Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշման և դրա հետևանքների քաղաքական-իրավական գնահատականը
1. Ժողովրդավարական այլընտրանքի տապալումը. 1917 թվականի նախագիծը
Արձախի հիմնախնդրի խորհրդային փուլի իրավաքաղաքա-կան վերլուծությունը լիարժեք չի կարող լինել առանց դրա նախապատմության և այն բաց թողնված պատմական հնարավորությունների դիտարկման, որոնք դուրս են մնացել ժամանակակից պատմագիտական կիզակետից: Դեռևս 1917 թվականին՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևումների փոթորկալից շրջանում, Ստեփան Շահումյանի կողմից առաջ էր քաշվել Հայկական լեռնաշխարհի Արևելյան շրջանների (Այսրրկովկասի) վարչատարածքային բաժանման մի ուշագրավ և իր ժամանակի համար չափազանց ժողովրդավարական նախագիծ:
Շահումյանն առաջարկում էր ձևավորել երեք հիմնական նահանգներ՝ Արևմտյան (կամ Քութայիսի) նահանգ, Արևելյան (կամ Երևանի) նահանգ և Ելիզավետպոլի (կամ Բաքվի) նահանգ: Այս ծրագրի հայեցակարգային առանցքն այն էր, որ նշված երեք վարչական միավորների ներսում նախատեսվում էր լայն ինքնավարություն շնորհել ազգային փոքրամասնություններին: Այս մոտեցումը հնարավորություն կտար խուսափել էթնիկական բախումներից և ապահովել Արձախի ու հարակից
հայաբնակ շրջանների բնականոն, ժողովրդավարական զարգացումը՝ հաշվի առնելով բնակչության կամարտահայտումը: Սակայն վրացական մենշևիկների և ապշերոնյան մուսավաթականների ազգայնամոլական դիրքորոշման ու կոշտ դիմադրության պատճառով Շահումյանի այս առաջադիմական ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա: Ժողովրդավարական այս այլընտրանքի տապալումը ճանապարհ հարթեց հետագա բոլշևիկյան կամայականությունների և տարածքային բռնակցումների համար:
2. Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշման իրավական անվավերությունը
1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի Բոլշևիկյան կուսակցության Կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի կողմից ընդունված որոշումը, որով շուրջ 16 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արձախը բռնակցվեց Ապշերոնի վարչակարգին, իրավական առումով չի կարող դիտարկվել լեգիտիմ վարչաքաղաքական ակտ։ Այն կայացվել է առանց Արձախի բնիկ հայ բնակչության կամքի արտահայտման, առանց որևէ հանրաքվեի, ներկայացուցչական համա-ձայնության կամ ժողովրդավարական ընթացակարգի, ինչը հակասում էր նույ-նիսկ բոլշևիկյան իշխանությունների կողմից հռչակված ազգերի ինքնորոշման սկզբունքին։
Կովկասյան բյուրոն ինքնին պետական սահմանադրական լիազորություններով օժտ-ված մարմին չէր և իրավասություն չուներ ժողովուրդների պատմական տարածքների պատկանելիության հարցեր լուծելու։ Հետևաբար, 1921 թ. որոշումը պետք է դիտարկել ոչ թե որպես իրավականորեն հիմնավորված սահմանազատում, այլ որպես քաղաքա-կան պարտադրանք՝ իրականացված տարածաշրջանային ուժային (Ռուսաստան և Թուրքիա) և աշխարհաքաղաքական (Վիլսոնի իրավարար վճիռը չեղարկելու ) հաշվարկների շրջանակում։
3. Մասնատման ռազմավարությունը և 1923 թ. վարչական վերաձևումը
1923 թ. հուլիսի 7-ին ԽՍՀՄ իշխանությունները, իբր խնդրի կարգավորման նպատակով, Արձախի բազմիցս ավելի փոքր՝ ընդամենը 4160.5 քառակուսի կիլոմետր տարածքով հատվածում ստեղծեցին Հայերի Ինքնավար Մարզը՝ ընդգրկելով բացառապես լեռնային մասը և Ապշերոնի վարչակարգի կազմում թողնելով դաշտա-վայրային Արձախի հազարավոր հայաբնակ բնակավայրեր ու պատմական տարածք-ներ։
