Լուսանկարի խորհուրդը

 


 Եթե  կենտրոնանանք լուսանկարի վրա գրված զորահրամանատար, գեներալ մայոր  Անդրանիկ Թորոսի Օզանյանի այս խոսքի շուրջ՝

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»  

ապա կտեսնենք, որ սա զուտ հայրենասիրական կոչ չէ։ Սա կյանքի փիլիսոփայություն է, քաղաքացիական վարքականոն և ազգային գոյատևման բանաձև։

Այս խոսքը չի հարցնում, թե որքան ունեցար, որքան վաստակեցիր, ինչ պաշտոն ստացար կամ ինչ հաճույքներ վայելեցիր։ Այն տալիս է մեկ պարզ, բայց ծանրակշիռ հարց.

«Այսօր ի՞նչ տվեցի ես իմ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»։

Այս հարցը դարերի ընթացքում տարբեր բառերով տվել են աշխարհի մեծ մտածողները։ Ջոն Ֆ. Քեննեդին կոչ էր անում մտածել, թե մարդն ինչ կարող է անել իր երկրի համար, Նմանատիպ գաղափար է արտահայտել նաև Ուինթոն Չերչիլը, երբ 1939-1945թթ. պատերազմի տարիներին մարդկանց հորդորում էր մտածել ոչ թե անձնական բարեկեցության, այլ ազգի գոյության և հաղթանակի մասին։Մահաթմա Գանդին  ընդգծում էր, որ ապագան կառուցվում է այսօրվա գործերով, իսկ Մարկուս Ավրելյուս կայսրը հիշեցնում էր, որ անհատի բարօրությունը չի կարող առանձնացվել ընդհանուր բարօրությունից։ Ջուզեպպե Մաձինին  ասում էր.- «Մարդու առաջին պարտականությունն իր Հայրենիքի հանդեպ ունեցած պարտականությունն է»։

Նա հաճախ էր շեշտում , որ ազգի ապագան կառուցվում է յուրաքանչյուր անհատի ամենօրյա բարոյական ընտրությամբ։

  Հետաքրքիր է նաև, որ այս միտքը որոշ առումով հիշեցնում է Կոնֆուցիոսի  ուսմունքը. պետությունը փոխելու համար նախ պետք է կարգավորել սեփական վարքը, ընտանիքը, ապա միայն հանրությունը։ Անդրանիկ Օզանյանն էլ նույն գաղափարն է ներկայացնում ազգային հարթության վրա՝ ազգի հզորությունը սկսվում է յուրաքանչյուր մարդու ամենօրյա գործից։
 
Այս ամենը մեզ բերում է մի կարևոր եզրակացության.

Ազգը չի կործանվում աղքատությունից այնքան, որքան անտարբերու-թյունից։ Ազգը չի թուլանում միայն արտաքին հարվածներից, այլ նաև այն ժամանակ, երբ իր զավակները դադարում են իրենց անձնական կյանքից դուրս որևէ պատասխանատվություն զգալ։ Հենց հայ Ազգի հետ այսպիսի վատթար գործ է արվել թավշյա հեղափոխությամբ:

   Անշուշտ, փողը կարևոր գործոն է  բարեկեցություն ապահովելու համար։ Շատ կարևոր է ընտանիքի ապահովությունը ։

Սակայն, երբ դրանք են դառնում  մարդու միակ չափանիշը, ապա հասարակությունը վերածվում է անհատական շահերի հավաքածուի։ Իսկ երբ նյութական հաջողությանը միանում է ծառայության զգացումը, առաջանում է ուժեղ ժողովուրդ և կենսունակ պետություն։

Հետևաբար զորավարի խոսքը կարելի է հասկանալ այսպես.

Ամեն երեկո մարդը պետք է հաշվետվություն տա ոչ թե իր գրպանին, այլ իր խղճին։ Արդյո՞ք այսօր ես ինչ-որ բան ստեղծեցի։ Արդյո՞ք այսօր ես ինչ-որ մեկին օգնեցի։ Արդյո՞ք իմ աշխատանքով, գիտելիքով, խոսքով կամ վարքով մի փոքր ուժեղացրի իմ ժողովրդին։ Եթե պատասխանը դրական է, ապա օրը զուր չի անցել։

Այսպիսիով.

Ազգերի ապագան որոշվում է ոչ թե նրանով, թե նրանք ամեն օր ինչ են վերցնում Հայրենիքից, այլ նրանով, թե ամեն օր ինչ են տալիս Հայրենիքին։

Այդ պատճառով էլ զորավար Անդրանիկ Օզանյանի    պատգամը շարունակում է հնչել արդիական՝ որպես ամենօրյա ինքնաքննության, ազգային պատասխանատվության և արժանապատիվ կյանքի չափանիշ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»