«Բայց եկող կա...»
Այսօր առավոտյան հերթական անգամ մի փոքրիկ տեսարանի ականատես եղա։ Հանրակառքը (վաղուց ժամանակն է ավտոբուսի փախարեն կիրառել այս գեղեցիկ բառը ) կանգառում արդեն պատրաստվում էր շարժվել։ Այդ պահին մոտ յոթանասուն մետր հեռավորությունից մի երիտասրադ կին վազում էր՝ փորձելով հասնել հանրակառքին։ Վարորդը, հավանաբար, չէր նկատել նրան և շարժեց հանրակառքը։ Եթե սրահից մի ուղևորուհի բարձրաձայն չասեր՝
— Բայց եկող կա...
թերևս հանրակառքը կշարունակեր ճանապարհը՝ թողնելով վազողին կանգառում։
Առաջին հայացքից սա ընդամենը կենցաղային դրվագ է։ Սակայն նման մանրուքներն են ցույց տալիս, թե որքան ուշադիր ենք միմյանց նկատմամբ, որքան ենք զգում կողքինի ներկայությունը և որքան ենք պատրաստ մեկ վայրկյան հատկացնել մեկ ուրիշ մարդու համար։
Մեր նախնիները մարդուն գնահատում էին ոչ թե միայն մեծ գործերով, այլև առօրյա վարքով։ Հայ ընտանիքներում երեխաներին փոքրուց սովորեցնում էին ճանապարհ տալ մեծին, օգնել ծերունուն, սպասել հետ մնացողին, հյուրին նստեցնել պատվավոր տեղում, հացը կիսել անծանոթի հետ։ Այս սովորույթները պարզապես քաղաքավարություն չէին. դրանք ներքին մշակույթի արտահայտություն էին։
Հայ մարդը միշտ էլ ուժեղ է եղել ոչ միայն իր քաջությամբ, այլև իր բարությամբ։ Եթե գյուղի ճանապարհին մեկը հետ էր մնում, նրան սպասում էին։ Եթե մարդը ծանր բեռ ուներ, օգնության էին հասնում։ Եթե մեկը շտապում էր, մյուսը հասկանում էր նրա դրությունը։ Այս ամենը ոչ ոք օրենքով չէր պարտադրում։ Դա խղճի օրենքն էր։
Այսօր հաճախ շտապում ենք այնքան, որ դադարում ենք նկատել իրար։ Մտածում ենք, թե մեկ րոպեն շատ թանկ է, բայց մոռանում ենք, որ այդ մեկ րոպեն կարող է ուրիշի համար նշանակել ժամանակին աշխատանքի հասնել, բժշկի չուշանալ կամ պարզապես ավելորդ հիասթափություն չապրել։Մեծ բարոյական անկումները սովորաբար սկսվում են փոքր անտարբերություններից։ Իսկ մեծ հասարակությունները կառուցվում են փոքր ուշադրություններից։ Երբ վարորդը մի պահ սպասում է վազող ուղևորին, երբ ուղևորը հիշեցնում է՝ «Բայց եկող կա», երբ երիտասարդը տեղ է զիջում տարեցին, երբ հարևանը բարևում է հարևանին, այդ պահին ամրանում է ոչ միայն մարդկային հարաբերությունը, այլև ազգի բարոյական հիմքը։
Գուցե այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է վերադառնալ մեր ազգային բարեկրթության այդ պարզ կանոններին։ Դրանք հնացած չեն։ Ընդհակառակը՝ ժամանակակից աշխարհի ամենամեծ պակասներից մեկն են դարձել։
Եկե՛ք հիշենք. ազգը միայն պատմությամբ ու հերոսներով չի ապրում։ Ազգը ապրում է նաև իր առօրյա վարքով։ Իսկ այդ վարքը սկսվում է շատ պարզ բառերից.
— Բայց եկող կա...
Թող այս խոսքերը մեզ համար լինեն ոչ միայն հանրակառքի կանգառում հնչող նախադասություն, այլև ազգային բարոյականության փոքրիկ, բայց կարևոր հիշեցում. տեսնել մերձավորին, հարգել նրան և, հնարավորության դեպքում, մի փոքր սպասել։ Հենց այդպիսի փոքր քայլերից են ծնվում մեծ ժողովուրդների մեծ արժանիքները։
Комментарии
Отправить комментарий