Արձախի աշխարհագրական տեսանկյունից լեռնային և դաշտային հատվածների այս վարչական բաժանումը չէր հանդիսանում զուտ խորհրդային ներքին նախա-ձեռնություն։ Դրա գաղափարական ակունքները ձևավորվել էին դեռևս 1919–1920 թվականներին՝ Փարիզի խաղաղության համաժողովի ընթացքում, երբ թուրքական դիվանագիտությունը, համագործակցելով Բաքվի պատվիրակության հետ, առաջ էր մղում Արձախի մասնատման քաղաքականությունը՝ հեռահար նպատակ ունենալով նրա դաշտային հատվածի վերջնական կցումը Ապշերոնյան վարչակազմին։
Այսպիսով, 1923 թվականի վարչատարածքային վերաձևումը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության պատմական տարածքի բռնի անջատում էր, այլև հայ ազգի ինքնորոշման իրավունքի համակարգված սահմանափակում։ Միաժամանակ այն հանդիսացավ Անկարա–Բաքու քաղաքական համագործակցության շրջանակում մշակված այն ռազմավարության շարունակությունը, որի նպատակը Արձախի սահ-մանների արհեստական վերաձևումն ու նրա դաշտային հատվածի հայաթափման երկարաժամկետ գործընթացի մեկնարկն էր։
4. 1936 թ. Սահմանադրությունը և էթնիկական ինքնության իրավական նսեմացումը
1936 թ. դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄ Սովետների VIII արտակարգ համագումարի կողմից ընդունված նոր սահմանադրությամբ Արձախի վարչական տարածքը վերանայվեց և կազմեց 4431.7 քառակուսի կիլոմետր։ Սակայն առավել նշանակալից փոփոխությունը վերաբերում էր անվանափոխությանը։ Ապշերոնի վարչակարգի պահանջով « Արձախի հայերի Ինքնավար Մարզ » ձևակերպումը փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» (ԼՂԻՄ) անվամբ։
Այս փոփոխությունը զուտ տեխնիկական կամ աշխարհագրական բնույթ չէր կրում։ Իրականում տեղի ունեցավ էթնոքաղաքական բովանդակության փոխարինում աշխարհագրական տերմինաբանությամբ, որի միջոցով փորձ կատարվեց նվազեցնել և աստիճանաբար ջնջել Արձախի հայկական ինքնության իրավական ու քաղա-քական արտահայտվածությունը։ Այդ կերպ ստեղծվում էր վարչաքաղաքական այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր էր հետագայում առավել հեշտությամբ հիմ-նավորել Ապշերոնի վարչակարգի լիակատար վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։
Եզրակացություն
1921-ից 1936 թվականներին իրականացված ամբողջ գործընթացը պետք է դիտարկել որպես համակարգված քաղաքական գործողությունների շղթա, որի նպատակը Արձախի բնիկ հայության ինքնավարական, ժողովրդագրական և ինքնորոշման իրավունքների սահմանափակումն էր։ Խորհրդային իշխանությունների և Ապշերոնի վարչակարգի համագործակցությամբ իրականացված այս քաղաքականությունը հանգեցրեց ոչ միայն վարչատարածքային անարդար լուծման պարտադրմանը, այլև պատմական հայկական ինքնության հետևողական նսեմացմանը տարածաշրջանում։
Ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից նման որոշումները հակասում են ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքին, որը հետագայում ամրագրվեց ՄԱԿ-ի կանոնադրությամբ և մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով։ Այդ պատճառով Արձախի հարցը չի կարող դիտարկվել բացառապես խորհրդային վարչական սահմանների շրջանակում։ Այն նախ և առաջ բնիկ ժողովրդի քաղաքական իրավունքների, պատմական շարունակականության և ինքնորոշման խնդիրն է։

Комментарии
Отправить комментарий