ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

 

Երբ Մերձավոր Արևելքում և Հայկական լեռնաշխարհի Հարավկովկասյան հատվածում ձևավորվում են նոր հակամարտություններ, բազմաթիվ վերլուծություններ կենտրոնանում են միայն ռազմական վտանգների վրա։ Սակայն ազգային պետական մտածողությունը պահանջում է ավելի լայն դիտանկյուն։

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրը միայն հերթական ճգնաժամը հաղթահարելը չէ։ Խնդիրը պատմական  է. պահպանել և զարգացնել այն պետականությունը, որը հազարամյակներ շարունակ եղել է քաղաքակրթությունների, մշակույթների և առևտրական ճանապարհների հատման կետում։

Այսօր խոսքը միայն Իրանի կամ Իսրայելի, միայն Թուրքիայի կամ Ապշերոնի ռեժիմի, միայն մեծ տերությունների մրցակցության մասին չէ։ Խոսքը վերաբերում է ամբողջ տարածաշրջանի ապագա կառուցվածքին և այդ կառուցվածքում Հայաստանի Հանրապետության տեղին։

Սյունիքը  աշխարհաքաղաքական հանգույց 

Աշխարհի քաղաքական քարտեզում կան տարածքներ, որոնց արժեքը գերազանցում է իրենց չափերը։

Այդպիսին են Մալակկայի նեղուցը, Սուեզի ջրանցքը, Պանամայի անցումը։

Հայաստանի Հանրապետության  համար այդպիսի նշանակություն ունի Սյունիքը։

Սյունիքը միակ բնական կամուրջն է, որը միացնում է Սև ծովի ավազանը Պարսից ծոցին և միաժամանակ կարող է ապահովել Հյուսիս–Հարավ ու Արևելք–Արևմուտք հաղորդակցությունների հատումը։

Ուստի Սյունիքի նկատմամբ ցանկացած ճնշում պետք է դիտարկվի ոչ միայն Հա-յաստանի Հանրապետության , այլև միջազգային հաղորդակցային անվտանգության համատեքստում։

Իրանի  և ուժային հավասարակշռության խնդիրը 

Իրանը Հայաստանի Հանրապետության  ոչ միայն հարևան պետություն է, այլև  տարածաշրջանային հավասարակշռության կարևոր բաղադրիչ։

Եթե Իրանը ներքաշվի երկարատև պատերազմական գործընթացների մեջ կամ ենթարկվի ներքին ապակայունացման, ապա կփոխվի ամբողջ տարածաշրջանի ուժային համակարգը։

Այդ պարագայում կարող են ակտիվանալ այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայկա-կան լեռնաշխարհի Այսրկովկասյան շրջանի ուժային վերաձևավորումներին և ին-քընիշխան պետականությունների հաշվին աշխարհաքաղաքական նոր իրողու-թյունների ստեղծմանը։

Հայաստան Հանրապետությունը պարտավոր է  պատրաստ լինել նման զարգա-ցումներին։

 Փոքր պետությունների մեծ ռազմավարությունը 

Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տվել, երբ փոքր պետությունները կարողացել են իրենց աշխարհագրական դիրքը վերածել ռազմավարական առավելության։

Սինգապուրը դարձավ համաշխարհային առևտրի կենտրոն՝ վերահսկելով հաղորդակցային հանգույցը։

Շվեյցարիան դարձավ միջազգային ֆինանսական և քաղաքական հարթակ՝ իր չեզոքությունը վերածելով համաշխարհային արժեքի։

Ֆինլանդիան կարողացավ պահպանել պետականությունը՝ մրցակցող ուժերի միջև կառուցելով հավասարակշռված հարաբերություններ։

Ղազախստանը բազմավեկտոր քաղաքականության միջոցով ձևավորեց կապող օղակի դեր Եվրոպայի և Ասիայի միջև։

Այս օրինակները ցույց են տալիս մեկ կարևոր ճշմարտություն. աշխարհագրությունը ճակատագիր չէ, եթե այն վերածվում է ռազմավարության։

«Խաղաղության խաչմերուկ»՝ հայկական քաղաքակրթական նախագիծ

Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմե-

րուկ» նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական տնտեսական նախագիծ, այլ որպես նոր տարածաշրջանային փիլիսոփայություն։

Այն հիմնված է չորս սկզբունքի վրա.

Առաջին՝ բոլոր ճանապարհները գործում են ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։

Երկրորդ՝ բոլոր կողմերն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ։

Երրորդ՝ հաղորդակցությունները ծառայում են համագործակցությանը, ոչ թե գերիշխանությանը։

Չորրորդ՝ տնտեսական փոխկախվածությունը նվազեցնում է ռազմական բախումների հավանականությունը։

Այս մոդելը հակադրվում է Բաքվի ռասիստական ռեժիմի «միջանցքային» ագրեսիվ  տրամաբանությանը, որը ենթադրում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակում և ուժային պարտադրանք։

Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակը

ՀՀ-ի պետք է հրաժարվի դարերի ընթացքում պարտադրված գոյատևման կործանարար ուղուց։

Պետությունները, որոնք մտածում են միայն գոյատևման մասին, մշտապես գտնվում են պաշտպանական դիրքում։

Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակը պետք է լինի Հայկական լեռնաշխարհի հաղորդակցային, տնտեսական և քաղաքակրթական դերակատարու-թյան վերականգնումը։

  Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում դառնում է.

  • Հյուսիս–Հարավ հաղորդակցության առանցք,
  • Արևելք–Արևմուտք տնտեսական կամուրջ,
  • միջազգային ներդրումների անվտանգ հարթակ,
  • տարածաշրջանային երկխոսության կենտրոն,
  • խաղաղության և համագործակցության երաշխավոր։ 

Եզրափակիչ խոսք

Նոր աշխարհակարգի ձևավորման ժամանակաշրջաններում պետությունների ճակատագիրը որոշվում է ոչ միայն նրանց ռազմական ներուժով, այլև նրանց գաղափարական և ռազմավարական տեսլականով։

Հայաստանի Հանրապետության ուժը պետք է հիմնված լինի երեք սյուների վրա՝ անվտանգություն, ինքնիշխանություն և հաղորդակցային նշանակություն։

Եթե կարողանանք միջազգային շահագրգիռ ուժերին ներգրավել Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք հաղորդակցությունների կառուցման ու պահ-պանման գործում, ապա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կդառնա ոչ միայն հայկական, այլև միջազգային շահ։

Սա է «Խաղաղության խաչմերուկի» իրական նշանակությունը. Հայաստանի Հանրապետությունը ոչ թե աշխարհաքաղաքական մրցակցության զոհ է, այլ տարածաշրջանային համագործակցության ճարտարապետ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»