Ժայռի մեջ թաքնված գաղտնիքը
Պատմության լռության մեջ հաճախ թաքնված են լինում ամենահզոր գաղտնիքները, և դրանցից մեկն էլ գտնվում է Արձախյան լեռնաշխարհի սրտում: Սուրբ Հովհաննես սրբավայրը Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն է՝ Ապշերոնի ռեժիմի կողմից զավթված Արձախի Հանրապետության Դիզակի իշխանապետության (Հադրութի շրջանի) Տող գյուղի կենտրոնում։ Ցավոք, ներկայումս վիճակի մասին հստակ տեղեկություններ չունենք։ Այստեղ ծագում է արդարացի մի հարցադրում. հայության ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պաշտպանելու դարավոր փորձ ունեցող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ինչո՞ւ չի դիմում միջազգային իրավական դատական ատյաններ՝ Ապշերոնի ռեժիմի ապօրինությունների դեմ: Մինչ դիվանագիտական ու իրավական հարթակներում փնտրվում են այս բարդ հարցերի պատասխանները, սրբավայրն ինքնին շարունակում է մնալ պատմական անհերքելի փաստարկ...»
Ճարտարապետական «Առանձնահատուկ Հորինվածքը»
Այս սրբավայրն իսկական հանելուկ է ճարտարապետական հետախույզների համար: Իր համաչափությամբ և ընդհանուր հատկանիշներով այն նման է Արձախի Վարանդայի իշխանապետության Ավետարանոց ավանի 1651 թ. վերակառուցված Սուրբ Աստվածածին սրբավայրին: Սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքով ավելի շատ հիշեցնում է վաղ շրջանի բազիլիկ կառույցները:
Սրբավայրը կառուցված է խիստ թեքադիր տեղանքի վրա.
Հյուսիսային պատն իր բարձրության կեսի չափով բառացիորեն «խրված» է ժայռի մեջ, ինչի պատճառով այստեղ բացված է ընդամենը մեկ լուսամուտ։
Հարավային պատն ամբողջությամբ բաց է, երևում են հիմքերը, և այն ունի 3 բացվածք։
Արևմտյան պատն արտաքինից շարված է սրբատաշ քարերով, իսկ մյուս պատերը՝ կիսամշակ քարերից։
Սրբավայրն ունի 12,9 x 21,7 մ չափեր։ Ծածկը հենված է չորս հզոր սյուների վրա, որոնք կառուցված են հայտնի Կավաքի քարհանքի քարերով։ Թաղակապ առաստաղը բարձր է, այդ իսկ պատճառով տանիքի թեքությունները համեմատաբար մեծ են։ Այդ թեքության շնորհիվ կիսակլոր ելուստներով ծածկասալերը մեկը մյուսի վրա են նստած՝ կազմելով անջրանցիկ, դարավոր մի մակերևույթ։
Քարե Վկայությունն ու Հնագույն Գաղտնիքները
Սրբավայրի ներսում գտնվում է քարե խաչկալ, որի վրա պահպանվել է պատմական մի արժեքավոր արձանագրություն.
«ԹՎԻՆ։ ՌՃՁԵ (1736 թվական)։ Այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք Եկանն․ յիշատակ է հոգոյն իւրոյ․ ով կարդայ մեկ բերան Աստուած ողորմի ասէ» [1]։
Սակայն սրբավայրի պատմությունն ավելի խորն է գնում: Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ Սուրբ Հովհաննես սրբավայրը վերակառուցվել է 13-րդ դարում [1]։
Տողի Սուրբ Հովհաննես և Սուրբ Ստեփանոս սրբավայրերում առկա են շատ ավելի հնագույն սրբավայրի գոյությունը հաստատող իրական ապացույցներ։ Երկու սրբավայրերում էլ բեմի աջ կողմում՝ խորանի մուտքի դիմաց՝ դահլիճի մակարդակից քիչ բարձր, նշմարվում է հաստահեղույս սյան խարսխի զանգված։
Իշխանական Դամբարանատունն ու Աշտարակը
Սրբավայրի միակ մուտքը արևմտյան կողմից է, որը բացվում է դեպի պարսպապատ բակ: Բակի հարավարևմտյան անկյունում վեր է խոյանում շրջանաձև աշտարակը, որտեղից բացվում է Տող գյուղի հիասքանչ համայնապատկերը։
Պատմական գրականության մեջ վկայվում է, որ սրբավայրի հյուսիսարևմտյան պատին կից եղել է նեղ ու երկար մատուռ։ Այն հանդիսացել է դամբարան, որտեղ ամփոփված են եղել իշխաններն ու սեպուհները, այդ թվում՝ իշխան Եգանն ու նրա որդին՝ իշխան Եսային [2]։ Ներկայումս իրենից մատուռ-դամբարանատուն ներկայացնող գավիթը չի պահպանվել։
Սրբավայրի բակում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր՝ արժեքավոր
վիմագրություններով։ Դրանց արժեքը ոչ միայն պատմական կոնկրետ դեմքերի ու դեպքերի մասին վկայող արձանագրություններն են, այլև բարձրարվեստ քանդակազարդերը, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնելու երկրամասի բնակիչների մշակութային-գեղարվեստական պատկերացումների և ազգագրական առանձնահատկությունների ընդհանուր պատկերը։
IX-X Դարերի Խաչքարը
Սուրբ Հովհաննես սրբավայրից 200 մետր հեռավորության վրա գտնվել է IX-X դարերի խաչքար, որը կազմված է լայն քարից, չունի պատվանդան և կամարաշրջանակ։ Քարի վրա պատկերված է երեք խաչ, որոնցից կենտրոնինն ավելի մեծ է, իսկ խաչքարի թևին քանդակված են վազի ճյուղեր՝ կախված ողկույզներով [3]։
Ծանոթագրություններ
Մ. Բարխուդարյան, Արձախ, Բաքու, 1895, էջ 74-75:
Մատենադարան, Արձախ, ձեռագիր, էջ 10:
Մկրտչյան, Շահեն (1985). Արձախի /Լեռնային Ղարաբաղի/ Պատմաճարապետական Հուշարձաններ. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 97–98:
Комментарии
Отправить комментарий