Ընտրություն պատրանքի՞, թե՞ ճշմարտության միջև
Ասում են՝ կեղծիքից ոչ ոք չի մեռել։ Բայց պատմությունն այլ բան է վկայում։ Քայքայվել են բարեկամությունը, վստահությունը, մարդկայնությունը, և ի վերջո՝ Ազգային Հոգին։ Մեռնում է այն Ազգը, որը չի կարողանում դիմակայել ներսից քայքայող կեղծիքի ժանտախտին։ Այսօր, երբ Հայաստանը կրկին գտնվում է նախընտրական հախուռն քարոզարշավների և շռայլ խոստումների հորձանուտում, այս ճշմարտությունը հնչում է որպես ահազանգ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլն ասել է.
« Երբեք. երբեք, երբեք մի հանձնվիր: Սուտը կարող է ուղևորել աշխարհով մեկ, մինչև ճշմարտությունն իր կոշիկները կհագնի»։
Նախընտրական այս օրերին սուտն ու կիսաճշմարտությունը թռչում են սոցցանցերով ու ամբիոններից՝ փորձելով վազքով առաջ անցնել իրականությունից։ Իսկ հայ ժողովուրդը բազմիցս է զգացել՝ ինչպես է այդ
հնարովի սուտը սպանում իրեն՝ ոչ թե անմիջապես, այլ դանդաղ ու խորքից։ Հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը հորդորում էր. «Սուտն ու ստրկությունը երկվորյակ եղբայրներ են։ Ով ապրում է սուտով՝ շուտով կծնկի թշնամու առաջ»։
Այսօր քվեատուփին մոտեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հիշի այս պատգամը. հեշտ ու հաճելի ստին հավատալը ստրկության առաջին քայլն է։
Ճշմարտությունը՝ պետականության պատվանդան
Մենք պարտավոր ենք հիշել, որ մեր ազգային գոյությունը կառուցվել է ոչ միայն մարտադաշտերում, այլ հոգևոր ճշմարտության պատվանդանի վրա։ Այդ ճշմարտությունը մեր ինքնության հիմքն է։ Հայաստանի Առաջին
Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը գրել է.
-«Ազգը սաղմնավորվում է դպրոցով, կայանում է ճշմարտությամբ, մահանում է կեղծիքով»։
Երբ ընտրական պայքարում հանուն ժամանակավոր շահի և իշխանության հասնելու մոլուցքի աղավաղվում է պատմությունը, մոռացվում է լեզուն, նսեմացվում են իրական արժեքներն ու տրվում են դատարկ խոստումներ՝ մենք կանգնում ենք խավար անդունդի եզրին։ Հանուն ինչի՞ պիտի ապրի ու ընտրություն կատարի մի ազգ, եթե ոչ հանուն ճշմարտության։ Ո՞վ պիտի պահի Հայրենիքի պատիվը, եթե ոչ քարոզչական թմբկահարություններից արթնացած, ճշմարտության մեջ ապրող քաղաքացին։ Որտեղ կորսվում է իրականության ողջամիտ գնահատականը, այնտեղ սկսվում է հուսախաբությունն ու անկումը։
ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանն ասում էր՝ «Սուտը վնասում է այն նույն
կերպ, ինչ կերպ որ քամին՝ նրբորեն, բայց մշտապես քայքայում է ժայռը»։ Իսկ մենք՝ հայերս, սրբազան Արարատ լեռան ժայռերից ենք կերտվել, պահել ենք Արարչական ճշմարտությունը՝ արյան գնով։ Եթե թույլ տանք, որ ընտրական շոուների ժամանակավոր քամիները լվանան ու տանեն այդ ճշմարտությունը, մենք պետությունից կվերածվենք ավազի։
Քաղաքականությունը անցնող է, ճշմարտությունը՝ մնայուն
Ճշմարտությունը Հայոց պետականության գոյաբանական պայմանն է։ Դա այն հիմնաքարն է, որի վրա կարող է կանգնել միայն այն տունը, որի պատերն ամուր են, իսկ հիմքը՝ արդար։ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը գրել է.
«Ճշմարտությունը միակ բանն է, որը երբեք չի փոխվում՝ անկախ քաղաքականությունից»։
Նա պահանջում էր ամուր լինել ճշմարտության մեջ, մանավանդ այն ժամանակ, երբ քաղաքական կոնյունկտուրան փորձում է թելադրել իր կանոնները։ Իսկ Նժդեհն ավելացնում էր. «Պետությունը կդիմանա թշնամուն, բայց չի դիմանա ներսից քայքայող կեղծիքին»։ Քարոզարշավները կգան ու կանցնեն, խոստումները կմոռացվեն, բայց դրանց թողած սուտն ու պառակտումը կարող են հիմնահատակ քանդել պետության հիմքերը։
Վերջաբան. Յուրաքանչյուրիս ընտրությունը
Ճշմարտության պահապանը միայն լրագրողը, քաղաքագետը կամ պատմաբանը չէ։ Դա այսօր յուրաքանչյուրիս պարտքն է՝ սովորական ընտրողից մինչև թեկնածու ու նախարար, ուսուցչուհուց մինչև զինվոր։Այսօր, քարոզչական հեղեղի մեջ, ճշմարտությունը զատելը կեղծիքից մեր ամենամեծ մարտահրավերն է։ Մերժելով հաճոյախոսություններն ու դատարկ հույսերը, ընտրելով ճշմարտության ու իրատեսության ճանապարհը՝ մենք կընտրենք մեր երկրի փրկության և հզորացման ճանապարհը։
Ճշմարտությունը հաղթանակի միակ և անփոխարինելի զենքն է։
Комментарии
Отправить комментарий