Երդումը պատասխանատվության անձնական ու ազգային ուխտ, թե ՞ բարոյական, հոգեբանական և պետական մշակույթի հարց
Հայոց պետականության հիմքում միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել երդումը։ Այն երբեք պարզապես հանդիսավոր խոսք չի եղել. երդումը եղել է անձի և հայրենիքի, մարդու և Աստծո, պաշտոնի և խղճի միջև կնքվող ուխտ։ Այդ պատճառով էլ երդումը ոչ միայն իրավական, այլ առաջին հերթին բարոյական պարտավորություն է։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր նոր գումարման առաջին նիստում պատգամավորները տալիս են իրենց երդումը։ Սակայն արժե մի կարևոր հարց բարձրացնել. արդյո՞ք գործող արարողակարգը լիովին արտահայտում է երդման իրական խորհուրդը։
Այսօր երդման ամբողջական տեքստը բարձրաձայն ընթերցում է նիստը նախագահող ամենատարիքով պատգամավորը, իսկ մյուս պատգամավորները վերջում միասին արտասանում են ընդամենը երկու բառ՝ «Երդվում ենք»։
Իրավական առումով, անշուշտ, երդումը համարվում է տրված։ Սակայն
բարոյահոգեբանական տեսանկյունից հարցը բոլորովին այլ է։
Երբ մարդն անձամբ չի արտասանում իր պարտավորությունների յուրաքանչյուր նախադասությունը, երդման ազդեցությունը զգալիորեն թուլանում է։ Խոսքը դառնում է հավաքական, իսկ պատասխանատվությունը՝ կարծես անանուն։
Հոգեբաններն ու իրավագետները վաղուց են արձանագրել, որ սեփական շուրթերով արտասանված խոստումը մարդու ներքին պարտավորության զգացումը բազմապատիկ ուժեղ է ձևավորում, քան պարզապես ընդհանուր հաստատումը։ Այդ պատճառով էլ աշխարհի բազմաթիվ պետություններում երդման ամբողջական տեքստը յուրաքանչյուր պաշտոնատար անձ արտասանում է անձամբ։
Հայ ազգի պետական և իրավական ավանդույթները ևս մեզ հուշում են այլ ճանապարհ։
Պատահական չէ, որ մեր միջնադարյան իրավական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը՝ Դատաստանագիրք, իրավունքը դիտարկում էր ոչ միայն որպես օրենքների ամբողջություն, այլև որպես բարոյական արդարության հաստատման միջոց։ Մխիթար Գոշի համար դատաստանը նախևառաջ խղճի և ճշմարտության խնդիր էր։
Հետևաբար կարելի է պատկերացնել մի արարողակարգ, որն ավելի խոր ազգային և պետական խորհուրդ կունենա։
Երդման արարողությանը կարող էր մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ներկայացուցիչը՝ իր առջև ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»՝ որպես հայ իրավական մտքի պատմական խորհրդանիշներ։
Այնուհետև յուրաքանչյուր պատգամավորը ոչ թե միայն վերջում ասեր «Երդվում ենք», այլ ամբողջ դահլիճը նախադասություն առ նախադասություն կրկներ երդման ամբողջ տեքստը՝ յուրաքանչյուր հատվածից հետո միասնական արտասանելով.
— Երդվում ենք։
Այդ դեպքում երդումը կդադարեր լինել ձևական արարողություն և կդառնար յուրաքանչյուր պատգամավորի անձնական խոստումը սեփական ժողովրդի առաջ։
Շատերը կարող են ասել, թե սա ընդամենը խորհրդանիշ է։ Սակայն
պետությունները հենց խորհրդանիշներով են ձևավորում քաղաքական մշակույթը։
Լավ օրինակ է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը։ Այնտեղ խորհրդարանի յուրաքանչյուր նորընտիր անդամ, նախքան իր լիազորությունների իրականացումը, անձամբ մոտենում է և անհատապես արտասանում է երդման ամբողջական տեքստը կամ տալիս է հանդիսավոր հավաստում։ Միայն դրանից հետո նա ձեռք է բերում խորհրդարանական լիարժեք իրավունքներ։ Արարողությունը կատար-վում է դարավոր ավանդույթներով և ընդգծում է, որ պատասխանատվությունը չի կարող լինել հավաքական. այն միշտ անհատական է։
Նույն սկզբունքը գործում է նաև բազմաթիվ այլ ժողովրդավարական երկրներում, որտեղ պաշտոնի ստանձնման երդումը յուրաքանչյուր պաշտոնատար անձ տա-լիս է սեփական անունից՝ ամբողջ տեքստը անձամբ արտասանելով։
Հայաստանում Հանրապետությունում ևս կարելի է վերանայել գործող արարո-ղակարգը՝ առանց փոխելու երդման իրավական բովանդակությունը։ Երբ պատ-գամավորը սեփական շուրթերով արտասանի յուրաքանչյուր բառ, ավելի դժվար կլինի տարիներ անց մոռանալ այդ խոստումը։
Իհարկե, երդումը ինքնին չի կարող երաշխավորել, որ որևէ պաշտոնյա երբեք չի շեղվի իր պարտականություններից։ Սակայն ճիշտ կազմակերպված երդման արարողությունը կարող է դառնալ պետական պատասխանատվության մշա-կույթի կարևոր բաղադրիչ։
Գուցե ժամանակն է վերադառնալու մեր ազգային իրավական մտածողության այն սկզբունքին, որի համաձայն պաշտոնը ոչ թե արտոնություն է, այլ ծառայու-թյուն, իսկ երդումը՝ ոչ թե ձևականություն, այլ խղճի ու պետության միջև կնքված անձնական ուխտ։
Հնարավոր է, որ ապագայում նման մոտեցումը ոչ միայն բարձրացնի Ազգային ժողովի երդման խորհրդանշական արժեքը, այլև նոր շունչ հաղորդի հայկական պետական իրավական ավանդույթներին՝ հիշեցնելով, որ արդարադատության և պետական պատասխանատվության արմատները շատ ավելի խորն են, քան մեր օրերի քաղաքական ընթացիկ շահերը։
Комментарии
Отправить комментарий