովուրդը, որը կարողանում է իր պատմությունը տեսնել ամբողջությամբ՝ և՛ ցավերով, և՛ ձեռքբերումներով, և՛ սխալներով, և՛ հերոսություններով։  

Հունիսի 22-ը պետք է հիշեցնի մեզ մեկ պարզ ճշմարտություն. հայ ժողովրդի բարձրագույն արժեքը ոչ մի կայսրություն չէ՝ ո՛չ կարմիր, ո՛չ սպիտակ, ո՛չ սև։ Մեր բարձրագույն արժեքը Հայաստանի պետականությունն է, ազգային ինքնությունը և մեր ժողովրդի ազատ ապագան։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