«Երկակի չափանիշների» նոր բռնկում Էրդողանի և «Նեթանյահուի» միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ «Բենիամին Նեթանյա-հուի» հերթական հրապարակային բախումը առաջին հայացքից կարող է թվալ որպես բարոյականության և արդարության շուրջ վեճ։ Մեկը մյուսին համեմատում է Հիտլերի հետ, մյուսը հակադարձում է՝ մեղադրելով քրդերի նկատմամբ բռնությունների և քաղաքական ճնշումների մեջ։ Սակայն այս փոխադարձ մեղադրանքների աղմուկի մեջ առանձնապես նկատելի է մի հանգամանք՝ երկուսն էլ խոսում են մարդկային տառապանքների մասին միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է իրենց քաղաքական շահերին։
Էրդողանը տարիներ շարունակ կոշտ քննադատության է ենթարկում Իսրայելի
գործողությունները Գազայում և այժմ նաև Լիբանանում ու Սիրիայում։ Նեթանյահուն իր հերթին Թուրքիայի իշխանություններին մեղադրում է քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար։ Սակայն երկու ղեկավարների խոսքերում հազվադեպ կամ գրեթե երբեք տեղ չեն գտնում այն ողբերգությունները, որոնց զոհ է դարձել հայ ժողովուրդը։Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է խուսափել 1915 թվականի Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած զանգվածային կոտորածների, տեղահանությունների և հայ ժողովրդի պատմական հայրենիքից վերացման փաստի ամբողջական ընդունումից։ Միևնույն ժամանակ, երբ Անկարան աշխարհի տարբեր անկյուններում խոսում է արդարության, մարդու իրավունքների և պատմական պատասխանատվության մասին, սեփական պատմության
ամենացավոտ էջի վերաբերյալ շարունակում է պահպանել պաշտոնական ժխտողականությունը։Սակայն միայն Թուրքիան չէ, որ արժանի է նման քննադատության։ Իսրայելի քաղաքական ղեկավարությունն էլ երկար տարիներ խուսափել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ գերադասելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը պատմական արդարությունից։ Ավելին, 2020 թվականի Արձախյան պատերազմի և 2023 թվականին Արձախի բնիկ հայ բնակչության զանգվածային արտագաղթի ու տեղահանության ընթացքում Իսրայելը շարունակեց ռազմական համագործակցությունը Ապշերոնի ռասիստական ռեժիմի հետ՝ չարձագանքելով այն հումանիտար հետևանքներին, որոնք ակնհայտ էին միջազգային հանրության համար։
Արձախի բնիկ հայության ճակատագիրը նույնպես դարձավ ընտրովի բարոյա-կանության զոհ։ Երբ աշխարհաքաղաքական շահերը գերակշռում են, մարդու իրավունքների մասին հայտարարությունները հաճախ կորցնում են իրենց անկեղծությունը։ Այն, ինչ մի դեպքում ներկայացվում է որպես մարդկային ողբերգություն, մյուս դեպքում անտեսվում է, եթե քաղաքական գինը չափազանց բարձր է։
Այս իմաստով Էրդողան- «Նեթանյահու» բանավեճը ոչ թե արդարության պայ-քար է , այլ «երկակի չափանիշների» կեղծավոր մրցավազք։ Երկու ղեկավարներն էլ փորձում են զբաղեցնել բարոյական դատավորի դիրքը՝ շրջանցելով այն պատմական ու ժամանակակից ողբերգությունները, որոնց նկատմամբ իրենց պետությունները ունեցել են պատասխանատվություն, ազդեցություն կամ առնվազն քաղաքական անտարբերություն։
Հայ Ազգի շահերի տեսանկյունից այս բանավեճը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջազգային քաղաքականության մեջ բարոյականությունը հաճախ կիրառ-վում է ընտրովի սկզբունքով։ Ի վերջո հայ քաղաքական առաջնորդները պետք է հասկանան, որ մարդու իրավունքները, պատմական հիշողությունը և արդարությունը գործիքներ են և ոչ թե արժեքներ, երբ դրանց հիշատակումը պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։Ուստի, երբ Էրդողանն ու «Նեթանյահուն» միմյանց մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների, բռնությունների կամ ճնշումների համար, արժե հիշել նաև այն լռությունը, որը նրանք պահպանում են հայ Ազգի պատմական և նորագույն ողբերգությունների նկատմամբ։ Այդ լռությունը ավելի խոսուն է, քան նրանց բարձրաձայն հայտարարությունները։

Комментарии
Отправить комментарий