Ի՞նչ է իրական գաղտնագիտությունը (օկուլտիզմը)
«Գաղտնագիտություն» ( «Օկուլտիզմ») բառը ժամանակակից աշխարհում սովորաբար կապվում է կախարդության, ծեսերի, մագական ազդեցությունների (ընթերցողների մեծ մասը անտեղյակ է , որ մագիան սև ուժերի գործունեության ոլորտն է, իսկ մոգությունը՝ լուսավոր ուժերի) , գուշակությունների և տարաբնույթ «գաղտնի ուժերի» հետ։ Սակայն այդ պատկերացումը քիչ ընդհանրություն ունեն այն բանի հետ, ինչ հնագույն ժամանակներում անվանում էին օկուլտ գիտելիք կամ Գաղտնի վարդապետություն։
Լատիներեն occultus բառը նշանակում է «թաքնված», «գաղտնի»։ Հետևաբար օկուլտիզմը նախ և առաջ թաքնված գիտելիքների և օրենքների ճանաչման ձգտում է։ Ոչ թե մարդկանց կամ բնությունը ենթարկեցնելու, այլ կյանքի խորքային իմաստը հասկանալու ճանապարհ։
Եթե ուսումնասիրենք աշխարհի մեծագույն իմաստունների ուսմունքները, կտեսնենք, որ նրանք, տարբեր լեզուներով և տարբեր դարաշրջաններում, հաճախ մատնանշել են միևնույն ճշմարտությունը.Տիեզերքը քաոս չէ։
- Մարդը չի տեսնում իրադարձությունների ամբողջ պատկերը։
- Այսօրվա կորուստը կարող է վաղվա ձեռքբերման հիմքը լինել։
- Դժվարությունը կարող է թաքցնել զարգացման հնարավորություն։
- Մարդու իրական ուժը ոչ թե իրադարձությունները վերահսկելու, այլ դրանց նկատմամբ իր վերաբերմունքը կառավարելու մեջ է։
Այս գաղափարը հիանալի արտահայտված է նախնյաց դավանաբանությունից վերցված պարզ խորհրդում.
«Ստեղծիր քեզ համար, առաջին հայացքից գուցե նույնիսկ անհեթեթ թվացող մի սովորություն․ ինչ էլ որ պատահի՝ լավ, վատ կամ տարօրինակ, անդադար կրկնիր.«Իմ աշխարհն ինձ առաջնորդում է դեպի իմ նպատակը»։
Ուշացա՞ր ինքնաթիռից։ Գերազանց է։ Ուրեմն աշխարհը քեզ հեռու պահեց ինչ-որ փորձանքից։
Կորցրե՞լ ես մեծ գումար։ Հրաշալի է։ Ուրեմն դա վճարն էր ապագա հաջողության համար։
Հենց որ սկսում ես ուրախությամբ ընդունել անհաջողությունները, իրականությունը կարծես հայտնվում է փակուղու մեջ։ Այն այլևս չի կարող քեզ կոտրել նույն միջոցներով։
Այդ պահին դու սկսում ես ղեկավարել քո վերաբերմունքը իրականության հանդեպ, և նույնիսկ ամենամութ շերտագիծը վերածվում է վերելքի հարթակի։
Փորձիր։ Ասում են՝ այս սկզբունքը գրեթե երբեք չի դավաճանում»։Առաջին հայացքից սա կարող է թվալ պարզապես հոգեբանական հնարք։ Սակայն եթե խորանանք պատմության և փիլիսոփայության մեջ, կտեսնենք, որ նման գաղափարներ հանդիպում են աշխարհի մեծագույն ուսմունքներում։
Լաո Ցզին սովորեցնում էր ներդաշնակվել Դաոյի՝ կյանքի բնական հոսքի հետ և չպայքարել այն ամենի դեմ, ինչը մեզանից անկախ է։
Կոնֆուցիոսը սովորեցնում էր, որ ազնիվ մարդը չի կոտրվում արտաքին հանգամանքներից և իր արժանապատվությունը չի կապում հաջողությունների կամ անհաջողությունների հետ։Բուդդան բացատրում էր, որ տառապանքի մեծ մասը ծնվում է ոչ թե իրադարձություններից, այլ դրանց նկատմամբ մեր կապվածությունից։
Պլատոնը ենթադրում էր, որ տեսանելի աշխարհի ետևում գործում է ավելի բարձր կարգ ու իմաստություն, որը մարդը հաճախ չի կարող անմիջապես տեսնել։
Արիստոտելը երջանկության աղբյուրը տեսնում էր ոչ թե բախտի, այլ մարդու ներքին առաքինության մեջ։Դավիթ Անհաղթը սովորեցնում էր արտաքին երևույթների ետևում որոնել բանական կարգն ու պատճառականությունը։
Հովհան Ոսկեբերանը, նույնիսկ կյանքի ամենածանր փորձությունների ժամանակ, շարունակում էր կրկնել. «Փառք Աստծուն ամեն ինչի համար»։
Ավելի ուշ նույն գաղափարները հանդիպում են Ելենա Բլավացկայայի, Աննի Բեզանտի և Ելենա Ռերիխի աշխատություններում, որտեղ փորձությունը դիտվում է որպես հոգևոր աճի միջոց,
իսկ խոչընդոտը՝ որպես զարգացման աստիճան։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ իրական գաղտնագիտությունը ոչ թե կախարդական ուժերի որոնումն է, այլ մարդու ներքին փոխակերպման արվեստը։
Ամենամեծ գաղտնիքը հենց այն է, որ մարդը չի կարող միշտ կառավարել իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, բայց կարող է կառավարել դրանց նկատմամբ իր վերաբերմունքը։
Եվ հենց այդ պահից է սկսվում իրական ազատությունը։
Комментарии
Отправить комментарий