Ինչո՞ւ է Կրեմլը Կովկասում ջախջախում սեփական հենարանը
( Կայսերական կարճատեսության թակարդը)
Կրեմլն, ըստ երևույթին, առաջնորդվում է ոչ թե ապագայի
ռազմավարությամբ, այլ տակտիկական կարճատեսությամբ
և կայսերական իներցիայով։ Նրանք պատրաստ են զոհաբերել դարավոր ռազմավարական
դաշնակցին հանուն այսօրվա մի քանի տակտիկական քայլերի (օրինակ՝ Ուկրաինայում ընթացող
պատերազմի համատեքստում Թուրքիայի և Ապշերոնի վարչաարգի հետ առևտրային շրջանցիկ ուղիներ պահպանելու)։
Սա այն նույն ձեռագիրն է, որով Մոսկվան ժամանակին «փուռը տվեց» իր դաշնակիցներին Լիբիայում,
Իրաքում, իսկ հիմա հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետությանն
ու Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Միջազգային քաղաքականության
մեջ կա մի ոսկե կանոն. եթե գործընթացները տանում են դեպի փակուղի, պետք է փնտրել ոչ
թե դավադրություններ, այլ
ռազմավարական սխալներ: Այսօր շատերն են հարց տալիս՝ մի՞թե
գոյություն ունի գաղտնի գործարք Կրեմլի և Արևմուտքի միջև՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից
դուրս մղելու հարցում: Չէ՞ որ Մոսկվայի վարած քաղաքականությունը ողջամիտ տրամաբանությունից
դուրս է. նա վերջնականապես կորցնում է իր ամենահավատարիմ դաշնակցին՝ հայությանը:
Եթե գործարք չկա, ուրեմն
կա միայն մեկ բան՝ տակտիկական կարճատեսություն, որը կործանարար է հենց իր՝ Ռուսաստանի
համար:
1994-ի դասը. «Հաշվարկված անորոշությունից» մինչև
2020-ի աղետ
Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ ռուս զինվորի «սապոգը» Հայոց լիս աշխարհը մտավ: Դեռ 1994-ի զինադադարի ժամանակ, երբ Արձախն ուներ ռազմական հաղթանակ և դե-ֆակտո սուբյեկտայնություն, Մոսկվան նախընտրեց գործել ոչ թե որպես լիարժեք երաշխավոր, այլ որպես «կառավարող միջնորդ»: Ստեղծվեց հաշվարկված անորոշության մի միջավայր, որտեղ հակամարտությունը ոչ թե լուծվում էր, այլ կառավարվում:
Այդ անորոշության գագաթնակետը դարձավ 2020 թվականի պատերազմը: Փորձելով սիրաշահել Բաքվին ու Անկարային՝ Մոսկվան անհեռատեսորեն աչք փակեց Արձախի հայաթափման և կորստի վրա: Հետևանքն այն էր, որ Ռուսաստանը Կովկասում առհավետ կորցրեց իր ամենահավատարիմ հենարանը՝ Արձախի բնիկ հայությանը: Մարդիկ հասկացան. Ռուսաստանն այլևս ոչ թե անվտանգության վահան է, այլ տարածաշրջանային ցնցումներ հրահրող կամ դրանց վրա աչք փակող դերակատար:
Դաշնակիցներին «փուռը տալու» դարավոր ավանդույթը
Ռուսական քաղաքականության
մեջ սա նորույթ չէ: Լիբիա, Իրաք, Սիրիա, իսկ այսօր արդեն Հայաստանի Հանրապետություն
ու նույնիսկ Իրան. Կրեմլը տարիներ շարունակ հեշտությամբ զոհաբերում է իր ռազմավարական
դաշնակիցներին հանուն պահի տակտիկական շահի կամ Արևմուտքի հետ ընթացիկ առևտրի:
Դարերով փորձված սցենարը՝
«հայերին վախեցնել Թուրքիայով, որպեսզի նրանք
այլընտրանք չունենան և մնան Ռուսաստանի գրկում», այս անգամ ճեղքվածք տվեց: Տեսնելով,
որ ռուսական երաշխիքները փուչիկ են՝ Հայաստանի Հանրապետությունը գնաց դաժան, բայց պրագմատիկ
քայլի՝ անմիջական երկխոսություն սկսեց Անկարայի և Բաքվի հետ, որպեսզի փրկի իր պետականության
մնացորդները՝ հանուն դրա ստիպված լինելով կուլ տալ Արցախի կորուստը:
Տնտեսական պատժամիջոցներ. Հարված սեփական թիկունքին
Այսօր կրկնվում է նույն
անհեռատեսությունը, բայց արդեն տնտեսական դաշտում: Մոսկվայի կողմից հայկական ապրանքների
(ծաղիկներ, ելակ, կոնյակ) արգելքը կամ գազի թանկացման սպառնալիքը հարվածում են ոչ թե
վիրտուալ քաղաքական էլիտաներին, այլ հենց Հայաստանի Հանրապետությունի ներսում եղած
ռուսամետ գործարարներին:
Ստացվում է մի աբսուրդ պատկեր.
թուրքական կապերով աշխատող բիզնեսը ոչինչ չի կորցնում, իսկ ռուսական շուկային հավատարիմ
մնացած հայ գործարարը սնանկանում է Կրեմլի պատճառով: Սա բերում է նրան, որ հակառուսական
տրամադրությունների նոր, հզոր ալիք է բարձրանում հենց ռուսամետ զանգվածի մեջ: Կրեմլն
իր ձեռքով ջախջախում է իր վերջին կողմնակիցներին, և սա հենց այն է, ինչ պետք է Արևմուտքին:
Նոր հավասարակշռության հրամայականը
Այս իրավիճակում Երևանում
անցկացված Հայաստանի Հանրապետություն-ԵՄ առաջին
գագաթնաժողովը և ստորագրված տասնյակ փաստաթղթերը ոչ թե «կապրիզ» են, այլ ապրելու
հրամայական: Հայաստանի Հանրապետությունը ստիպված է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն
ու անվտանգությունը, որպեսզի դուրս գա միակողմանի կախվածության թակարդից:
Ի վերջո. Իրավական նորմերն ու դաշնակցային
պայմանագրերը կենսունակ են միայն այն ժամանակ, երբ դրանց թիկունքում կա ողջամիտ քաղաքականություն:
Ջախջախելով սեփական կողմնակիցներին և դաշնակիցներին «փուռը տալով»՝ Կրեմլը ինքնակամ
դուրս է գրում իրեն տարածաշրջանի ապագայից: Հայաստանի Հանրապետությունն այլևս իրավունք
չունի սպասելու հերթական հուսախաբությանը. մենք ստեղծում ենք մեր նոր, տոկուն սուբյեկտայնությունը:


Комментарии
Отправить комментарий